Դատախազությունը ՊԵԿ նախկին նախագահի գործի մանրամասներ է հրապարակում

Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Տևական ժամանակ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել վերջինիս, նրա մերձավոր 4 անձանց, ՊԵԿ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած 3 անձանց նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը՝ «հավատարիմ մնալով հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերի քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրելու գործելաոճին»:

Աննախադեպ ծավալներ ունեցող քրեական գործով բացահայտվել են պաշտոնեական ու տնտեսական հանցագործությունների բազմաթիվ դրվագներ, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու վերաբերյալ, վստահեցնում է Դատախազությունը՝ մանրամասնելով.

«Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվելայն մասին, որ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ս․Ա.-ն 2008-2014թթ. ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ 2014-2016թթ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած և նշված ժամանակահատվածում իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ Գ․Խ.-ին որդիների միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով` 8.142.315.480 ՀՀ դրամին համարժեք 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք՝ նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական մարմինների միջամտությունից նշված ընկերությունների տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, պետական մարմինների վերահսկողական գործառույթները մեղմելու և համապատասխան հիմքերի առկայության դեպքում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար:

Գ․Խ.-ի որդիների նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Ս․Ա.-ն 2011թ. ընթացքում կաշառքի առարկա հանդիսացող՝ 8.142.315.480 ՀՀ դրամին համարժեք 22.401.000 ԱՄՆ դոլարը փոխանցել է Գ․Խ-ի որդիների մատնանշած և նրանց հետ փոխկապակցված օտարերկրյա, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին: Ավելին, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար վերջիններիս և Ս․Ա-ի միջև կնքվել են փոխառության պայմանագրեր՝ համապատասխանաբար 7.000.000 և 13.400.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ, մինչդեռ Ս․Ա.-ին որևէ գումար տարիներ շարունակ և առ այսօր չի վերադարձվել:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա առանձնապես խոշոր չափերով՝ 8.142.315.480 ՀՀ դրամին համարժեք 22.401.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու և հանցավոր ճանապարհով ստացված նշված առանձնապես խոշոր չափերով գումարը օրինականացնելուն օժանդակելու համար Ս․Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը»։

Նշված դրվագներով քրեական հետապնդում է հարուցվել նաև առերևույթ հանցագործությանը մասնակցած մյուս անձանց նկատմամբ, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա։

«Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ կոռուպցիոն հանցագործությունները համակողմանիորեն բացահայտելու, դրանց կատարմանն առնչված անձանց ամբողջական շրջանակը, կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց կողմից այլ հանցագործությունների կատարմանը մասնակցելու հանգամանքը պարզելու ուղղությամբ: Միջոցներ են ձեռնարկվում նաև կաշառքի առարկա հանդիսացած գումարի ծագման օրինականությունը ստուգելու ուղղությամբ՝ նկատի ունենալով, որ մեղադրյալ Ս․Ա.-ն 2011թ. 22․401․000 ԱՄՆ դոլար ունենալու հանգամանքը պայմանավորել է նրա մայրական պապի կողմից «Իրանի պատերազմի» ընթացքում սովետական բանակում ծառայելու, մեծ քանակությամբ ոսկի՝ «Շահի ոսկիները» բերելու և 1987թ․տատի կողմից իրեն փոխանցելու հանգամանքներով», - ասված հաղորդագրությունում:

Նշենք, որ խոսքն, ըստ ամենայնի, քրեական գործի մասին է, որում ներգրավված են ՊԵԿ նախկին ղեկավար և ֆինանսների նախկին նախարար, անազատության մեջ գտնվող Գագիկ Խաչատրյանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, ով նույնպես կալանավորված է, և Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, ով հետախուզման մեջ է: