«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ երկու տարվա ընթացքում հեղափոխությունը չհասավ իրավապահ համակարգ, ինչի հետեւանքն է Պետական եկեամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ մեղադրյալ Գուրգեն Խաչատրյանի փախուստը։
«Բայց էլի ուշ չէ։ Պետք է ազատվել այն մարդկանցից, ովքեր որ նախկին իրավամտածողության, կամ ընդհանրապես նախկին քաղաքական մտածողություն կրող անձինք են և չեն ուզում ընդհանրապես ենթարկվել փոփոխությունների։ Բերենք նոր սերնդի իրավապահ համակարգ, իրավապահ մտածողություն ունեցող իրական անձինք և նրանց միջոցով մեր քրեական հետապնդումները ճիշտ կազմակերպենք»։
Ըստ ընդդիամդիր պատգամավորի, տարբեր քրեական գործերով անցնող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց փախուստը քաղաքական անփութության և իրավական դիտավորության հետևանք է․ - «Քանի որ էս գործընթացները որպես այդպիսին մեկուկես տարվա, երկու տարվա կտրվածքով անընդհատ շարունակական բնույթ են կրում, ես հիմքեր ունեմ կասկածելու, որ առնվազն քաղաքականության և ինստիտուցիոնալ մակարդակում որոշումների կայացման բնագավառում փոխկապվածություն կա, ինչը ենթադրում է, որ և՛ կա քաղաքական անփութություն, և՛ կա իրավական համակարգում դիտավորություն կամ անփութություն»։
«Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով փողերի լվացման և կաշառք ստանալուն օժանդակելու համար, մի քանի օր է, ինչ անհետացել է։ Մայիսի 3-ին դատարանը Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացրեց, իսկ մինչ այդ նա ստորագրություն էր տվել հանրապետությունից չբացակայելու մասին։
Դատարանի որոշմանը հաջորդեց Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը, թե քննությունից թաքնվող Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Ինչպե՞ս է հաջողվել քննության փուլում մեղադրյալ Խաչատրյանի փախուստը։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդունում է, որ իրավապահ համակարգում բացթողումներ կան․ - «Իշխանական համակարգը և պառլամենտը ունեցել են վերջին շրջանում մի շարք շատ կարևոր քննարկումներ հենց Ձեր նախանշած հարցերի շուրջ։ Իհարկե դժգոհություններ կան, բայց գլխավորը օրակարգից շեղվելն է»։
Իշխանական պատգամավորի խոսքով, իրավապահ համակարգի համար փորձության շրջան է, բայց ծրագրում են փոփոխություններ, որոնք հետագայում կբացառեն այսպիսի խնդիրները։
Իսկ այսօր այս համակարգով հնարավո՞ր է իրագործել «թալանածը կոպեկ առ կոպեկ» հետ բերելու ու նախկիններին պատասխանատվության ենթարկելու վարչապետի խոստումները։
Իրավապահ համակարգի հետ կապված մենք ունենք օրակարգ նրանց առողջացնելու, ուժեղացնելու և ապագային միտված քայլերը ճիշտ ժամանակին անելու առումով։ Եվ էնպես որ, էստեղ, իհարկե, բացթողումներն ակնհայտ են։ Սա առաջին հո դեպքը չէր։ Բայց էս դեպքերը կկանխվեն մի օր, և այլևս այդ դժգոհությունները կմնան հետևում։ Բայց էսօր, ես համոզված եմ, նույն Գագիկ Խաչատրյանի որդին, որը այդ խայտառակ տեքստը տարածելուց հետո անհայտացել է, ես վստահ եմ, որ ինքը չի կարողացել Հայաստանի սահմանները լքի։ Իսկ դա նշանակում է, որ փախած վիճակում երկար ապրել հնարավոր չի։ Կամ՝ այդպես ապրելը դառնում է անիմաստ», - նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Քրեական գործի քննության փուլում «Յուքոմ» ընկերության սեփականատիրոջ փախուստը այս օրերին սոցիալական ցանցերում քննարկվող թոփ թեմաներից է։ Հեղափոխությունից հետո քննությունից թաքնված մեղադրյալները քիչ չեն, բայց եթե մյուսներին հաջողվել է Հայաստանից հեռանալ մինչև քրեական գործեր հարուցվելը կամ մինչև մեղադրյալի կարգավիճակ ստանալը, ապա Գուրգեն Խաչատրյանը անհետացել է կալանավորման որոշումից օրեր առաջ։ Կալանավորման որոշումից ժամեր առաջ էլ հայտարարություն էր տարածել, թե նպատակահարմար չի համարում կալանավոր դառնալ՝ անօրինական որակելով իր նկատմամբ իրականցվող գործողությունները։
Անդրանիկ Քոչարյան․ - «Եվ բոլոր փախածները վաղ թե ուշ պետք է գիտակցեն, որ Հայաստանի Հանրապետությունը ամենաապահով վայրն է ազգությամբ հայ նույնիսկ հանցագործների համար։ Իրենք պետք է օր առաջ գան և պատասխանեն այն հարցերին, որոնք էսօր ոչ թե սարքովի են, այլ բխում են իրենց նախկին կատարած հանցագործություններինց»։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, Գուրգեն Խաչատրյանի անհետանալը նշանակում է, որ իրավապահ համակարգը բարձիթողի վիճակում է։
Ըստ ԱԱԾ-ի, Խաչատրյանները պաշտոնական դիրքի օգտագործմամբ, պետությունից ավելի քան 1,5 միլիարդ դրամի չափով հափշտակություն են իրականացրել։ Հափշտակության հետևանքով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը, իրական պատկանելությունը թաքցնելու նպատակով, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները տարբեր եղանակներով ու այլ անձանց անուններով փոխակերպվել են կանխիկ դրամական միջոցների, որոնք փաստացի տնօրինվել են Խաչատրյանների ընտանիքի ու նրանց ազգականի կողմից, այդ թվում՝ երրորդ անձի միջոցով մուտքագրվել են «Յուքոմ» ընկերություն:
Գագիկ Խաչատրյանը տասն ամիս է ազատազրկված է։