Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացնում է` նոր կորոնավիրուսի տարածումը էլ ավելի է ակտիվացել. երեկ աշխարհում գրանցվել է 150 հազար նոր դեպք, ինչը օրական կտրվածքով մինչ այժմ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է` համավարակի բռնկումից ի վեր:
«Աշխարհը մտել է նոր` վտանգավոր փուլ», - հայտարարել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, կոչ անելով կառավարություններին չկորցնել զգոնությունը, հատկապես հիմա, երբ համաճարակի դեմ սահմանափակումներն աստիճանաբար վերացվում են, մարդիկ էլ հոգնում են դրա դեմ պայքարելուց:
Վարակակիրների օրական աճով առաջինն այժմ աշխարհում Բրազիլիան է, որի նախագահը համառորեն հրաժարվում էր կարանտին հայտարարել` թերագնահատելով այս վարակի վտանգավորությունը: Անցած մեկ օրում միայն այդ երկրում գրանցվել է 55 հազար նոր դեպք, ավելի քան 1200 մարդ մահացել է:
Ամերիկայում, որտեղ վարակակիրների թիվն անցել է երկու միլիոնից, մի շարք նահանգներում երկրորդ ալիքի նշաններ են երևում. Ֆլորիդայում, Արիզոնայում և Տեքսասում երկու շաբաթ է` նոր դեպքերի աճ է գրանցվում:
«Համերաշխությամբ ու համագործակցությամբ մենք կհաղթահարենք այս համաճարակը և ավելի պատրաստ կլինենք դիմագրավել համավարակներին ապագայում», - երեկ պնդել է ԱՀԿ ղեկավարը: