Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր մերժեց դատախազության միջնորդությունը, որով մեղադրող կողմը խնդրում էր անցնել դատաքննության՝ հնարավորություն տալով իրենց հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ միջնորդությունը չի կարող բավարարվել օրենքում նման կարգավորումների բացակայության պատճառով։
Շաբաթներ առաջ դատախազ Գևորգ Բաղդասարյանն էր նման միջնորդությամբ հանդես եկել՝ պնդելով, թե փաստաբանների վարքագծում առկա է իրավունքի չարաշահում, երբ նրանք հանդես են գալիս տարատեսակ միջնորդություններով, և խնդրել էր դատարանին դատաքննության անցնելով՝ իրենց հնարավորություն տալ հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Հենց տեղում խորհրդակցելով՝ դատավորը նաև հայտարարեց, որ փաստաբանների կողմից նման վարքագիծը չի կարող հիմք դառնալ սահմանափակելու նախնական դատական նիստերն ու միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը։
Այսօրվա դատական նիստին Քոչարյանի և մյուս ամբաստանյալների փաստաբանները հայտարարեցին, որ նախ իրենք չեն ձգձգում դատավարությունը, բացի այդ, միջնորդություններ ներկայացնելն իրենց իրավունքն է։
Սահմանադրական կարգը տապալելու և մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնաթող նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց իրենց վիճակագրությունը և պնդեց, որ անցած տարվանից մեկնարկած դատական նիստերը ձգձգվել են ոչ իրենց պատճառով։ Ալումյանի խոսքով, դատավոր Դավիթ Գրիգորյանին այս գործը մակագրվելուց հետո, երբ նրա լիազորությունները կասեցվեցին դատավորին այլ քրեական գործում մեղադրյալ ներգրավելու պատճառով, գործը Աննա Դանիբեկյանին մակագրվեց ժամկետների խախտմամբ։ Հետո արդեն դատավոր Աննա Դանիբեկյանը երկու անգամ արձակուրդ գնաց, մեկ անգամ էլ աշխատանքի չներկայացավ առողջական խնդիրների պատճառով։
«Այս թվերը գումարելով իրար` փաստենք, որ 2020 թվականի մայիսի 8-ի դրությամբ, երբ դատավոր Դանիբեկյանը վերջապես վերադարձավ արձակուրդից, սույն քրեական գործը արդեն դատարանում էր գտնվում 376 օր, որից 201 օր գործը առհասարակ չի քննվել մեկ դատավորից մյուս դատավորին փոխանցվելու, նախորդ դատավորի կողմից կատարված դատավարական գործողությունները փաստացի չեղարկելու, դատավոր Դանիբեկյանի տարբեր պատճառներով աշխատանքի չներկայանալու հետևանքով», - հավելեց Հայկ Ալումյանը:
Մինչդեռ դատախազ Գևորգ Բաղդասարյանը շեշտեց, որ իրենք իրավունքի սահմանափակման մասին չեն խոսում։ Խոսում են դատական նսիտերը տապալելու մասին։ Բաղդասարյանը մեկ օրինակ բերեց այսօրվա նիստից. – «Էլի լսեցինք Համմերբերգի մասին, ԵԽԽՎ-ի բանաձևերի մասին, որոնք ներկայացված են եղել նաև նույն Կարեն Մեժլումյանի կողմից, արդեն իսկ ներկայացված, քննարկված քրեական գործի վարույթը կարճելու մասին միջնորդության մեջ: Այդ փաստարկները, որոնք ներկայացվել էին և պիտի ներկայացվեն, եթե դատարանը մեր միջնորդություն կմերժի, մենք լսել էինք: Էսօր էլ լսեցինք: Ընդ որում, տասը րոպեն լրացնելու և էդ տասը րոպեն հագեցնելու և ի սկզբանե որդեգրած սկզբունքը պահպանելու նպատակով, արվեց հենց էդպես: Հենց սա է իրավունքի չարաշահումը»:
Դատական նիստից հետո փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ դատական նիստերի ձգձգման մասին խոսող դատախազների այս միջնորդությունը քննարկվեց երկու դատական նիստերի ընթացքում. – «Հետևաբար այն պնդումը, որը մենք կատարում ենք, իրականում այսպիսի գործիքակազմ Քրեական դատավարության օրենսգրքում չկա` իրավունքի չարաշահում, կամ միջնորդություններից այնպես անել, որ ստիպված չկարանանք ներկայացնել, զրկելու նման գործիքակազմ չկա: Եվ ես ձեզ վստահեցնում եմ` մենք այս ժամանակահատվածում չենք զլացել, ուսումնասիրել ենք նաև միջազգային փորձը. դուք չեք գտնի աշխարհում մի երկիր, որ նման գործիքակազմ լինի: Եվ փառք Աստծո, որ նաև մենք այդպիսի նախադեպ, ամենավատ իմաստով եմ այդ բառի ասում, չի ստեղծվել: Բայց ուզում եմ ընդգծել նորից` մենք փաստացի երկու դատական նիստ կորցրել ենք այս միջնորդության վրա»։
Հաջորդ դատական նիստը հուլիսի 14-ին է։