Ֆաուչի․ «Չի բացառվում, որ առաջիկայում ԱՄՆ տարածքում օրական կորոնավիրուսի 100 հազար նոր դեպք արձանագրվի»

Լողափում զբոսնող մարդկանցից քչերն են կրում դիմակ, Կալիֆորնիա, 22-ը հունիսի, 2020թ.

Կորոնավիրուսով վարակվածների թվով Միացյալ Նահանգները շարունակում է համաշխարհային միանձնյա առաջատարը մնալ:

Ջոնս Հոփքինսի համալսարանի այսօր հրապարակած տվյալների համաձայն, ԱՄՆ տարածքում վարակակիրների թիվը գերազանցել է 2 միլիոն 600 հազարի ցուցանիշը։

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր համակարգողը՝ Համաճարակաբանության և ալերգիկ հիվանդությունների ուսումնասիրության ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին, սակայն, չի բացառում, որ վարակակիրների թիվը երկրում առաջիկա շաբաթներին էլ ավելի կմեծանա։ Նրա համոզմամբ՝ դրա գլխավոր պատճառը ամերիկացիների մի զգալի մասի կողմից համաճարակաբանական տարրական կանոնները չպահպանելն է։

«Դիտեք այն տեսագրությունները, որոնցում պատկերված են առանց դիմակների մարդիկ, մարդկային հոծ կուտակումներ, որոնց ընթացքում շրջանցվում են մեր կողմից հնչեցված բոլոր մանրակրկիտ հանձնարարականները։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, ես կարծում եմ, մենք դեռ կշարունակենք լուրջ խնդիրների բախվել։ Ես չեմ կարող հստակ կանխատեսումներ անել, սակայն պետք է արձանագրել՝ այսօր ԱՄՆ տարածքում օրական կորոնավիրուսի 40 հազարից ավելի նոր դեպք է արձանագրվում։ Եթե այսպես շարունակվի, ես չեմ զարմանա, որ մենք օրական 100 հազար նոր դեպք սկսենք ունենալ», - հայտարարել է Ֆաուչին։

Կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճը աստիճանաբար վերածվում է ԱՄՆ-ում թափ հավաքող նախագահական ընտրարշավի գլխավոր օրակարգային թեմաներից մեկը։ Նախօրեին իր հայրենի Դելավեր նահանգի Վիլմինգթոն քաղաքում հնչեցրած ելույթի ժամանակ առաջիկա ընտրություններում գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը՝ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, կասկածի տակ առավ դաշնային իշխանությունների և անձամբ Սպիտակ տան ղեկավարի հակահամաճարակային քաղաքականության արդյունավետությունը։

«[Ամիսներ առաջ] Թրամփն իրեն պատերազմական ժամանակաշրջանի նախագահ էր անվանում։ Այսօր արդեն հուլիս ամիսն է, և ի՞նչ է տեղի ունեցել։ Կարծես թե մեր պատերազմական ժամանակաշրջանի նախագահը հանձնվել է։ Ծածանելով սպիտակ դրոշը՝ նա լքել է մարտադաշտը», - նշել է Ջոզեֆ Բայդենը։

Աշխարհում վարակակիրների թվով երկրորդը շարունակում է մնալ Բրազիլիան։ Վերջին մեկ օրում լատինամերիկյան այս երկրում ավելի քան 33 հազար նոր վարակակիր է հայտնաբերվել։ Վարակակիրների ընդհանուր թիվը այսպիսով հասել է 1 միլիոն 400 հազարի, գրեթե 60 հազար մարդ մահացել է։

Այս ֆոնին երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարոն դաշնային իշխանությունների գործունեության հիմնական շեշտը դրել է տնտեսական հրատապ խնդիրների լուծման վրա։

Նախօրեին Բրազիլիայի նախագահը նոր հրամանագիր ստորագրեց, որով բնակչության առավել աղքատ խմբերը կշարունակեն կառավարությունից ուղղակի ֆինանսական օժանդակություն ստանալ՝ ամսական 100 դոլարի չափով։

«Ակնհայտ է, որ տնտեսության բնականոն գործունեության ապահովումը նման պայմաններում բավարար չէ։ Հարկավոր է նաև մարդկանց կենսական կարիքները հոգալ», - հայտարարել է Բոլսոնարոն։

Բրազիլացի վերլուծաբանների կարծիքով՝ բնակչության մի շարք խմբերին, այդ թվում՝ օրավարձով աշխատողներին և չգրանցված աշխատակիցերին հատկացվող ուղղակի ֆինանսական օժանդակությունը զգալիորեն ամրապնդել է Բոլսոնարոյի դիրքերը երկրի քաղաքական դաշտում։ Որոշ գնահատականների համաձայն, Բրազիլիայի նախագահի վարկանիշը աճել է հատկապես աղքատների շրջանում, որոնք մշտապես խիստ քննադատաբար էին տրամադրված նախագահի նկատմամբ։

Արևմտյան Եվրոպայում համաճարակաբանական իրադրությունը համեմատաբար կայուն է։ Առավել մտահոգիչ է իրադրությունը Մեծ Բրիտանիայում։

Անցած շաբաթավերջին կորոնավիրուսի տեղային բռնկում արձանագրվեց ավելի քա 300 հազար բնակիչ ունեցող Լեսթեր քաղաքում, որտեղ արդեն մեկ շաբաթ է ինչ գրանցում է Անգլիայում արձանագրվող դեպքերի 10 տոկոսը։

Կառավարության հրահանգով կրկին փակվել են քաղաքի բոլոր 4000 խանութները, 239 ռեստորաններն ու 182 փաբերը։ Այդ փաբերից մեկի տերը քաղաքում տիրող տրամադրությունները բնութագրեց ընդամենը մեկ բառով՝ «մղձավանջ»։

Կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին գլխավոր, եթե ոչ միակ հույսը մնում է պատվաստանյութի ստեղծումը։ ԱՄՆ գլխավոր համաճարակաբանի խոսքով՝ ինքն այս հարցում զգուշավոր լավատեսություն է ցուցաբերում։

«Մասնավոր ընկերությունների հետ աշխատանքը և Կոնգրեսի կողմից կատարված ներդրումները հաշվի առնելով, հույս կա, որ պատվաստանյութի առաջին չափաբաժինը պատրաստ կլինի մինչև հաջորդ տարվա սկիզբ», - ասել է Էնթոնի Ֆաուչին։