Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ սկսեց քննարկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի՝ հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Փաթեթը հնարավորություն է տալիս չեղարկել ռազմական կամ արտակարգ դրության ընթացքում նշանակված հանրաքվեն, ինչպես նաև կարգավորումներ է սահմանում այն դեպքերի համար, երբ հանրաքվեն այնուամենայնիվ կայանում է: Նախագծի հեղինակը պնդում է գործող օրենքում բաց կա:
«Այսինքն՝ ամբողջ գործընթացը, թե ինչպես պետք է վերսկսվի հանրաքվեն, հանրաքվեի մասը բաց է թողնվում, չի ասվում», - ասաց Հովակիմյանը:
Իշխանական պատգամավորները շեշտում էին՝ այս նախագիծը դեռ չի նշանակում, որ ապրիլի 5-ին նշանակված, բայց արտակարգ դրության պատճառով հետաձգված հանրաքվեն կչեղարկվի: Ըստ նախագծի՝ հանրաքվեն չեղարկել կարող է այն նախաձեռնող կողմը: Հետաձգված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դեպքում դա ԱԺ-ն է, որը փետրվարի 6-ին հաստատել էր նախագիծ, որով դադարեցվում է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անհանգստացած է, ասում է՝ այս օրենքի տրամաբանությամբ, մի օր էլ իշխանությունները կարող են նախագիծ բերել ու չեղարկել խորհրդարանական ընտրությունները կամ Հայաստանը հռչակել միապետություն:
«Ընդհանրապես չե՞ք կարծում, որ ձեր էս տրամաբանությունը նշանակում է թքել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա, Սահմանադրությունը սարքել պոլի շոր և ընդամենը ձեր քաղաքական այսրոպեական խնդիրը լուծելու համար ուղղակի ձևախեղել Սահմանադրությունը», - նշեց Զոհրաբյանը:
«Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Կարեն Սիմոնյանը ասում է՝ եթե Արցախում կարելի է երկու փուլով ընտրություններ կազմակերպել, դրանից հետո էլ առանց դիմակների երդմնակալություն և խնջույք անել, ինչո՞ւ նույնը չի կարելի անել Հայաստանում:
«Եթե կա հնարավորություն, պահպանելով համաճարակային, հակահամաճարակային միջոցառումները, սանիտարական պայմանները, կորոնավիրուսի դեմ պայքարի այլ միջոցառումները, անցկացնել հանրաքվե, ինչո՞ւ եք խուսափում դրանից», - ասաց Սիմոնյանը:
Ելույթների ընթացքում առավել ակտիվ էին ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Իվետա Տոնոյանի համար անընդունելի է սահմանադրական օրենքում փոփոխությունները նման հապճեպությամբ անցկացնելու հարցը:
«Խորհրդարանական մեծամասնությունը և ընդհանրապես կառավարությունը ավելի լուրջ մոտեցում ցուցաբերե իր իսկ նախաձեռնություններին, որովհետև հակառակ դեպքում ևս մեկ անգամ բախվելու ենք նույն «Կոկա-կոլա»-ի գովազդի տրամաբանությանը, և դուք պարբերաբար ստիպված եք լինելու կրկին փորձելու», - նշեց Տոնոյանը:
ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը հարցրեց՝ ինչո՞ւ եք շտապում, թողեք համաճարակը կավարտվի հարցը կդնեք հանրաքվեի:
«Ժողովրդին թողնում եք, որ գան մոլերում առևտուր անեն, ռեստորաններում քեֆ անեն, թող մի օր էլ գան ընտրություն անեն: Հարյուր հազարով նայում են օնլայն, օնլայն քարոզչություն արեք», - ասաց Միքայել Մելքումյանը:
Խմբակցության անունից ելույթների ժամանակ ԲՀԿ-ն հայտարարեց դեմ քվեարկելու մասին, իսկ «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը հակադարձեց՝ փետրվարին, երբ հանրաքվե անցկացնելու որոշում կայացվեց, ԲՀԿ-ն ձեռնպահ մնաց՝ որակելով այն խոցելի գործընթաց և հիմա միայն ուրախ պետք է լինի, եթե հանրաքվեն չեղարկվի:
«Մենք հանգում ենք հետևյալին՝ մենք ուզում էինք լուծել խնդիրը, և դուք, ցավոք, իմ սիրելի ընդդիմադիր բարեկամներ, չէիք ուզում լուծել խնդիրը, հիմա մենք կրկին ուզում ենք լուծել խնդիրը, և դուք, իմ սիրելի ընդդիմադիր բարեկամներ, կրկին ուղիղ ասելու փոխարեն, որ «չենք ուզում, որ Սահմանադրական դատարանի խնդիրը լուծվի», եկել ասում եք՝ «բա ինչի՞ չեք անում էդ հանրաքվեն», - հայտարարեց Ռուբինյանը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ արտահերթ ելույթով վստահեցրեց՝ նշանակված հանրաքվեն հետաձգելու այլ պատճառ, բացի քաղաքացիների անվտանգությունից, գոյություն չունի:
«Մտածում եք, որ «Իմ քայլը» խմբակցությունը խնդիր ունի հանրաքվե անելո՞ւ, կարանք ժամը մեկ հանրաքվե անենք, մենք վստահության որևէ խնդիր չունենք, այդ դիմակը, որ քաշում փակում եք, այդ պատճառն է, որ մենք չենք անում, որովհետև երբ որ մենք հայտարարենք, որ հանրաքվե, այնուամենայնիվ, անում ենք, դուք գալու եք ասեք՝ «ո՞նց եք հանրաքվե անում, մենք ստեղ դիմակով ենք նստած, դուք հանրաքվեի եք գնում», - արձագանքեց Սիմոնյանը:
Իշխանական մեկ այլ պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ իր օրինակը ունի, թե ինչու է կարևոր օրենսդրությունում հանրաքվեն չեղարկելու մեխանիզմ ունենալը: Ասում է՝ բա որ արտակարգ դրության ավարտին պարզվի, որ բյուջեում բավարար գումար չկա հանրաքվե անցկացնելու համար:
«Պատկերացրեք՝ արտակարգ կամ ռազմական պայմաններից հետո վերանում է, բյուջեում էդքան փող չկա, որ ֆիզիկապես էդ հանրաքվեն իրականացնես, որովհետև դա էժան գործընթաց չի, մենք երբեք չենք ասել, որ դա էժան գործընթաց է: Հիմա չպե՞տք է լինի մեխանիզմ, որ դա չանել, եթե դրա փողը չկա», - նշեց Գրիգորյանը:
Հարցն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը: Փոփոխություններին օրենքի ուժ տալուց հետո նոր միայն Ազգային ժողովի պատգամավորները կարող են հանդես գալ ապրիլի 5-ին նշանակված և արտակարգ դրության պատճառով հետաձգված սահմանադրական հանրաքվեն չեղարկելու նախաձեռնությամբ:
Նկատենք՝ իշխանության մի քանի ներկայացուցիչներ արդեն հրապարակային խոսել են այն մասին, որ ցանկանում են ՍԴ-ի շուրջ ստեղծված հարցը ԱԺ լիազորությունների շրջանակում լուծել և այդ մասով արդարադատության նախարարը խորհրդատվության համար արդեն դիմել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովին։