Առաջարկվում է ՍԴ նոր նախագահ ընտրել, 12 տարի պաշտոնավարած դատավորներին հեռացնել, «Ազատության» հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Իշխանության տարբեր ներկայացուցիչներ՝ սկսած վարչապետից, նաև՝ Դուք, արդեն հայտարարել եք, որ հարցն ամենայն հավանականությամբ կլուծվի ոչ թե հանրաքվեով, այլ խորհրդարանում, այնուամենայնիվ, արդյոք ուրվագծվո՞ւմ է մեխանիզմը:
Ռուբեն Ռուբինյան. - Մենք սկսեցինք փնտրել ուղիներ խնդիրն առանց հանրաքվեի, բայց միևնույն ժամանակ լիակատար լեգիտիմ և լեգալ ճանապարհով լուծելու, միևնույն ժամանակ միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ լուծելու, և հիմա կարծես թե նախանշվում է մի հնարավոր տարբերակ: Սցենարը Սահմանադրության մեջ նկարագրված Սահմանադրական դատարանի իրագործումն է փաստացի: Այսինքն՝ անել այնպես, որ Սահմանադրական դատարանի անդամները կամ դատավորները պաշտոնավարեն այնքան, որքան դա նախատեսված է Սահմանադրությամբ: Այսինքն՝ այն դատավորները Սահմանադրական դատարանի, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, դադարեն պաշտոնավարել, այն դատավորները, որոնք չեն պաշտոնավարել 12 տարի, որոնց ժամկետը 12-ամյա չի լրացել, չեն պաշտոնավարի մինչև թոշակը, այսինքն՝ նրանք նույնպես կպաշտոնավարեն 12 տարի:
Բացի այս, քանի որ մենք ունենք իրավիճակ, երբ Սահմանադրական դատարանի նախագահը ընտրվել է ոչ թե վեց տարով, այլ մինչև թոշակի անցնելը, և [ոչ թե] Սահմանադրական դատարանի դատավորների թվից և կողմից, այլ՝ Ազգային ժողովի կողմից, սա նույնպես կփոխվի, և Սահմանադրական դատարանի դատավորները, եթե մենք գնանք այս նախանշված ճանապարհով, կընտրեն նոր նախագահ Սահմանադրական դատարանի՝ վեց տարով: Սա է, մեծ հաշվով, լուծման ճանապարհը, և, բնականաբար, այս լուծումը նաև ենթադրում է մեր միջազգային գործընկերների և առաջին հերթին Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցություն: Հենց այս համատեքստում է արդարադատության նախարարը հարցեր ուղղել Վենետիկի հանձնաժողովին: Բնականաբար, այս հնարավոր լուծումը իր ծավալով նույնական չէ մեր կողմից առաջարկված նախնական լուծման հետ, բայց այն ըստ էության լուծում է համար մեկ խնդիրը, այն է՝ թղթի վրա նկարագրված Սահմանադրական դատարանը դարձնել իրականություն:
«Ազատություն». - Պարոն Ռուբինյան, այս սցենարով Հրայր Թովմասյանը կշարունակի մնալ առնվազն Սահմանադրական դատարանի անդա՞մ, եթե ոչ նախագահ:
Ռուբեն Ռուբինյան. - Նախ, այո, չի լինի, Հրայր Թովմասյանը այս հնարավոր տարբերակի դեպքում կդադարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ, և նոր նախագահ կընտրեն անդամները կամ դատավորները: Պետք է հաշվի առնել, որ ընդհանրապես ամբողջ գործընթացի ընթացքում մենք ի՞նչ ենք ասել՝ որ մենք ուզում ենք լուծել համակարգային խնդիր: Այսինքն՝ մեր խնդիրը երբեք չեն եղել անձերը, մեր խնդիրը եղել է Սահմանադրական դատարանի մոդելը՝ Սահմանադրությամբ նախատեսված, կյանքի կոչելը: Պիտի շեշտադրեմ, որ ընդհանուր ավելի ընդգրկուն սահմանադրական փոփոխությունները՝ ապագայում անցկացվելիք, կանդրադառնան դատական համակարգի խնդիրներին, և այն դատական համակարգի, որի մասն է նաև Սահմանադրական դատարանը:
«Ազատություն». - Իսկ դուք քննարկե՞լ եք տարբերակ, որ դատարանի այս նույն անդամները, որոնք անթաքույց սատարում են Հրայր Թովմասյանին, նրան նորից ընտրեն Սահմանադրական դատարանի նախագահ, որովհետև Ձեր ասած այս տարբերակով, օրինակ, եթե չեմ սխալվում, Ալվինա Գյուլումյանը դեռ 5-6 տարի էլ պետք է պաշտոնավարի, Արևիկ Պետրոսյանին պաշտոնավարման երկու տարի է մնում: Այսինքն՝ նրանք այս փոփոխությունից հետո էլ նորից կարող են Հրայր Թովմասյանին դատարանի նախագահ ընտրել:
Ռուբեն Ռուբինյան. - Չեմ ուզում առաջ անցնել, կարծում եմ՝ Ձեր նկարագրած տարբերակի հավանականությունը շատ-շատ փոքր է:
«Ազատություն». - Դուք ունե՞ք տվյալներ, հաշվարկներ, թե սա կյանքի կոչելուց հետո կոնկրետ դատարանի քանի անդամ տուն կգնա:
Ռուբեն Ռուբինյան. - Բնականաբար, ունեմ, և այդ հաշվարկները, այսինքն, նայում ենք՝ տվյալ դատավորը ընդհանրապես քանի՞ տարի է եղել Սահմանադրական դատարանի անդամ կամ դատավոր: Ես ուղղակի հիմա չեմ ուզում դետալների մեջ մտնել:
«Ազատություն». - Պարոն Ռուբինյան, իսկ հանրաքվեն չեղարկելու և այս սցենարն իրականացնելու համար կոնկրետ ի՞նչ եք անելու, օրենքի, Սահմանադրության փոփոխությունը ինչպե՞ս է կարգավորվելու:
Ռուբեն Ռուբինյան. - Սա արդեն տեխնիկայի հարց է, դրա հետ կապված արդարադատության նախարարը նույնպես հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողովին, կործում եմ՝ այդտեղ խնդիր չի առաջանա, այո, փոփոխություն պետք է լինի:
«Ազատություն». - Մոտավորապես ե՞րբ է ակնկալվում բերել այս հարցը խորհրդարան:
Ռուբեն Ռուբինյան. - Վենետիկի հանձնաժողովի պատասխանը ստանալուց հետո շատ ժամանակ չի անցնի, և խնդիրը կլուծվի խորհրդարանում:
«Ազատություն». - Այսինքն արդեն առաջիկա ամիսների՞ն:
Ռուբեն Ռուբինյան. - Ըստ էության, այո:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.