Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի գործով դատական նիստն ընդմիջվեց մինչև հուլիսի 7-ը


Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով դատական նիստին փաստաբանները հայտարարեցին, թե դատարանում ապահովված չեն անվտանգության կանոնները, ինչը վտանգավոր է կորոնավիրուսի տարածման համար։

Այսօր սպասվում էր, որ դատարանը կքննի անցած նիստին դատախազների ներկայացրած միջնորդությունը, որով պահանջվում է սահմանափակել դատական նիստի նախապատրաստական մասը, երբ փաստաբանների կողմից տարատեսակ միջնորդություններ ներկայացնելու պատճառով դատաքննության փուլ թևակոխել չի ստացվում:

Դատարանը ընդմիջում հայտարարեց՝ նիստերի դահլիճը նոր կանոններին հարմարեցնելու համար։ Նիստը կշարունակվի հուլիսի 7-ին։

Մինչ այդ, Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ շփվել է վարակակրի հետ, իր թեստը բացասական է եղել. – «Չնայած բժշկական գաղտնիք է և այլն, և այլն, բայց ես էսքան մանրացա, որ տարբեր շահարկումներից խուսափենք: Ես ինքս հասկանալով, որ կարող ա խնդրահարույց լինի, էս պահին տեղ չեմ զբաղեցրել, և էս ամեն ինչը ներկայացնելով դատարանին... քննարկեք, հնարավոր համարում ենք, թե չէ»:

Վերջերս գրավով կալանքից ազատ արձակված պաշտոնաթող նախագահի փաստաբանները միացան Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի փաստաբանների պահանջին՝ այնպես անել, որ դատական նիստերի դահլիճում ապահովվի սոցիալական հեռավորությունը։

Հայկ Ալումյանն ասաց, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են ընդմիջում խնդրել, որպեսզի մոտենան իրենց պաշտպանյալին և խորհրդակցեն նրա հետ այս կամ այն հարցով. – «Բայց քանի դեռ դատարանը էդ հնարավորությունը մեզ չի տվել, որ էդ սոցիալական հեռավորությունը պահենք, ոչ միայն պարոն Պողոսյանից, [այլև] մեզանից յուրաքանչյուրս յուրաքանչյուրիցս, ապա ես կարծում եմ, որ էս դատավարությունը, ընդհանրապես էս կարգը, որով հիմա սա ընթանում է, ընդհանրապես ուղիղ հակասում է էն բոլոր հայտարարություններին, որ մենք ամեն օր մեր գործադիր իշխանությունից լսում ենք»։

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստերն անցկացվում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, որի նիստերի դահլիճն ամենամեծն է։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հարցրեց՝ եթե մի մասը տեղափոխվի դահլիճի մյուս հատված, հնարավոր է այդպես շարունակել նիստերը։ Ի պատասխան Քոչարյանն ասաց, որ հնարավոր չի համարում՝ առաջարկելով կես ժամով ընդհատել նիստն ու ախտահանել նիստերի դահլիճը։ Դանիբեկյանն ասաց, թե դա տեխնիկապես հնարավոր չէ:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանն համաձայնեց, որ սոցիալական հեռավորությունը պետք է պահել, բայց իր մոտ այլ տպավորություն է ստեղծվում. – «Տպավորություն է ստեղծվում, որ մենք գործ ունենք դատական նիստերն անհնարին դարձնելու նոր մոտիվի հետ: Ինչո՞ւ: Որովհետև խոսում ենք արդեն դատական նիստերի դալիճն ախտահանելու վիճակագրության մասին: Մենք կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում ապրում ու աշխատում ենք արդեն մի քանի ամիս, և էսպիսի հարցեր, չգիտես ինչի, չէին քննարկվում»:

Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ դատական դեպարտամենտը պետք է ապահովեր նիստերի դահլիճում անվտանգության կանոնները առանց իրենց այսօրվա հայտարարության, և իրենց այսօրվա առաջարկը չի նշանակում, որ փորձում են հետաձգել նիստերը։ Հիշեցրեցին, որ մարտ ամսից սկսած նիստերը հետաձգվում էին ոչ թե իրենց, այլ դատավոր Աննա Դանիիբեկյանի արձակուրդի պատճառով։

Փաստաբան Հովհաննես Խուդոյան․ - «Եթե նույնիսկ այդպես ա, դա պաշտպանական կողմի դիտավորությունը չի։ Եթե դատարանը նման խնդիր իր առջև դրել է, այո, կարող է լինել այնպես, որ դատարանը չի ցանկանում դատական նիստեր անցկացնել։ Որովհետև սա այնպիսի պարզ խնդիր ա, որը կարիք չունի, որ ինչ-որ մեկը տեղից ելնի ու միջնորդի ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, կամ ապահովել անձանց կյանքն ու առողջությունը, կամ ապահովել ձայնային արձանագրությունը, կամ ապահովել նվազագույն տեխնիկական պայմանները, որով հնարավոր է դատական նիստ անցկացնել»:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների համար սահմանադրական կարգը տապալելու և մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահը կալանքից 2 միլիարդ գրավով ազատ արձակվեց 11 օր առաջ։ Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում, ավելին, նա պնդում է, թե ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Այս գործով անցնող նրա երեք ենթակաները ևս ազատության մեջ են։

XS
SM
MD
LG