Քոչարյանի փաստաբանները պահանջում են կասեցնել գործն ու դիմել ՍԴ

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների այսօրվա դատական նիստին ներկայացվեց հերթական միջնորդությունը։

Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի փաստաբաններն այսօր քննված միջնորդությունները դեռ մեկ տարի առաջ են ներկայացրել դատարան, այն ժամանակ, երբ այս գործը քննում էր դատավոր Դավիթ Գրիգորյանը։

Փաստաբանները այս միջնորդություններով դատարանին խնդրել են կասեցնել գործի քննությունն ու դիմել Սահմանադրական դատարան՝ խնդրելով ստուգել Քրեական օրենսգրքի 300 հոդվածի նախկին, արդեն չգործող տարբերակի սահմանադրականությունը։ Թեև դեռ մեկ տարի առաջ Սահմանադրական դատարանը մերժել էր այս հարցի վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի և Քոչարյանի դիմումները, սակայն Քոչարյանի պաշտպանները կրկին փորձում են հարցը հասցնել Բարձր դատարան։

Հատկանշական է, որ Քոչարյանին մերժելով՝ դեռ 2019-ի հունիսին Բարձր դատարանը գրել է, որ իրավաբանական ուժը կորցրած դրույթների մասին կողմերից մեկի դիրքորոշումը դեռ չի նշանակում, որ դրանք կարող են տեղ գտնել ապագա որոշումներում, ինչն էլ մերժման պատճառ է դարձել։

Բայց, ըստ փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ ի հայտ են եկել նոր հանգամանքներ. – «Նույնաբովանդակ չի ստացվում: Որովհետև հատուկ նշեցինք, որ տարբերություն կա նախորդի ու ներկայի մեջ: Որովհետև նախորդի ընթացքում որևիցե դատավարական փաստաթուղթ չի եղել, որի մեջ ուղղակի 300 հոդվածը նշված լիներ, իսկ էս պարագայում արդեն դատախազությունը դրանից հետո դատական նիստերի ընթացքում արտահայտել է դիրքորոշում, որ այո, 300-ը կա»:

Իշխանության յուրացման մասին Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը փոփոխվել է 2008-ի մարտյան արյունալի իրադարձություններից մեկ տարի անց։ Ըստ էության, այդ փոփոխությամբ ընդունվել են երկու նոր հոդվածներ, որոնցից մեկը սահմանադրական կարգը տապալելու մասին 300.1 հոդվածն է, որով էլ մեղադրվում է Քոչարյանը։

Ամբաստանյալի փաստաբանները պնդում են, որ եթե այս հոդվածն իրենց պաշտպանյալի նկատմամբ կիրառվեր մինչև փոփոխվելը, այն խնդիր կունենար Սահմանադրության հետ, քանի որ անորոշ էր և չէր կարող հստակեցնել, թե, օրինակ, իշխանության գլխին գտնվող Ռոբերտ Քոչարյանը և այդ օրերին Զինված ուժերի շտաբի պետ, պաշտպանության փոխնախարար Սեյրան Օհանյանը ինչպես կարող էին պատասխանատվության կանչվել իշխանության յուրացման համար։

Սահմանադրական կարգը տապալելու և մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող, մոտ մեկ ամիս առաջ 2 միլիարդ դրամ գրավով կալանքից ազատ արձակված նախկին նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատարանում նկատեց՝ ճիշտ է, իրենց պաշտպանյալներին մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի նոր՝ 300.1 հոդվածով, բայց դատարանն այժմ պետք է գնահատի՝ արդյո՞ք այս հոդվածը համապատասխանում է նախկին հոդվածին, քանի որ մեղսագրվող արարքի ժամանակ գործում էր հենց այդ հոդվածը՝ իշխանության յուրացումը:

Սահմանադրական դատարանում կա մի դիմում, որը դեռ մեկ տարի առաջ ուղարկել է դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Հարցը Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների մեղադրանքին՝ սահմանադրական կարգը տապալելու մասին 300.1 հոդվածին է վերաբերում։ Նախկին նախագահի փաստաբանները բազմիցս են պնդել, թե ներկայիս Քրեական օրենսգրքի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին 300.1 հոդվածն իր հանցակազմով 2008-ին չի եղել, հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարող այդ հոդվածով մեղադրվել։ Հարցը բարձր դատարանում դեռ չի քննվել ու հայտնի չէ, թե երբ կքննվի։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն, ի դեպ, վերջերս հետ էր վերցրել իր նույնաբովանդակ դիմումը։ Ինչո՞ւ են փաստաբաններն այժմ դատավոր Աննա Դանիբեկյանին առաջարկում դիմել մի կառույցի, որից հետ վերցրեցին դիմումը:

Հովհաննես Խուդոյան. – «Սա մեր գանգատը չի, մենք չենք դիմում ՍԴ-ին: Մենք դատարանին ենք միջնորդում: Ստեղ խնդիրը նաև ուրիշ ա: Մենք ակնկալիք ունենք նույնիսկ էն պարագայում, եթե դատարանը կարա մերժի էս միջնորդությունը, ինքը ամեն դեպքում պետք ա պատճառաբանված դատական ակտ տա»:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը, մինչդեռ, դատավորին խնդրեց մերժել այս միջնորդությունները։ Նա հիշեցրեց, որ դեռևս 2008-ի դեպքերից հետո միջազգային կառույցները, մասնավորապես Եվրոպայի խորհուրդը, Հայաստանի իշխանություններին հորդորել էր բանտերից ազատ արձակել նրանց, ովքեր բռնի գործողություններ չեն կատարել և անազատության մեջ էին հայտնվել առերևույթ քաղաքական դրդապատճառներով։

«Օրենսդրական փոփոխություններին նախորդած եվրոպական կառույցների արձագանքից և փոփոխությունների ամբողջ ընթացքում դրանց ներկայացումից շատ պարզ է, որ եվրոպական կառույցները. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ոչինչ չեն ասել Քրեական օրենսգրքի 300 հոդվածով նախատեսված հանցակազմի, 300 հոդվածով նախատեսված նորմի անորոշության մասին: Ավելին ասեմ, եթե մենք հիմա համարենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը այդպիսի մոտեցում է ունեցել, մենք առնվազն մի հարց կունենանք, որին նախորդ անգամ էլ նման միջնորդության քննարկման ժամանակ չենք կարողացել պատասխանել, հիմա էլ վստահաբար չենք կարողանա պատասխանել: Ստացվում է, որ ԵԽԽՎ-ն արձանագրել է, որ կիրառելի նորմը անորոշ է, ԵԽԽՎ-ն վստահաբար գիտի չէ՞, որ անորոշ նորմը չի համապատասխանում օրենք հասկացության միջազգային չափանիշներին»:

Հաջորդ դատական նիստը հուլիսի 21-ին: