Լոռու մարզում Գյուլագարակի համայնքապետարանի 16 աշխատողներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Նրա հետ շփում ունեցած 8 գործընկերները, այդ թվում՝ համայնքապետը, ինքնամեկուսացված են։
Համայնքապետ Մհեր Գևորգյանն «Ազատությանն» ասաց, մյուս աշխատողները, ովքեր չեն շփվել վարակակրի հետ, աշխատանքի են գնում։ Մեկուսացածներն էլ իրենց լավ են զգում։
«Օրը երկու հոգի այնտեղ լինում է, ովքեր որ անմիջապես չեն շփվել, իրենք աշխատում են: Հեռավար աշխատում եմ ես, որովհետև ես հիվանդ չեմ, ես ուղղակի շփվել եմ հետը», - հայտնեց Գևորգյանը:
Համայնքապետն ասաց՝ վարակված աշխատակիցը հղի է, նրա մոտ թոքաբորբ է զարգացել։ Այժմ բուժում է ստանում երևանյան բուժհաստատություններից մեկում և իրեն արդեն լավ է զգում։ Մհեր Գևորգյանը կասկածներ ունի, որ գյուլագարակցի հղի կինը վարակվել է բուժհաստատություններից մեկում, որտեղ հերթական ստուգման է գնացել։
«Մեր մոտ վարակված չի եղել, երևի այդ երեխայինն էլ հավանականությունը, մեր մտածելով, որ կոնսուլտացիայի է գնում, հիվանդանոցից է երևի եկել», - նշեց համայնքապետը:
«Ազատության» հարցին՝ ինչպե՞ս է վիճակը և որտե՞ղ է գտնվում, Գևորգյանը պատասխանեց. «Լավ է, Երևանում է բուժվում ինքը, դեպի լավն է, ջերմությունն իջել է: Ձախակողմյան թոքաբորբ է ունեցել»:
Լոռու մարզում մինչ օրս կորոնավիրուսով հիվանդացել է 616 մարդ, որոնց կեսից ավելին արդեն առողջացել է։ Գրանցվել է մահվան 7 դեպք։ Ներկա պահին բուժվող 261 քաղաքացիներից 56-ն է հոսպիտալացված։ 205-ը գտնվում է տանը՝ թաղամասային բժիշկների հսկողության տակ: Վարակակիրների հետ շփում ունեցած 674 մարդ ինքնամեկուսացված է, «Ազատությանը» հայտնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
Մարզպետի գնահատմամբ՝ թեև մարզում դեպքեր գրանցվում են, բայց վիճակը կայուն է, թվերի կտրուկ աճ չկա։ Դիմակներ կրելու և պաշտպանիչ այլ միջոցներ կիրառելու հարցում, ըստ մարզի ղեկավարի, դրական տեղաշարժ կա։
«Դրական եմ գնահատում, բավականին կա տեղաշարժ, բայց դեռևս կան քաղաքացիներ, որոնց մոտ այդ դիմակ կրելը ձևական բնույթ է կրում և չտուգանվելու կամ նկատողություն չստանալու պատճառով են կրում, ինչը, իհարկե, տևական կրելու դեպքում արդյունք չի լինի, որովհետև հնարավոր չի քաղաքացուն 24 ժամ հսկել», - ասաց Անդրեյ Ղուկասյանը:
Մարզպետը նշեց, որ դեռևս դեպքերը շատ են, երբ ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները դուրս են գալիս տնից, ավելին՝ մասնակցում են հավաքույթների։
«Եղել են դեպքեր՝ շատ անպատասխանատու ձևով են վերաբերվել: Այսինքն՝ նույնիսկ մեկուսացման ռեժիմում գտնվող անձը, որն, իհարկե, հայտնի չէ՝ վարակակիր է, թե վարակակիր չէ այդ պահին, բայց ամեն դեպքում մեծ ռիսկ, հավանականություն կա, որ ինքը վարակակիր է, այցելել է նաև, օրինակ, ծննդյան տոնախմբության, որը շատ անպատասխանատու քայլ է և անթույլատրելի: Եղել են ուղղակի, որ խանութ կամ որևէ մոտիկ վայր են այցելել, որը նույնպես չի թույլատրվում: Գիտեմ, որ վարչական ակտեր են կազմվել նման քաղաքացիների նկատմամբ», - ասաց մարզպետը:
Հունիսի սկզբին Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցների մոտ կորոնավիրուս հաստատվելուց հետո բոլոր 2700 աշխատակիցներն ինքնամեկուսացել էին։ Կորոնավիրուսի տարածման պատճառով աշխատանքը դադարեցրել էր նաև 300 աշխատող ունեցող «Սարտոն» ֆաբրիկան։ Այսօր երկու ֆաբրիկայում էլ արտադրությունը վերսկսվել է։
«Սարտոն»-ի սեփականատեր Ռոբերտ Ղուբաթյանն ասաց՝ մի քանի հիվանդ աշխատակից ունեն միայն, մյուսները գործի են եկել։ «Գլորիա»-ում ևս դեռ բուժվող աշխատակիցներ կան։ Մյուսները, թեև առողջ են, բայց սեփականատեր Բագրատ Դարբինյանը նրանց միայն մեկ երրորդին է աշխատանքի կանչել։ Ասաց՝ լրիվ ծավալով աշխատանքը վերսկսելու հնարավորություն դեռ չունի։
«Մի ամիս կանգնացնելը, դա հետագայում հետևանքներ է առաջացնում, երկու ամիս է պահանջվում, որ վերագործարկես: Ասենք 10 հոգի չի, որ փակես, հետո էլ անմիջապես լվանաս, բացես: Էդ պատվերները գնացել են ուրիշ տեղ ինքնստինքյան, հիմա նորից հետ ենք ուզում վերադարձնենք», - ասաց Դարբինյանը:
«Ազատության» հարցին էլ, թե ինչպե՞ս է աշխատողների վիճակը, արտադրամասի սեփականատերը պատասխանեց. «Աշխատողները առավոտ, իրիկուն զանգում են, խնդրում են, գոյության խնդիր ունեն, վարկերը չեն փակել, կոմունալները չեն մուծել: Այդպիսի իրավիճակի մեջ են աշխատողները»:
Դեռ հունիսի սկզբից կառավարությունը որոշել էր Սպիտակի բժշկական կենտրոնը հարմարեցնել կորոնավիրուսով հիվանդների բուժման համար։ Լոռու մարզպետն ասաց՝ բուժկենտրոնը դեռևս պատրաստ չէ գործարկման, բայց առաջիկա օրերին վերապրոֆիլավորման աշխատանքները կավարտվեն։
Հիվանդանոցը նախատեսված է 100 հիվանդի համար։ Պոլիկլինիկան և շտապ օգնության ծառայությունը կշարունակեն աշխատել նախկին գործառույթներով։ Սպիտակ քաղաքի և հարակից գյուղերի բնակիչները հիվանդանոցային ծառայությունների համար պետք է դիմեն Վանաձորի կամ Հայաստանի մյուս բժշկական կենտրոններ։