«Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդները ևս կբողոքարկեն Քոչարյանին գրավով ազատ արձակելու Վերաքննիչի որոշումը

Փաստաբան Տիգրան Եգորյան, արխիվ

2008 թվականի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների 10 զոհերից 9-ի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանն «Ազատությանը» փոխանցեց՝ իրենք ևս բողոքարկելու են Վերաքննիչի որոշումը։

Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը երեկ որոշեց աննախադեպ՝ 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակել սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Դատախազությունը ևս պատրաստվում է բողոքարկել, դրա համար կողմերը 15 օր ունեն։

Եգորյանը համամիտ է այս գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանի հետ, թե գրավով հնարավոր չի լինի չեզոքացնել գործը խոչընդոտելու վտանգը։

«Հաշվի առնելով գործի փաստական հանգամանքները, գործի նյութերը, մեղսագրվող այդ հանցավոր արարքի բովանդակությունը, բնույթը, դրա իրագործմանը լծված անձանց, պաշտոնյաների, Ռոբերտ Քոչարյանի անձի, ինչպես նաև տարբեր այլ քրեական գործերի, որոնցով որ կան անուղղակի ապացույցներ Ռոբերտ Քոչարյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու ռիսկի վերաբերյալ, հստակ է, որ որևէ այլ խափանման միջոց, որը պայմանավորված չի նրա ազատությունից զրկելու և հաղորդակցության սահմանափակման հետ, ի զորու չի լինելու չեզոքացնել այդ ռիսկը», - հայտարարեց փաստաբանը:

Եգորյանը համոզված է՝ ազատության մեջ, երկու ժամկետ պաշտոնավարած Ռոբերտ Քոչարյանը տարբեր եղանակներով կսկսի ազդել գործով անցնող անձանց վրա. - «Տարբեր համաձայնություններ, որոնք կարող են կնքվել, ձևավորվել ինչպես մյուս ամբաստանյալների, այնպես էլ գործով տարբեր վկաների հետ, դրանք էական ազդեցության հնարավորություն ունեն գործի ելքի վրա: Եվ այդ համաձայնությունների ձևավորման համար ընդամենը անհրաժեշտ է, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի ազատության մեջ և պատշաճ իրավաբանական, այսպես ասած, ուղեկցման պայմաններում ճիշտ համաձայնությունների գա իր հետ ամբաստանվողների և այն վկաների [հետ], որոնք որ մեղսագրվող հանցագործությունը հիմնավորելու բավարար ապացույցներ են ներկայացնում ցուցմունքների տեսքով: Էս համաձայնություններն արդյունքում բերելու են այն հետևանքի, որը կոչվում է գործին խոչընդոտել»:

Հարցին՝ կանխատեսո՞ւմ էր արդյոք, որ դատավոր Արսեն Նիկողոսյանը նման որոշում կկայացնի, Եգորյանը պատասխանեց. - «Ինձ համար կանխատեսելի էր հավանականությունը, և շատ իր հարցադրումներով պայմանավորված՝ ավելի ու ավելի իրատեսական էր թվում, որ, այո, հնարավոր է նրա կողմից այդպիսի քայլ: Թվում էր, թե նա հակված է երաշխավորության հետ կապված, բայց հետո արդեն այսօր ամբողջ օրվա ընթացքում հասկանալի էր, որ լուծումն, ամենայն հավանականությամբ, նա գրավի կիրառման մեջ էր տեսնում»:

Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի այն ժամանակ, երբ վճարի 2 միլիարդ դրամը, որը համարժեք է ավելի քան 4 միլիոն դոլարի։ Վերաքննիչ դատարանում նա հայտարարել էր, որ իր ողջ գույքը կալանքի տակ է, և որ պետք է գրավադրի իր զավակների գույքը։ Երեկ ավելի վաղ՝ նախքան որոշման հրապարակումը, նախկին նախագահի փաստաբանները դատարանին էին ներկայացրել Լևոն և Գայանե Քոչարյանների՝ մոտ 700 միլիոն դրամ արժողությամբ գույքը որպես գրավ ընդունելու միջնորդությունը։

Քոչարյանն առաջին անգամ կալանավորվեց 2018 թվականի հուլիսին, երբ նրան մեղադրանք առաջադրվեց, ապա ազատ արձակվեց օգոստոսին՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ։ Երկրորդ անգամ կալանավորվեց 2018-ի դեկտեմբերին, հետո ազատ արձակվեց 2019-ի մայիսին՝ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ։ Այս որոշումը, ինչպես և առաջինը, բողոքարկվեց, և Քոչարյանը կրկին կալանավորվեց 2019-ի հունիսին։ Սա, փաստորեն, երրորդ դեպքն է, երբ դատարանի որոշմամբ նախկին նախագահն ազատ է արձակվում։