Ռուստամ Բադասյան․ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը կստացվի «մեկ-երկու շաբաթների ընթացքում»

«Արդարադատության նախարարությունը սպասում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը՝ սահմանադրական ճգնաժամը լուծելու ուղղությամբ առաջ շարժվելու համար», - այսօր հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` հավելելով, որ եզրակացությունը հավանաբար ստացվի «մեկ-երկու շաբաթների ընթացքում»:

Ապրիլի 5 -ին նշանակված էր հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիները պետք է որոշեին Սահմանդարական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ևս 6 դատավորների լիազորությունները դադարեցնելու հարցը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հանրաքվեն հետաձգվեց և այժմ չեղարման ճանապարհին է։

Փոխարենը Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծումը տեղափոխվում է Ազգային ժողով։ Առաջարկի գաղափարը հետևյալն է՝ համապատասխանեցնել Սահմանադրական դատարանը 2015 թվականին ընդունված սահմանադրությանը և հեռացնել բոլոր այն դատավորներին, որոնք պաշտոնավարել են 12 տարվանից ավելի: Բացի այդ, Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հեռացնել Հրայր Թովմասյանին. նրան 2018 թվականին ընտրել են Ազգային ժողովի պատգամավորները, և մինչև թոշակի անցնելը պաշտոնավարելու հնարավորություն տվել: Այնինչ 2015 թվականին ընդունված սահմանադրությամբ պետք է ընտրվեին ՍԴ դատավորները միայն 6 տարի ժամկետով։ Ահա այս լուծման վերաբերյալ կարծիք ստանալու համար է Արդարադատության նախարարությունը դիմել Վենետիկի հանձնաժողով։

Ռուստամ Բադասյանը կարծում է, որ խորհրդարանը կկարողանա լուծել ճգնաժամը. – «Ես վստահ եմ, որ Ազգային ժողովով հնարավոր է լուծում գտնել»:

«Սահմանադրական դատարանում ճգնաժամ գոյություն չունի», - այսօր հայտարարեց բարձր դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Նա փոխանցեց, որ Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հեռանալ:

Էդգար Ղազարյան

«Ի՞նչ ճգնաժամ: Սահմանադրական դատարանում երբեք ճգնաժամ չի եղել, իր կազմավորման օրվանից դատարանը աշխատում է բնականոն հունով, բնականոն ռեժիմով, և ոչ մի օր ճգնաժամի դրսևորում չի եղել: Դատարանի բոլոր դատավորները պաշտոնավարում են Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, ամեն ինչը բխում է ՀՀ Սահմանադրության ոգուց: Իսկ Ձեր ասած նախաձեռնությանը ես տեղյակ չեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազարյանը` հավելելով, որ Սահմանադրական դատարանն ապաքաղաքական է և բարձր վարկանիշ ունի: - «Սահմանադրական դատարանը վայելում է հանրային մեծ հեղինակություն և վստահություն: Այդ են վկայում նաև հանրության շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որի պարզվել էր, որ բոլոր դատաիրավական մարմիններից Հայաստանում ամենաբարձր վստահությունն ունի Սահմանադրական դատարանը»:

Հարցին, թե արդյոք Հրայր Թովմասյանը պետք է հեռանա ՍԴ նախագահի պաշտոնից, արձագանքեց. – «Իհարկե ոչ: Ինչո՞ւ պիտի հեռանա... Մենք իրականության մեջ ունենք այն, ինչ որ գրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ, պարոն Թովմասյանը ընտրվել է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով և այն ժամկետներում, որ ժամկետով, որ ժամկետով որ անհրաժեշտ է եղել ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ»:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով, միայն սահմանադրական ճգնաժամը լուծելով Հայաստանի արդարադատության համակարգը չի կարող միանգամից բարեփոխվել, սակայն սահմանադրական ճգնաժամը լուծելը այն անհրաժեշտ ու պարտադիր պայմանն է, առանց որի արդարադատության համակարգում փոփոխություններ չեն կարող լինել. – «Որևէ մեկ քայլով կամ երկու քայլով Հայաստանի արդարադատության համակարգում պետք չի միանգամից արդյունքներ սպասել: Արդարադատության համակարգում բարեփոխումները խորքային, բազմակի գործողություններ ենթադրող պրոցես է: Բայց սա անհրաժեշտ ու պարտադիր նախապայման է առաջ շարժվելու համար, որովհետև ունենք Սահմանադրական դատարանի մոդել, որը չի իրացվել: Ընդ որում, էնպիսի անցումային դրույթ է Սահմանադրության տեքստում ներառվել, որը որ ուղղակի չի ապահովում էդ մոդելի կյանքի կոչումը: Կունենանք ավելի հավասարակշռված Սահմանադրական դատարան` տարբեր սահմանադրական մարմինների մասնակցությամբ առաջադրված և ընտրված թեկնածուներով, և սա կյանքի կկոչի այդ մոդելը, որը որ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով նախատեսված է եղել: Կամ մեկնարկը կտրվի այդ փոփոխությունները ավելի արագ պրակտիկայում կյանքի կոչելու համար»: