Մատչելիության հղումներ

Կառավարությունը քննարկում է ՍԴ ճգնաժամը որևէ ձևով խորհրդարանում լուծելու տարբերակը


Առնվազն մեկ տարի հանրաքվե չի կարող անցկացվել, մյուս կողմից էլ սահմանադրական ճգնաժամի լուծմանն այդքան սպասել չի կարելի, «Ազատության» հարցին ի պատասխան, այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի ճգնաժամը միջազգայնորեն ճանաչված խնդիր է համարում, ընդգծում է՝ այն չի կարող բարձիթողի մնալ։ Կառավարությունը քննարկում է ճգնաժամը որևէ ձևով խորհրդարանում լուծելու տարբերակը։

«Մենք մտածում էինք՝ էս տարի էս հանրաքվեն անենք, հետո խորհրդարանական ընտրությունների հետ՝ 2023 թվականին, կանենք էն մյուսը, բայց հիմա էս համաճարակի բերած փոփոխություններով էդ ժամանակացույցն էդքան էլ չի ստացվում: Հետևաբար, մենք հիմա Վենետիկի հանձնաժողով ենք դիմել, և, այո, քննարկվում է առնվազն Սահմանադրական դատարանի հարցը որևէ բանաձևով մասնակի կամ ամբողջական խորհրդարանում լուծելու հարցը», - ասաց վարչապետը:

«Պետք է կարողանանք այնպես անել, որ դատական համակարգի ներսում տեղի ունենան փոփոխություններ»

Շուրջ 5 ժամ տևած առցանց ասուլիսի ժամանակ գործադիրի ղեկավարը նաև դատական համակարգի բարեփոխումներին անդրադարձավ։ Ասաց՝ ընդհանուր առմամբ շատ է խոսվում դրանց արագության մասին, և հարց հնչեցրեց՝ արդյոք արագ բարեփոխումը լա՞վ բարեփոխում է։

Ըստ վարչապետի, կառավարությունը չի ցանկանում արագ, թեկուզ պրոհեղափոխական, բայց խամաճիկային դատական համակարգ ստեղծել։ Կարծում է, որ համակարգում հիմա էլ բազմաթիվ կարող մարդիկ կան։

«Մենք պետք է կարողանանք էս պրոցեսներով այնպես անել, որ հենց դատական համակարգի ներսում տեղի ունենան փոփոխություններ, որ ի հայտ գան մարդիկ, որ էդ մարդիկ դառնան էն վեմը, որի վրա անկախ դատական համակարգը կարող է կառուցվել: Էս ամեն ինչի պատճառը հետևյալն է, ես ինձ երկար ժամանակ հարց եմ տալիս՝ լավ, էս բոլոր դատավորներին հանում ենք գործից, ո՞ւմ ենք բերում, ովքեր են էդ հրեղեն դատավորների թեկնածուները, որ գալու են և փոխեն», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

«10-ը տարի կեղծված, թաքցված ապացույցները հեշտ չի երկու տարում բացահայտել»

Ինչո՞ւ չի հաջողվում Մարտի 1-ի գործի քննությունն առաջ տանել։ 10-ը տարի կեղծված, թաքցված ապացույցները հեշտ չի երկու տարում բացահայտել, վարչապետի արձագանքն է հարցին։ Այնուամենայնիվ, Փաշինյանի կարծիքով, շատ մանրամասներ են բացահայտվել։ Ասաց՝ մեծ հաշվով պարզ է, թե ովքեր են, ինչ շրջանակ է կազմակերպել սպանությունները։

«Իսկական կրակողների պարկուճները չկան, և մենք հնարավորություն չունենք էսօր էդ պարկուճներով նույնականացնել և փորձել այդ զենքերը գտնել: Հիմա այդ քննչական խմբի ղեկավարը գտնվում է հետախուզման մեջ, ինչի՞, թող գա պատմի՝ ինչ է արել այն պարկուճները, գուցե ինքը գիտի հենց սպանության հեղինակների անուն-ազգանունները, և քննությունը պետք է շարունակվի: Մենք պետք է ջանքեր գործադրենք այդ անձին՝ հետախուզվող, ձերբակալելու և Հայաստան վերադարձնելու ուղղությամբ: Դա հեշտ չի, բայց մենք պետք է գնանք այդ ճանապարհով», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Հայաստանն ակնկալում է, որ գազի սակագինը չի բարձրանա

Հեռավար մամուլի ասուլիսի ընթացքում չշրջանցվեց Հայաստան ներկրվող գազի գնի թեման: Փաշինյանը հայտարարեց, որ այդ հարցի վերաբերյալ քաղաքական խորհրդակացությունները շարունակվում են։ Հայաստանն ակնկալում է, որ գազի սակագինը չի բարձրանա։

«Պետք է արձանագրենք, որ նաև էներգակիրների շուկաների փլուզման պայմաններում և նավթի գների անկման պայմաններում մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ, մանավանդ կորոնավիրուսի ճգնաժամը և նրա բերած սոցիալական խնդիրները հաշվի առնելով, մենք կշարունակենք աշխատել մեր գործընկերների հետ», - ընդգծեց նա:

Կառավարության ղեկավարն, ի դեպ, Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի միակ խնդիրը գազի ընդհանուր շուկայի սկզբունքների համաձայնեցման հարցն է համարում։ Գազի սակագնի բարձրացման համար «Գազպրոմ Արմենիա»-ն ապրիլի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է դիմել։

«Հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձևավորվել»

Ասուլիսի ընթացքում Փաշինյանին լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին նաև արցախա-ադրբեջանական հակամարտության, մասնավորապես, անցած ամսվա վերջին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի պնդումների վերաբերյալ։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, թե կողմերը բանակցային սեղանին հակամարտության լուծման փուլային տարբերակն են քննարկում։

Պաշտոնական Երևանը հերքել էր Լավրովի հայտարարությունը։ Վարչապետը ևս կրկնեց՝ հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձևավորվել, իսկ հին փաստաթղթի շուրջ Հայաստանը հրաժարվել է բանակցել։

XS
SM
MD
LG