Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյան

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ։

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հայաստանի և Արցախի նախկին վարչապետների միջնորդությունը՝ Քոչարյանին կալանքից ազատ արձակել անձնական երաշխավորության դիմաց։

Սա դատավոր Աննա Դանիբեկյանի առաջին որոշումը չէ, երբ նա մերժում է պաշտպանական կողմին։ Երկրորդ անգամ կալանավորվելուց հետ Քոչարյանն անազատության մեջ է արդեն 11 ամիս՝ հունիսի 25-ից։

Դանիբեկյանը հրապարակեց իր որոշման եզրափակիչ մասը․ - «Դատարանը որոշեց պաշտպաններ Հայկ Ալումյանի և Արամ Վարդևանյանի միջնորդությունները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու, որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու, խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, մերժել»։

Որոշման հրապարակումից հետո փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ըստ ամենայնի, կբողոքարկեն այսօրվա որոշումը։

Փաստաբանի խոսքով, այն արդարադատության հետ որևէ աղերս չունի․ - «Տվյալ դեպքում մենք տեսնում ենք ու գնահատում ենք քաղաքական հետապնդման հետագա փուլ։ Մենք գնահատում ենք, որ սա ոչ թե խափանման միջոցի խնդիր է, այլ մարդուն պատժելու խնդիր է։ Եվ հետամուտ ենք լինելու, որ բոլոր անձինք, ովքեր մասնակցել են այս ապօրինությանը, պատասխանատվություն կրեն։ Մանավանդ որ այդ անձինք բարձրաձայն ասել են, որ Կենտրոն քրեակատարողական հիմնարկը շատ հարմար տեղ է կորոնավիրուսից պատսպարվելու համար․․․ Դատախազները գործի ժամանակ են ասել, որ էնտեղ շատ լավ ա կորոնավիրուսի տեսակետից և անվտանգ ա, մի քանի հոգի էսօր այցելել են ու ասել են անվտանգ ա։ Ես հույս ունեմ, որ ժամանակը կգա և իրենք հնարավորություն կունենան այդ անվտանգությունից օգտվելու»։

Անցած ուրբաթ դատարան էին եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետները՝ երաշխավորելով սահմանադրական կարգի տապալման և կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանի ազատության համար։ Հայաստանի նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը իրենց երաշխավորության մեջ նշել էին, որ Քոչարյանը ազատության մեջ կդրսևորի պատշաճ վարքագիծ և չի խուսափի վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց։

Սահմանադրական կարգի տապալման և կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանին ազատ արձակելու երաշխավորությունը կասկածի տակ էին դրել թե՛ տուժող կողմը, թե՛ դատախազները։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հակադարձելով փաստաբանների այն դիտարկմանը, թե ազատության մեջ գործը խոչընդոտելու ռիսկը նվազած է, ասել էր, որ դա իրականությանը չի համապատասխանում․ - «2020 թվականի մարտի 15-ին, եթե չեմ սխալվում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործ է ուղարկվել 340 հոդվածի 4-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից սույն գործով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Ընդ որում, անուններ չեմ ցանկանում նշել անմեղության կանխավարկածների քննարկումներից զերծ մնալու համար, բայց գործով ուղիղ տվյալներ կան այն մասին, որ նշված դատի տրված անձինք ուղիղ շփումներ են ունեցել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների և գրասենյակի ղեկավարի հետ։ Եվ սա այն դեպքում, երբ որ մենք դատարանում անընդհատ լսում ենք, որ ռիսկը նվազել է։ Ռիսկը չի նվազել։ 2020 թվականի մարտի 18-ի դրությամբ, հիմնավոր կասկածի սահմաններում, էդ ապացուցողական շեմի սահմաններում ռիսկը, որը դատարանն արձանագրել է, միանշանակ աճել է»։

Մինչդեռ պաշտոնաթող նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, թե գործին խոչընդոտելու ռիսկը զրոյական է․ - «Ես հիմնվում եմ դատարանի նախկինում կայացրած որոշումների վրա՝ անկախ նրանից համաձայն եմ, թե համաձայն չեմ այդ որոշումներին։ Եվ այդ որոշումներում դատարանը ուղղակիորեն արձանագրել է, որ առկա է միայն խոչընդոտելու ռիսկ, որը էականորեն նվազել է։ Արմեն Թավադյանի գործը ակնհայտ մանիպուլյատիվ գործընթաց է, որը ստեղծված է պարոն Քոչարյանին բանտում պահելու համար։ Կրկնում եմ՝ եթե հղում կատարվի այս որոշման մեջ այլ գործի վրա, դա կլինի այլ անձի անմեղության կանխավարկածի խախտում, և պարոն Քոչարյանին այլ անձի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու փորձ»։

Քոչարյանի փաստաբանները նաև հայտարարում են, որ իրենց 65-ամյա պաշտպանյալը կորոնավիրուսի ռիսկային խմբում է, հիվանդություններ ունի, և նաև այդ պատճառով չպետք է գտնվի կալանավայրում։

Երեկ հայտնի դարձավ, որ տևական ժամանակ հիվանդանցում գտնվող Քոչարյանը վիրահատվել է։ Իզմիրլյան բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ վիրահատությունն անցել է շատ հաջող․ - «Հետվիրահատական վերականգնողական գործընթացները ընթանում են լավ։ Պարոն նախագահը իրեն շատ լավ է զգում։ Վիճակը գնահատվում է համապատասխան կրած վիրահատության»։

Անցած 11 ամիսների ընթացքում սա երրորդ վիրահատությունն է, ասաց Չարչյանը՝ շեշտելով, որ այս վիրահատությունն, ըստ էության, կապ ունի ամիսներ առաջ արվածի հետ։

Անցած հոկտեմբերին արված վիրահատությունից հետո երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանն ասել էր, որ հոր մոտ բարորակ ուռուցք է եղել։

Բժիշկ Չարչյանը փոխանցեց, որ առաջին վիրահատությունը շատ բարդ էր։ Վերջին այս երկու վիրահատությունները կապ ունեն բուն խնդրի հետ․ - «Վերականգնողական որոշ խնդիրների դեպքում կարող են նորից առաջանալ հարցեր, որոնք պետք է վիրահատական ձևով հանգուցալուծվեն»։

Չարչյանը, անդրադառնալով հանրության կասկածներին, թե ինչու հենց հիմա Քոչարյանին վիրահատեցին, երբ դատարանը քննում է նրա կալանքի հարցը, ասաց․ պատասխանեց․ - «Քաղաքական, կամ իշխանական, կամ կրոնական, կամ այլ որևէ սահմանափակումներ չկան ինձ համար։ Մարդը մարդ է, Աստծո արարած է։ Եթե անհրաժեշտ է վիրահատել, անհրաժեշտ է բուժել, ես գործում եմ իմ մասնագիտական խղճի և մասնագիտական որակավորման սահմաններում»։

Հաջորդ դատական նիստը կանցկացվի մայիսի 19-ին։

XS
SM
MD
LG