Մատչելիության հղումներ

Քոչարյանի փաստաբանները բողոքարկում են պաշտպանյալի կալանքը փոխելու միջնորդությունը մերժելու որոշումը


Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հերթական անգամ վերաքննիչ դատարանում բողոքարկում են առաջին ատյանի դատարանի որոշումը՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը նիստը հետաձգելու գրավոր միջնորդություն էր ներկայացրել, քանի որ փաստաբանի պնդմամբ՝ տուժող կողմը պատշաճ ծանուցված չի եղել նիստի մասին։ Դատավոր Արսեն Նիկողոսյանը, սակայն նիստը չհետաձգեց՝ հնարավորություն տալով ոչ միայն Քոչարյանի պաշտպանական թիմին ներկայացնել իրենց բողոքը, այլև հենց իրեն հետաքրքրող հարցերն ուղղել փաստաբաններին։

Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր Հայաստանի և Արցախի նախկին վարչապետների՝ Կարեն Կարապետյանի, Խոսրով Հարությունյանի, Վազգեն Մանուկյանի և Անուշավան Դանիելյանի միջնորդությունը՝ Քոչարյանին կալանքից ազատ արձակել անձնական երաշխավորության դիմաց։

Դատավոր Նիկողոսյանն այսօր ուզում էր հասկանալ՝ նախկին վարչապետներն ի՞նչ հարաբերությունների մեջ են Քոչարյանի հետ, ի՞նչ փաստերով կարող են դատարանին համոզել, որ այդ մարդիկ իրենց խոսքով կազդեն Քոչարյանի վարքի վրա, և որ նա ազատության մեջ գտնվելով չի խոչընդոտի քննության ընթացքին։

«Երաշխավորները պիտի վստահություն հայտնեն դատարանի մոտ, որ իրենք ոչ թե սուտ են ասում, այլ ասում են իրականությունը, իմանալով այս մարդուն, կարող են պնդել, որ ազատության մեջ լինելով չի խոչընդոտելու գործի քննությունը: Տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս դատարանի, իրավունք էլ չունի ասել, որ չի վստահում իր նախորդ երեք վարչապետներին, ուղղակի իրավունք չունի», - ասաց փաստաբաններից մեկը:

Նիստին ներկա չէր արդեն տևական ժամանակ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվող Ռոբերտ Քոչարյանը։ Նրա փաստաբան Հայկ Ալումյանը խոստացավ հաջորդ՝ հունիսի 17-ին կայանալիք նիստին ներկայացնել իր պաշտպանյալի տեսակետը դատավորին հետաքրքրող հարցերի վերաբերյալ։

Ողջ նիստի ընթացքում մի քանի անգամ բարձրացվեց նաև գրավի դիմաց Քոչարյանի կալանքը փոխելու հարցը, որը ևս մերժվել է մի քանի անգամ դատարանի կողմից. միջնորդություններ ներկայացնելիս փաստաբանները սովորաբար չեն նշում գրավի չափը՝ դա թողնելով դատարանի հայեցողությանը։

Դատավորը այսօր հստակեցում պահանջեց՝ ինչքան և ինչպես պետք է վճարվի այդ գումարը, հատկապես եթե ամբաստանյալի ամբողջ գույքը, ֆինանսական միջոցները կալանքի տակ են։

«Կկարողանա պարոն Քոչարյանը վճարի, ուրեմն կվճարի, չի կարողանա, ուրեմն կա՛մ կբողոքարկի, կա՛մ կշարունակի մնալ կալանքի տակ: Սա է մեր բանաձևը», - նշեց փաստաբանը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները չեն բացահայտում, թե ինչ առողջական խնդիրներ ունի ամբաստանյալը, սակայն պաշտպան Հովհաննես Խուդոյանի պնդմամբ՝ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում նրա առողջությունը վտանգված է։ Ըստ փաստաբանի՝ ազատության մեջ 65-ամյա Քոչարյանը կարող է պաշտպանվել վարակվելու հնարավորությունից, մինչդեռ քրեակատարողական հիմնարկում նա ստիպված է շփվել անձնակազմի հետ։ Խուդոյանը նկատեց, որ նրանց շարքում էլ վարակվածներ կան։

«Պետությունը որևէ կերպ չի կարող երաշխավորել պարոն Քոչարյանի առողջության, կյանքի իրավունքը, բացառությամբ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց կիրառելով», - նշեց Հովհաննես Խուդոյանը:

Փաստաբան Հայկ Ալումյանից նաև հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք զրուցել են Քոչարյանի հետ` երեկ ԲՀԿ ղեկավարի տան խուզարկության, նրան մեղադրանք առաջադրելու ու ԱԱԾ–ում հարցաքննելու կապակցությամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանի անունը շատերն են կապում Քոչարյանի հետ։ Ալումյանը պատասխանեց՝ Քոչարյանի հետ քաղաքական հարցեր երբեք չեն քննարկում։

«Այս հարցին թույլ տվեք ընդհանրապես չպատասխանել, նաև նշելով, որ ես ինքս այդտեղ կապ չեմ տեսնում իրականում», - ասաց Հայկ Ալումյանը:

XS
SM
MD
LG