Մատչելիության հղումներ

Սեդրակ Առուստամյանը տոկոսով փող է տվել Խաչատրյանի որդիներին՝ արտերկրում գույք ձեռք բերելու համար. փաստաբան


Գուրգեն Խաչատրյանը, արխիվային լուսանկար
Գուրգեն Խաչատրյանը, արխիվային լուսանկար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ գործարար Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու մասին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդության քննությունը: Փաստաբանները նշեցին, որ գործի նյութերին ամբողջությամբ չեն ծանոթացել և այդ պատճառով միջնորդել են դատարանին, որ դատական նիստն այլ օր անցկացվի:

Դատարանի բակում փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց՝ գործարար Գուրգեն Խաչատրյանը 4 հոդվածներով է մեղադրվում.- «Նախկինում յուրացում էր, առանձնապես խոշոր չափերի օժանդակություն, ներկայումս ավելացել են նաև փողերի լվացման դրվագներ և կաշառքի օժանդակություն»:

Փաստաբանն ասաց՝ այս քրեական գործն առնչություն ունի «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի հետ։ Առուստամյանն ապրիլի 25-ին 2 ամսով կալանավորվեց՝ կաշառք տալու և փողերի լվացման մեղադրանքով, նրա գործը ևս քննում է ԱԱԾ-ն։ Հիշեցնենք՝ Սեդրակ Առուստամյանի մեղադրանքը 2011 թվականին կատարված գործողությունների մասին է։ Օրերս ԱԱԾ-ն առանց անուններ նշելու հայտարարել էր, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենը ՊԵԿ նախագահին, այնուհետև ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին՝ վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` 22 միլիոն 401 հազար դոլարի կաշառք:

Փաստաբան Երեմ Սարգսյանը, 1-ը մայիսի, 2020թ.
Փաստաբան Երեմ Սարգսյանը, 1-ը մայիսի, 2020թ.

Երեմ Սարգսյանը պնդեց` Սեդրակ Առուստամյանը այսպես կոչված` տոկոսով փող է տվել Խաչատրյանի որդիներին՝ արտերկրում գույք ձեռք բերելու համար։ Թե ինչ գույք, փաստաբանը չասաց.- «Այս ամբողջը բիզնես գործունեություն էր, որի հետ կապված ի՞նչ են ասում, ասում են` հա, այս փաստերը կան, բայց քանի որ Գագիկ Խաչատրյանը եղել է ՊԵԿ նախագահ, հետևաբար սա հովանավորչության համար կաշառք է: Հիմա հարց` ինչո՞ւ, ինչի՞ց վերցրիք, թե՞ ենթադրում են»:

«Ազատության» հարցին, թե վկաներ չկան, նա պատասխանեց.- «Չկա, բացարձակ որևէ ապացույց չկա, սա ընդամենը ենթադրություններ են»:

Կապի հայաստանյան խոշորագույն օպերատորներից Ucom-ի հիմնական սեփականատերերից մեկը հանդիսացող Գուրգեն Խաչատրյանը ավելի վաղ հայտարարել էր, թե բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել վաճառել Ucom-ը։ Նա չէր նշել, թե մասնավորապես ովքեր են իր առջև նման պահանջ դրել։ Այս հայտարարությանն արձագանքել էր վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ՊԵԿ նախկին նախագահի ընտանիքն ամենատարբեր առիթներով հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել թալանածն ու վերականգնել պետությանը պատճառված վնասը:

«Ազատության» հարցին՝ նման հանդիպում իշխանության ներկայացուցիչների միջև եղե՞լ է, փաստաբանը պատասխանեց.- «Ես նման հայտարարությունները շատ սխալ եմ համարում և առավել ևս անհիմն եմ համարում: Ձևակերպումը` «առաջարկել է վերադարձնել թալանածը», ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է նման բան լինել` բանակցություններ և այլն, չկա նման բան: Կա խնդիր, որի մասին Գուրգեն Խաչատրյանը հայտարարել է»:

Խաչատրյանների փաստաբանները շարունակում են պնդել` այս քրեական գործն անհիմն է, ավելին՝ այսպես փորձ է արվում խառնվել բիզնեսի գործերին.- «Նշվեց, որ կառավարության դիրքորոշումն այնպիսին է, որ վաճառք կարող է լինել միայն այն պայմանով, եթե գումարը վճարվի պետբյուջե, այսինքն` սա ուղիղ նշանակում է, որ մասնավորի բիզնես գործունեության մեջ միջամտություն կա պետության կողմից, և եթե թույլ են տալիս` դու բիզնես անես, միայն այն պայմանով, եթե կվաճառես ու այդ գումարը պետբյուջե կբերես»:

Փաստաբանն ասաց՝ մարտի 27-ից կալանքի տակ է Խաչատրյան եղբայրների ողջ գույքը, այդ թվում` Ucom-ի բաժնեմասերը։ Կառավարության ինչի՞ն է պետք Ucom-ը նրանց ձեռքից վերցնել, այս հարցին Երեմ Սարգսյանը չպատասխանեց.- «Դրանից հետո կարողացան ստաբիլացնել ընկերությունը նոր տնօրենի նշանակմամբ, և ավելի նորմալ դիրքում էր, և հենց այս ստաբիլացումը եղավ, միանգամից սկսեցին այս ռեպրեսիաները, հատկապես Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունից հետո եղան այս առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրանքները, որոնք ակնհայտ անհիմն են: Ավելին ասեմ` այս փաստերը կային նախկինում (քննության ընթացքում): Եթե սա այն ժամանակ հանցագործություն չէր, ինչո՞ւ հանկարծ այս հայտարարությունից հետո դարձան»:

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն իր հայտարարությունում գրել էր նաև, որ Կառավարությունը տեղեկություններ ունի, որ Ucom ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Միքայել Մինասյանն է: Այս հայտարություններին երեկ Ազգային ժողովում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ.- «Այդ տնտեսական գործունեությունը հաճախ իրականացվել է շուրջ 100 ֆորմալ առումով սուբյեկտների կողմից, և ձեռք են բերվել որոշակի օպերատիվ տեղեկություններ, ինչպես արդեն նշեցի նաև որոշակի փաստական տվյալների վերլուծություն, վկայում են այդ ամբողջ գործունեությունը որոշակի 1-2 կենտրոններից ղեկավարված լինելը, որովհետև սխեման այնպիսին է, նախնական եմ այս ամեն ինչն ասում, որ բնականաբար այդ գործունեության հատկապես արտոնյալ հատվածը այլ կերպ, քան կազմակերպված եղանակով չէր կարող իրականացվել: Հարյուրավոր ընկերությունների տնտեսական գործունեությունը, դրանց գործունեության գումարային շարժերը, ըստ էության, նաև առերևույթ վկայում են, որ կազմակերպվել է այնպիսի եղանակով, որպեսզի երբևէ մի օր դրա բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ ստեղծվեն»:

Ucom-ի հիմնական սեփականատերերի հայրը՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այժմ կալանավորված է, մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG