Մատչելիության հղումներ

Թրամփը խստորեն քննադատում է ցուցարարների բռնությունները. Օբաման օգնում է Բայդենի դրամահավաքին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆենիքսում, 23 հունիսի, 2020թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆենիքսում, 23 հունիսի, 2020թ.

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված նախագահական ընտրությունների քարոզարշավն ԱՄՆ-ում վերսկսվել ու աստիճանաբար թափ է հավաքում։ Վիրուսից բացի, ԱՄՆ-ում զանգվածային ևս մեկ բռնկում առաջացրին «Սևամորթի կյանքը նշանակություն ունի» կարգախոսով անցկացվող բողոքի ակցիաները, որոնք վերաճել են անկարգությունենրի և բռնարարքների։

Երկրում ընթացող իրադարձություններին տրամագծորեն հակառակ գնահատականներ են տվել նախագահ Դոնալդ Թրամփը և նախկին նախագահ Բարաք Օբաման: Անցած երկուշաբթի Դոնալդ Թրամփը նախընտրական հանդիպում անցկացրեց Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում, իսկ երեկ` Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում։ Այստեղ նա խոստացել է թույլ չտալ, որ ձախակողմյա ամբոխը երկիրը գցի քաոսի մեջ։ Նա մատնացույց է արել բռնարարքների դիմող ցուցարարներին։ Նրանք ի թիվս այլ արձանների ոչնչացման, հունիսի 22-ին փորձել էին տապալել Սպիտակ տան մոտ տեղադրված ԱՄՆ-ի 7-րդ նախագահ Էնդրյու Ջեկսոնի արձանը։

«Նրանք արձաններ են տապալում, պղծում հուշարձաններ, չեն հանդուրժում այլախոհներին։ Սա քաղաքական խաղաղ շարժման վարքագիծ չէ։ Սա բռնաճնշողների ու բռնակալների, մեր երկիրը չսիրող մարդկանց վարքագիծ է։ Նրանք չեն սիրում մեր երկիրը»,- Ֆենիքսում հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Նա նաև քննադատել է ընտրություններին փոստային ծառայություների միջոցով քվեարկելու տարբերակը։ «Դեմոկրատները նաև փորձում են կեղծել ընտրությունները` տասնյակ միլիոնավոր քվեաթերթիկներ ուղարկելով փոստի միջոցով, պատրվակ օգտագործելով չինական վիրուսը, որպեսզի ընտրողները չգնան քվեարկելու»,- հայտարարել է Թրամփը։

Նախկինում Թրամփը քննադատվել էր COVID-19 վիրուսը չինական անվանելու համար, Ֆենիքսում նա ասել է, թե վիրուսը մի քանի անվանումներ ունի` Ուհան, կորոնավիրուս, և մի տարբերակ էլ ինքն է նշել` «կունգ ֆլյու»։

Թրամփի նախընտրական հանդիպմանը զուգահեռ ցուցարարները դրսում բողոքի ակցիա են անցկացրել։ Ոստիկանությունը ցրել է նրանց, երբ ցուցարարները սկսել են փողոցներ փակել։

ԱՄՆ նախագահը և նրա նախընտրական թիմը հիմնականում անտեսում են կորոնավիրուսի համավարակը` հանդիպումներն անցկացնելով առանց սահմանափակող խիստ միջոցառումների։ Արիզոնայում երեքշաբթի արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 3 հազար 500 նոր դեպքերի «ռեկորդային» աճ։

Դեմոկրատների ճամբարում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նախագահական ընտրությունների քարոզարշավում առաջին անգամ հանդես եկավ դեմոկրատների թեկածու Ջո Բայդենի հետ միասին։ Ավելի վաղ նա հայտարարել էր Բայդենին աջակցելու մասին, իսկ հիմա նրա անմիջական ներգրավումն օգնեց 11 միլիոն դոլար հանգանակել Բայդենի նախընտրական պայքարի համար։

Երեկ անցկացված ինտերնետային դրամահավաքի արդյունքում 175 հազար դոնորների կողմից ստացվել է 7 միլիոն 600 հազար դոլար, ևս 3 միլիոն 400 հազար դոլար է բերել Օբամայի և Բայդենի օնլայն մասնավոր հանգանակությունը, որին մասնակցել են սահմանափակ դոնորներ։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Բայդենը և Օբաման դրամահավաքի օնլայն հաղորդմանը մասնակցում էին իրենց սենյակներից տեսակապի միջոցով։ Օբամայի խոսքով` իրեն լավատեսություն է ներշնչում ամբողջ երկրով մեկ «արթնացման փաստը», մասնավորպես երիտասարդների մոտ, որոնք ոչ միայն ասում են, թե մինչև կոկորդը կուշտ են անկազմակերպ ու հախուռն կառավարումից, որի ականատեսն ենք անցած մի քանի տարիներին, այլև որ նրանք պատրաստ են իրենց վրա վերցնել խորքային որոշ մարտահրավերների լուծումը, որոնց դարերի ընթացքում բախվել է երկիրը։

Մեկնաբանների կարծիքով` դրամահավաքի արդյունքները ցույց տվեցին, որ Օբաման դեռ մեծ հեղինակություն ունի դեմոկրատական կուսակցության անդամների և համակիրների մոտ և այդ ճամբարից կարող է առանցքային դերակատարություն ունենալ աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում։

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերը ամենաշատը արձանագրվել են ԱՄՆ-ում, գրանցվել է 2 միլիոն 300 հազար դեպք, ավելի քան 122 հազար մարդ մահացել է, մեկ միլիոնից ավելին բուժվել է։ Սա Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի իրավիճակի այսօրվա տվյալներն են։

XS
SM
MD
LG