Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կորոնավիրուսի երկրորդ ալիքի թիրախը երիտասարդներն են


Կորոնավիրուսի տարածումից ուղիղ վեց ամիս անց գիտնականները նորանոր մանրամասներ են բացահայտում դրա տարածման առանձնահատկությունների ու առողջության վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ: Մի շարք երկրներում, այդ թվում` Միացյալ Նահանգներում, բժիշկներն ահազանգում են` համաճարակի երկրորդ ալիքը էականորեն տարբերվում է առաջինից:

«Հիմա արդեն վարակն ավելի շատ երիտասարդներին է ախտահարում», - ասում է Կալիֆորնիայի բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, դոկտոր Քլիֆորդ Վանգը` հավելելով. - «Համաճարակի սկզբում մենք ավելի շատ տարեց մարդկանց էինք ընդունում, հիմա, սակայն, հակառակ պատկերն ունենք` ավելի շատ երիտասարդներն են հոսպիտալացվում»:

Ըստ մասնագետների, նույն միտումն է արձանագրվում նաև Ֆլորիդայում, որտեղ նախօրեին նոր դեպքերի աննախադեպ աճ է արձանագրվել. մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է մոտ ինը հազարով` ստիպելով նահանգապետ Ռոն Դեսանտիսին զգոնության կոչ հնչեցնել. - «Մենք հիմա իսկապես, իսկապես մեծ թվով դրական թեստեր ունենք մեր երիտասարների շրջանում: Եվ վտանգն այն է, որ ախտանիշներ չունեցողներից շատերը դառնում են վարակը տարածողներ, ինչն էլ, իմ կարծիքով, դարձել է դեպքերի նման կտրուկ աճի պատճառ»:

Թե որն է վիրուսի «փոխակերպման ու երիտասարդացման» պատճառը, մասնագետները դեռ չգիտեն: Փոխարենը հիմա` Covid-19-ի դեմ պայքարից կես տարի անց, շատերն են արդեն գիտական փորձերի ու սեփական հետազոտությունների հիման վրա պնդում` այս վարակը շատ ավելի լուրջ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա, քան մասնագետները կարծում էին նախկինում: Եթե ի սկզբանե թվում էր, թե այն հիմնականում շնչառական համակարգն է ախտահարում, ապա հիմա արդեն հստակ է, որ կորոնավիրուսի թիրախ կարող են դառնալ նաև մյուս օրգանները, այդ թվում` սիրտը, լյարդն ու ուղեղը:

Պատճառն, ըստ մասնագետների այն է, որ այս վիրուսը մարդու օրգանիզմ է ներթափանցում ACE-2 ռեցեպտորների միջոցով, որոնք տեղակայված են ողջ մարմնով մեկ` քթանցքներից մինչև ստամոքս, սրտից մինչև ուղեղ: Այլ կերպ ասած` թշնամին ներթափանցելու ոչ թե մեկ, այլ տասնյակ դարպասներ ունի և հարձակվելիս ընտրում է` դրանցից որն է առավել քիչ պաշտպանված, կամ որտեղ է մարդու իմունիտետն առավել թույլ: Արդյունքում, հիվանդներից մեկը համուհոտի զգացողությունն է կորցնում, մյուսի դեպքում տեղի են տալիս երիկամները կամ լյարդը:

«Նյու Յորքում Covid-19-ով հոսպիտալացվածների ավելի քան մեկ երրորդի մոտ երիկամը վնասված էր», - ամիսներ շարունակված հետազոտություններից հետո ասում է նահանգի ամենամեծ բժշկական հաստատության` Northwell Health-ի Նոֆրոլոգիայի բաժանմունքի վարիչ, դոկտոր Կենար Ջհավերին. - «Մենք ուսումնասիրել ենք ավելի քան 5 հազար պացիենտների, որոնք ընդունվել են մեր 13 հաստատություններ մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում: Նրանց 36.6 տոկոսի մոտ արձանագրվել էր երիկամային անբավարարություն կամ երիկամի վնասվածք, 14 տոկոսի դեպքում ի հայտ է եկել հեմոդիալիզի անհրաժեշտոթյուն»:

Գիտնականները բացահայտել են նաև այս կորոնավիրուսի մեկ այլ` վտանգավոր առանձնահատկություն. որպես կանոն, վիրուսների մեծ մասը կամ արագ տարածվելու հատկություն ունի կամ ծանր հիվանդություններ առաջացնելու, մինչդեռ Covid-19-ի դեպքում հնարավոր է թե՛ մեկը, թե՛ մյուսը:

Օր-օրի առավել ծանրակշիռ են դառնում նաև փաստարկները դիմակների օգտակարության մասին: Կալիֆորնիայի շրջաններից մեկում` Riverside-ում, օրինակ, տեղի իշխանությունները վեց շաբաթ առաջ չեղարկել էին դրանք պարտադիր կրելու պահանջը, ինչից հետո նոր դեպքերի շարունակական աճ է սկսվել: Տեղի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Լեունգն ասում է` վարակակիրների թվում են նաև նրանք, ովքեր շաբաթներ առաջ պնդում էին` դիմակը որևէ մեկին չի կարող պաշտպանել. - «Իրականում դիմակ կրելիս յուրաքանչյուր անհատի դեպքում վարակման վտանգը նվազում է 60-80 տոկոսով, իսկ երբ բոլորն են կրում, մոտավորապես` 90 կամ ավելի: Եվ եթե սա է այս վարակի կանխարգելման դեղամիջոցը, ուրեմն պետք է բոլորը կրեն, և դա քննարկման առարկա չպետք է լինի»:

Համադրելով արդեն կես տարի հավաքվող փաստերը` գիտնականներն արձանագրում են` հստակ է, որ կորոնավիրուսը չի ընկրկում բարձր ջերմաստիճանի դեպքում, ինչպես շատերն էին ի սկզբանե ակնկալում, ոչ էլ հնարավորություն է տալիս դրա դեմ իմունիտետ ձևավորել: Վարակակիրների թվով Եվրոպայի ամենաառաջատար երկրներից մեկում` Շվեդիայում, ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ վարակվածներից առավելագույնը 10 տոկոսի մոտ են մնացել հակամարմիններ, ընդ որում, դեռ հստակ չէ` որքան երկար դրանք կպահպանվեն:

Միակ արդյունավետ և տևական լուծումը, ըստ մասնագետների, պատվաստանյութն է, որի վրա այժմ աշխատում են աշխարհի ավելի քան 120 գիտական խմբեր: Այս հարցում, սակայն, ոչ պակաս կարևոր է, որ պատվաստանյութը հասանելի դառնա բոլորին, որպեսզի մարդկությունը միանգամից և մեկընդմիշտ հաղթահարի այս մարտահրավերը: Հենց այդ նպատակով Եվրահանձնաժողովը` միջազգային մի շարք կառույցների հետ, մայիսից հատուկ դրամահավաք է սկսել, որի ընթացքում արդեն հանգանակվել է մոտ տասը միլիարդ եվրո: Մի քանի ժամ առաջ տրվեց նախաձեռնության վերջին ակորդը` գալա համերգը, որին մասնակցում են անվանի գիտնականներ, առաջնորդներ ու մի շարք աստղեր` Շակիրայից մինչև Դևիդ Բեքհեմ: Ուղերձը նույնն է` համախմբվենք հանուն ապագայի:

XS
SM
MD
LG