Մատչելիության հղումներ

Սեդրակ Առուստամյանին դատարանը երկու ամսով կալանավորեց


«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին այսօր դատարանը երկու ամսով կալանավորեց։

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Հովիկ Սուքիասյանը հայտնեց, որ Առուստամյանը մեղադրվում է կաշառք տալու և փողերի լվացման համար:

Փաստաբանը հայտնեց, որ խոսքը 2011 թվականին կատարված գործողությունների մասին է։ «Ըստ էության պայմանագրով տրված է փոխառության գումար՝ տոկոսների վճարմամբ, մարդուն ասում են, որ «քանի որ դու տոկոս չես ստացել նշանակում է՝ կաշառք ես տվել»: Այդ պայմանագրերի ժամկետները երկարացված են, քաղաքացիաիրավական պայմանագրերը գործում են, էս պահին ուժի մեջ են, իրավական ուժ ունեն, իրավական արժեք ունեն», - ասաց Սուքիասյանը:

«Ազատության» հարցին՝ իսկ Առուստամյանի դեմ ինչ-որ մեկը ցուցմունք տվե՞լ է, փաստաբանը պատասխանեց, որ ոչ՝ նշելով՝ Սեդրակ Առուստամյանի մեղադրանքը զուրկ է փաստական և իրավակ հիմքերից:

Հարցին էլ, թե արդյոք ձերբակալությունը կապվա՞ծ է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ, փաստաբանը պատասխանեց, թե մանրամասներ հայտնելու իրավունք չունի՝ կապված նախաքննական գաղտնիքի հետ։

Սուքիասյանը նշեց, որ դատարանը միևնույն ժամանակ ոչ իրավաչափ է որակել Առուստամյանի ձերբակալությունը։

Առուստամյանը երեկ էր ձերբակալվել, փաստաբանները «Ազատության» հետ զրույցում նշել էին, որ ձերբակալումն անհեթեթ կասկածանքով է, և որ Առուստամյանը չի ընդունում այն։

Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի անունը կապվում է ևս 2 քրեական գործերի հետ։ Մեկն առնչվում է Երևանի կենտրոնում ընկերության ձեռնարկած շինարարությանը՝ Աբովյան փողոցի վրա «Մուլտի գրուպը» 2018-ին սկսել էր հյուրանոց կառուցել։ Եվ երբ այդ տարածքում բիզնես ծավալող ընկերության ներկայացուցիչը բողոքել էր դատարան, ընկերությունը շինարարությունը չէր դադարեցրել։

Առուստամյանը այս գործով մեղադրվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ շինարարությունը չդադարեցնելու համար։

Երրորդ քրեական գործն առնչվում է «Հյուսիս-հարավի» շինարարական ծրագրի հետ։ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի հետ առնչվող ընկերության ղեկավարը այս գործով մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև փողերի լվացման համար։

Ըստ Քննչական կոմիտեի՝ 2008-2010 թվականներին տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը Առուստամյանի և այլ անձանց գործակցությամբ «Սթոնս» ընկերությանը իբր մատուցված ծառայությունների համար դուրս է գրել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մասը փոխանցվել է Սեդրակ Առուստամյանին:

Առուստամյանը երեք գործով էլ մեղադրանքը չի ընդունում։

XS
SM
MD
LG