Մատչելիության հղումներ

Դատավոր Դանիբեկյանը եզրահանգել է, որ Քոչարյանի՝ գործի քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել


Դատավոր Աննա Դանիբեկյան, արխիվ
Դատավոր Աննա Դանիբեկյան, արխիվ

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը, մայիսի 13-ին մերժելով նրան ազատ արձակել կալանքից Հայաստանի և Արցախի նախկին վարչապետների անձնական երաշխավորության, ինչպես նաև գրավի դիմաց, եզրահանգել է՝ գործի քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել և դատավարության այս փուլում այն դեռ պահպանվում է։ Սա էլ դատավորին թույլ է տվել պնդել, որ պաշտոնաթող նախագահին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը չի վերացել, և որ նրա՝ ազատության մեջ գտնվելու պայմաններում հնարավոր չի լինի ապահովել Քոչարյանի պատշաճ վարքագիծը։

Այս հետևությանը հանգելիս դատավորը հաշվի է առել Քոչարյանին առաջադրված մեղադրանքի ծանրությունը, նաև այն, որ Հայաստանը 10 տարի ղեկավարած Քոչարյանը երկար տարիների ընթացքում բարձր պաշտոններ է զբաղեցրել, ունի կապեր ու ազդեցություն։ Այս հանգամանքն էլ բարձրացնում է դատավարությանը մասնակցող անձանց վրա հնարավոր ներգործության, գործի քննությանը միջամտության ռիսկը:

Աննա Դանիբեկյանն իր այս որոշման համար հիմք է ընդունում այն, որ գործի քննությունը դեռևս չի անցել դատաքննության փուլ, և այս պահին հետազոտված չէ գործով ձեռք բերված որևէ ապացույց։

2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող նախկին նախագահի փաստաբանը դատավորի այս որոշումը որակում է չպատճառաբանված։ Հովհաննես Խուդոյանն ասաց՝ դատավորը միայն եզրահանգումներ է արել:

«Փաստեր ու ինչ պատճառաբանություններ են նախորդել այդ եզրահանգմանը, դրա մասին դատական ակտում բան չկա: Այն չի նշում, օրինակ, լավ, 12 տարի առաջ բա բարձր պաշտոն ա զբաղեցրել, դա ինչքանով է էական, ինչով կարա ազդի, գործի կոնկրետ որ հանգամանքների վրա կարա ազդի», - ասաց Խուդոյանը:

65-ամյա պաշտոնաթող նախագահը տևական ժամանակ է գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Երկու շաբաթ առաջ նա վիրահատվել էր։ Անցած 11 ամիսների ընթացքում սա երրորդ վիրահատությունն է, որն, ըստ էության, կապ ունի ամիսներ առաջ արվածի հետ։

Անցած հոկտեմբերին արված վիրահատությունից հետո երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանն ասել էր, որ հոր մոտ բարորակ ուռուցք է եղել։

Հաշվի առնելով այս, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակը, որը խոցելի է դարձնում հիվանդություններ ունեցող և տարիքով մարդկանց, երկրորդ նախագահի փաստաբանները դատարանին խնդրել էին նրան կալանքից ազատ արձակելու համար հաշվի առնել նաև այս հանգամանքը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն գրում է, որ փաստաբանները չեն կարողացել հիմնավորել, որ Ռոբերտ Քոչարյանին անհրաժեշտ բուժօգնությունը չի կարող պատշաճ կազմակերպվել անազատության մեջ գտնվելու պայմաններում, դատավորը նկատի ունի այն, որ անհրաժեշտության դեպքում Քոչարյանը բուժում է ստացել քաղաքացիական հիվանդանոցներում։

Փաստաբանները վկայակոչել էին նաև Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի չափորոշիչները՝ կորոնավիրուսի պայմաններում անազատության մեջ գտնվողների մասին։

Ըստ միջազգային կառույցի սկզբունքների, «հաշվի առնելով, որ անձնական շփումները խթանում են հիվանդության տարածումը՝ բոլոր համապատասխան մարմինների կողմից պետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ: Այս մոտեցումը պարտադիր է հատկապես գերբնակեցման պայմաններում»:

Դատավոր Աննա Դանիբեկյանը պնդում է՝ Եվրոպայի խորհուրդը պարտադիր է համարել այն, որ պետությունները ջանքեր գործադրեն ազատությունից զրկելու այլընտրանքային միջոցներ կիրառելու ուղղությամբ, հատկապես մեկուսացման վայրերի գերբնակեցման պայմաններում։ Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի դեպքում նման խնդիր չկա, նա մեկուսարանում միայնակ է, և, ըստ դատավորի, կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու բարձր ռիսկի համար հիմքեր չկան, մասնավորապես ավելի բարձ, քան ազատության մեջ գտնելու դեպքում։ Մինչդեռ փաստաբան Խուդոյանը համաձայն չէ դատավորի դիտարկման հետ:

«Ընտրել է միայն գերբնակեցումը, անտեսել է, օրինակ, տարիքային կամ առողջական խմբին պատկանելիություն: Յուրաքանչյուր փաստարկով փորձել է հղում կատարել կոնտեքստից կտրված ինչ-որ մտքի վրա, ու գործի փաստական հանգամանքների հետ ոչ մի պատճառական կապ չկա, երաշխավորությունների մասով ընդհանրապես որևէ պատճառաբանություն չկա դատական ակտում», - նշեց պաշտպանը:

Պաշտոնաթող նախագահը կալանքի տակ է հունիսի 25-ից։ Նա մեղադրանքը չի ընդունում։

XS
SM
MD
LG