«Մենք բոլորս կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկելու». վարչապետ

Կառավարությունը կորոնավիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով համընդհանուր սահմանափակումների ծրագիր է մշակում, բայց դա կկիրառի միայն ծայրահեղ դեպքում, այսօր արտակարգ դրության պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միայն այն պայմաններում, եթե համոզված լինենք, որ 100 տոկոսով մենք ունենք մեխանիզմները, պատկերացնում ենք, գիտենք, թե մինչև ամենավերջին գյուղի ամենահեռավոր փողոցն ինչպես ենք դա պահելու: Եթե պարզվի, որ այդպիսի երաշխիք չկա, lockdown-ը կարող է ինքը բերել ավելի շատ պրոբլեմներ», - ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ ամենապարզ լուծումը հակահամաճարակային կանոնների պահպանումն է. «Կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը: Մենք կոչ ենք անում գնալ այսպիսի lockdown-ի, յուրաքանչյուրս մենք մեր մեջ այդ lockdown-ը անենք»:

Ըստ Փաշինյանի, կորոնավիրուսով վարակվածների թիվը ցույց է տալիս, որ քաղաքացիները քամահրական են վերաբերում հակահամաճարակային կանոններին:

«Ես կարծում եմ, որ մենք բոլորս, յուրաքանչյուրս՝ ինձնից սկսած և որևէ այլ քաղաքացուց վերջացրած, կարիք ունենք մեր հակահամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկելու, հակառակ դեպքում մենք չենք կարողանալու այս իրավիճակը հաղթահարել», - ընդգծեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Հակահամաճարակային կանոնները խախտողների նկատմամբ ոստիկանությունը վերջին օրերին ավելի խիստ է։ Իրավապահներն ասում են՝ այժմ բոլոր խախտումներն արձանագրվում են։

Երիտասարդը, ով առանց դիմակի էր քայլում, թույլ տված խախտման համար պատասխանատվության ենթարկվելու փաստը մեղմ ասած հեշտ չընդունեց:

Ոստիկանության փոխգնդապետ Վահան Բաղյանը «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց՝ այս պահին հարցը շատ խիստ է դրված, ներողամտություն չեն դրսևորում։

«Քաղաքացիները մտածում են, որ բակային հատվածներում ոստիկաններ չեն լինի, սակայն նշված ծառայությունները, երբ իրականացնում ենք բակային հատվածներում, մեծամասամբ վարչական արձանագրությունները կազմվում են բակային հատվածներում», - ասաց Բաղյանը:

Երեկ ոստիկաններն իրավախախտումների 1327 դեպք են արձանագրել, մինչ այժմ կազմված արձանագրությունների թիվն էլ անցնում է 52 հազարը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պնդմամբ՝ անհրաժեշտ է, որ մարդիկ գիտակցված սահմանափակեն իրենց շփումները՝ պարտադրվածի փոխարեն։

«Բոլորս պետք է սահմանափակենք մեր ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։ Պետք է մնանք տանը ինչքան հնարավոր է շատ։ Շաբաթ-կիրակի օրերին նույնպես պետք է մնալ տանը, չգնալ հյուր, ցերեկույթների, երեկույթների, մեր հարազատների հետ բնության գրկում պիկնիկների», - երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։

«Ազատության» հարցերին պատասխանած քաղաքացիներից ոմանք վստահեցրին՝ դուրս են գալիս միայն աշխատանքի և խանութ գնալու համար, ոմանք էլ ասացին՝ չեն կարողանում ամբողջ օրը տանը մնալ:

Արսեն Թորոսյանը կոչ է անում չայցելել սրճարաններ ու ռեստորաններ, քանի որ սննդի օբյեկտներում մարդիկ դիմակներ չեն կրում:

Ըստ միության, նախարար Թորոսյանի կոչը հանրային սննդի ընկերությունների համար մահվան դատավճռի է նման՝ ոլորտում ներգրավված տասնյակ հազարավոր մարդկանց համար աշխատանքի կորստի անխուսափելի հետևանքներով, արձագանքելով առողջապահության նախարարի կոչին, հայտարարել է Ռեստորանների հայկական միությունը: