Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավով ազատ արձակելու Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշումը գլխավոր դատախազությունը կբողոքարկի Վճռաբեկ ատյանում։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին դատախազությունից:
«Դատախազությունը բազմիցս է նշել, որ գտնվում ենք դատական քննության այնպիսի փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը, և կալանքից բացի որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկերը:
Ընդ որում, գործը դատարան մուտք լինելուց հետո մինչ այս պահը դատական քննության փուլ չի փոխվել, և մի քանի անգամ այս հարցի քննարկման արդյունքում ինչպես գործը քննող դատարանը, այնպես էլ նույն Վերաքննիչ դատարանը փաստել էին վերը նշված ռիսկի առկայությունը: Ըստ այդմ, կարող ենք ասել, որ դատական ակտի դեմ դատախազության կողմից կտարվի վճռաբեկ բողոք», - փոխանցեցին դատախազությունից:
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարեց մոտ մեկ տարի անընդմեջ կալանքի տակ գտնվող պաշտոնաթող նախագահի փաստաբանների դիմումը։
2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող երկրորդ նախագահի և նրա երեք նախկին ենթակաների՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործը քննող առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանը մայիսի 13-ին մերժել էր Քոչարյանին ազատել կալանքից։ Նրա ազատության համար երաշխավորել էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին չորս վարչապետները։ Առաջին ատյանի դատարանը Քոչարյանին ազատ չէր արձակել նաև գրավի դիմաց։