Մատչելիության հղումներ

«ՀՀ ԶՈւ-ն լավ արդյունքներ են ցույց տալիս, և մարտական գործողություններում ունենք առավելություններ»


ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, 16 հուլիսի, 2020թ.
ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, 16 հուլիսի, 2020թ.

«Ադրբեջանը խախտել է բոլոր հնարավոր միջազգային կոնվենցիաները»

Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Արարատ Միրզոյանի համոզմամբ` Ադրբեջանը խախտել է բոլոր հնարավոր միջազգային կոնվենցիաները` գնդակոծության ենթարկելով նաև Հայաստանի քաղաքացիական բնակչությանը։ Միրզոյանն ընդգծեց՝ արկերից մի քանիսն ընկնել են տների վրա, վնասվել է նաև Այգեպարի մանկապարտեզը։

Այս ամենի մասին Հայաստանի արտգործնախարարությունը, ինչպես նաև Ազգային ժողովը պարբերաբար և մանրամասն տեղեկացնում են միջազգային գործընկերներին. - «Ես իրադարձությունների մասին տեղեկացնող նամակներ եմ ուղարկել Եվրոպական պառլամենտի նախագահին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին, ԵԽԽՎ նախագահին, ինչպես նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերներին», - ասաց ԱԺ նախագահը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, 16 հուլիսի, 2020թ.
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, 16 հուլիսի, 2020թ.


Անդրադառնալով ՀԱՊԿ հայտարարությանը` Արարատ Միրզոյանն ասաց, որ այն, ըստ էության, խաղաղություն հաստատելու կոչեր էր պարունակում։ ՀԱՊԿ գործընկերներն, ըստ Միրզոյանի, տեղեկացված են, որ Հայաստանի զինված ուժերը լիովին վերահսկում են իրավակիճակը, և որևէ միջամտության կարիք չկա։

Պատասխանելով հարցին, թե որոնք են Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու պատճառը, և ինչ նպատակ են դրանք հետապնդում, Ազգային ժողովի նախագահն ասաց, թե տեսակետներ կան, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունների պատճառը այդ երկրի ներսում հասունացող ներքաղաքական խնդիրներն են, և Ադրբեջանի ղեկավարությունը այս կերպ փորձում է պարպել իրենց դեմ հասունացած հանրային դժգոհությունը և այն ուղղել հայերի դեմ. - «Սա շատ հատկանշական է, որ այս օրերին տեղի ունեցող գործողությունները նույնիսկ որևէ կերպ Արցախին չեն առնչվում, այլ հենց Հայաստանի Հանրապետության սահմանի ուղղությամբ են»:

Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսոն ներթափանցման փորձերին, հիշեցնում է՝ նման փորձեր արվում էին նաև 2016-ին, բայց այսօր հայկական բանակի հնարավորությունները միագամայն այլ են. - «Այն ժամանակ մեր բանակի կառավարելիության մակարդակը, չեմ կարծում, եղել է այնպիսին, ինչպիսին հիմա թե՛ սպառազինության, թե՛ կառավարելիության, թե՛ նաև զգոնության առումով: Այնպես որ, զգոնությունն ակնհայտ է, նաև 3-րդ մեր կորպուսի մարտական վիճակն ակնհայտ է, և ինժեներական մեր կարողությունների ավելացումը տեսանելի է: Դուք տեսնում եք, որ բանակն իր առջև դրված խնդիրն ինքնուրույն առանց մոբ (մոբիլիզացիոն) ռեսուրսի պահանջի իրականացնում է վստահ և ունի ոչ միայն մարտավարության լուրջ ձեռքբերումներ, այլ նաև ունենք հակառակորդի տեխնիկայի ոչնչացված շատ ազդեցիկ տեխնիկական միջոցներ, որոնք խոսում են, որ մենք այս ընթացքում պարապ չենք նստել, և մեր զինված ուժերն իրենց կարողություններն ավելացրել են: Եվ ես կարծում եմ, որ հատկապես այն հատվածում, որտեղ հիմա գնում են ռազմական գործողությունները, նախկինում այդ հատվածի ղեկավար եղել է այսօրվա մեր գլխավոր շտաբի պետը` Օնիկ Գասպարյանը, որը շատ լավ տիրապետում է ամբողջ պաշտպանական համակարգին իր դրսևորումներով, ինժեներական կառույցներով, անձնակազմով, լավ արդյունքներ են ցույց տալիս, և կարող ենք ասել, որ լոկալ այս մարտական գործողությունների տիրույթում այս պահի դրությամբ ունենք արձանագրված առավելություններ»:

Պատասխանելով մեր հարցին, թե արդյոք վտանգ կա՞, որ ռազմական այս գործողությունները կարող են վերաճել պատերազմի, Պաշտպանության հանձնաժողովի նախագահն ասաց, թե այդ ռիսկը առկա է, որովհետև դեռևս պարզ չէ, թե հակառակորդն ինչպիսի պլանավորված գործողություններ ունի. - «Եվ պատերազմն իր մեջ պարունակում է լուրջ ռիսկեր. սկսելը մի բան է, կանգնելը` մեկ այլ բան: Եվ եթե հանկարծ, Աստված չանի, փորձեն լայնածավալի, բնականաբար մենք էլ պետք է մտնենք լայնածավալ պատերազմի մեջ, որի համար մեր երկիրը պատրաստ է այնքանով, որ ունի կառավարելի պետական կառույցներ: Ամենամեծ առավելությունը, որ ժողովուրդը վստահում է կառավարությանը և պատրաստ է կառավարության որոշումներով նաև դառնալ մոբ ռեսուրս այդպիսի լայնածավալ խնդիրներին էֆեկտիվ լուծման համար»:

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Ադրբեջանը որոշեց ռազմական գործողություններ սկսկել հենց Հայաստանի հետ սահմանին և կոնկրետ Տավուշի հատվածում, այս հարցի պատասխանը Պաշտապանության հանձնաժողովի նախագահն ունի, սակայն այս պահին ճիշտ չի համարում բարձրաձայնել:

«Վերջին օրերին փայլուն աշխատանք է տարվել մեր կողմից նաև դիվանագիտական առումով»

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան, 16 հուլիսի, 2020թ.
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան, 16 հուլիսի, 2020թ.


Ի դեպ, այն, որ Ադրբեջանում քաղաքական անկայուն վիճակ է, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի համոզմամբ` ցույց են տալիս են նաև Ադրբեջանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում` արդեն նախկին արտգործնախարար Մամեդյարովի հասեցին Ալիևի հնչեցրած կոշտ հայտարարությունները։ Ըստ Ռուբինյանի` Ալիևի գնահատականները լավագույն կերպով ցույց են տալիս հայկական դիվանագիտության աշխատանքի արդյունավետությունը. - «Ալիևն իր քննադատության մեջ ասում էր` ես հանձնարարականներ եմ տվել մեր դիվանագետներին, բայց բավարար չեմ գնահատում աշխատանքը, մենք պաշտպանողական ենք եղել: Սա, կարծում եմ, լավագույն գնահատականն է մեր` Հայաստանի դիվանագետների, հայկական դիվանագիտության, ներառյալ խորհրդարանական դիվանագիտության, որովհետև սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ վերջին օրերին փայլուն աշխատանք է տարվել մեր կողմից, և հակառակորդը հաջողություններ չի գրանցել ոչ միայն ռազմական առումով, այլ նաև դիվանագիտական առումով»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG