Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 6 միլիոն 800 հազարի, մահացել է 398 հազար մարդ

ԱՀԿ-ն հորդորում է դիմակները հանրային վայրերում պարտադիր դարձնել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կտրուկ փոխել է պաշտպանիչ դիմակների հարցով դիրքորոշումը՝ հորդորելով կառավարություններին պարտադիր դարձնել դիմակների կրումը հանրային վայրերում՝ մասնավորապես, տրանսպորտում, խանութներում: Ընդ որում, ըստ կառույցի մասնագետների, դիմակները կարող են լինել ինչպես բժշկական, այնպես էլ կտորից:

Կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքերով՝ դիմակների արդյունավետությունը տեսանելի կլինի միայն այն դեպքում, եթե դրանք ուղեկցվեն այլ կանոններով՝ սոցիալական հեռավորություն, ձեռքերի հաճախակի ախտահանում: ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ համավարակը կանխելու լավագույն միջոցն է բացահայտել վարակվածներին, կարանտին իրականացնել, խնամել հիվանդին և պարզել նրա հետ շփումներ ունեցած մարդկանց շրջանակը։

Համաճարակի երկրորդ ալիք Իրանում

Անցած դեկտեմբերին Չինաստանում բռնկված կորոնավիրուսի համաճարակը չի ավարտվել, զգուշացնում է ՄԱԿ-ին կից գործող աշխարհում առողջապահական ոլորտը համակարգող կազմակերպությունը՝ փաստելով, որ մի շարք երկրներում ականատես են լինում կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի, ինչը հաջորդում է սահմանափակումների թուլացմանը:

Խոսքը այդ թվում Իրանի մասին է, որտեղ վարակը արդեն 8,134 մարդու կյանք է խլել։ Երկրի նախագահ Հասան Ռոհանին այսօր հայտարարել է, որ մեկ հարսանեկան խնջույքը երկրում կորոնավիրուսի համաճարակի նոր բռնկումների պատճառ է դարձել:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Իրանում վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է 3 հազար 574 նոր դեպք, ինչը փետրվարից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է՝ այդպիսով վարակակիրների ընդհանուր թիվը հասցնելով 167 հազար 156-ի: Նախագահ Ռոհանիի խոսքերով՝ կառավարությունը այլևս չի կարող գնալ սահմանափակումների ճանապարհով՝ տնտեսությունը կրկին չվտանգելու համար:

ՆԱՏՕ-ն պատրաստվում է համաճարակի երկրորդ ալիքին

Արևմտյան երկրներում համաճարակի հնարավոր երկրորդ ալիքը նվազ կորուստներով հաղթահարելու նպատակով Հյուսատլանտյան ռազմական դաշինքը (ՆԱՏՕ) նախապատրաստական քայլեր է ձեռնարկում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Welt am Sonntag-ի հետ զրույցում:

Նրա խոսքերով՝ դաշինքը պլանավորում է «նախապատրաստել բավարար ռեսուրսներ բժշկական նյութերը արագ տեղափոխելու և արագ հասանելի դարձնելու ուղղությամբ»: Ըստ Ստոլտենբերգի, հունիսի կեսերին արդեն այդ պլանը կներկայացվի դաշինքի անդամ երկրներին:

Թրամփը հայտարարում է սահմանափակումները վերացնելու անհրաժեշտության մասին

Ներկայումս կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոնը Կենտրոնական, Հարավային և Հյուսիսային Ամերիկան է, մասնավորապես, Միացյալ Նահանգները, որը շարունակում է լինել ինչպես վարակվածների, այնպես էլ մահացության ցուցանիշներով աշխարհում առաջին երկիրը:

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Նահանգներում մոտենում է 2 միլիոնին, մահացել է արդեն մոտ 111 հազար 400 մարդ: Այսպիսով, ԱՄՆ-ին բաժին է հասնում աշխարհում վարակվածների ընդհանուր թվի՝ 6 միլիոն 867,5 հազարի գրեթե մեկ քառորդը։ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը, սակայն, հայտարարում է երկրով մեկ սահմանափակումները վերացնելու և երկիրը բացելու անհրաժեշտության մասին՝ հավաստիացնելով, որ Միացյալ Նահանգները գրեթե հաղթահարել է համաճարակը:

Բրազիլիայի առաջնորդը սպառնում է դուրս գալ ԱՀԿ-ից

Վարակակիրների թվով Նահանգներին հաջորդում է Բրազիլիան՝ հաստատված 646 հազար դեպքերով, երկրում մահացել է ավելի քան 35 հազար մարդ: Ամիսներ շարունակ արհամարհելով հակահամաճարակային սահմանափակումներ մտցնելու կոչերը, նախագահ Ժաիր Բոլսոնարուն այժմ էլ սպառնում է խզել կապերը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, որն ամենօրյա ռեժիմով զգուշացնում էր երկրին պատուհասած վտանգի մասին: Այս հայտարարություններին ի պատասխան Բոլսոնարուն սպառնացել է դուրս բերել Բրազիլիան, իր բնորոշմամբ, այդ «պարտիզանա-քաղաքական կազմակերպությունից»:

Տոնավաճառ Մոսկվայում կոշտ սահմանափակումների պայմաններում

Հիվանդացության ցուցանիշով երրորդ հորիզոնականում հայտնված Ռուսաստանում օրական նոր վարակակիրների թիվը կայուն պահպանվում է 9 հազարի սահմաններում: Երկրում վարակված է մոտ 459 հազար մարդ, հիվանդացությունների ամենամեծ թիվը գրանցվում է մայրաքաղաք Մոսկվայում:

Չնայած այդ հանգամանքին, կոշտ սահմանափակումների պայմաններում, ըստ որի, հատկապես արգելված են զանգվածային միջոցառումները, Մոսկվայի Կարմիր հրապարակում այսօր մեկնարկում է գրքի եռօրյա տոնավաճառ, որին ակնկալվում է, որ կմասնակցի 18 հազար մարդ: Միջոցառումը նվիրված է նշանավոր ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվան: