Վաշինգտոնը խզում է կապերը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ` միջազգային այս կառույցին մեղադրելով Չինաստանի վերահսկողության տակ գտնվելու և կորոնավիրուսի համաճարակը կանխելու անկարողության համար: Այս մասին ուրբաթ երեկոյան Սպիտակ տանը հնչեցրած իր ելույթում հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
«Չինաստանի կողմից Վուհան քաղաքում վարակի բռնկման կոծկումը հանգեցրեց դրա տարածմանը ողջ աշխարհում: Դա իր հերթին բերեց գլոբալ մի համավարակի, որն ավելի քան 100 հազար ամերիկացիների կյանք է խլել: Ողջ աշխարհում համաճարակի հետևանքով միլիոնից ավելի մարդ է մահացել», - հայտարարում էր Դոնալդ Թրամփը` պնդելով, որ Պեկինի նման պահվածքը անհնարին կլիներ, եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այլ կերպ գործեր:
«Չինացի պաշտոնյաները անտեսեցին` իրենց պարտավորությունը` [անհապաղ կերպով] տեղեկացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը վարակի տարածման մասին: Բացի այդ, երբ վիրուսը նոր էր հայտնաբերվել, Պեկինը ճնշում գործադրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության նկատմամբ` ստիպելով այդ կառույցին մոլորության մեջ գցել ողջ աշխարհին: Չինաստանը լիակատար վերահսկողություն է սահմանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանդեպ, չնայած այն իրողությանը, որ տարեկան այդ կազմակերպության բյուջ է մուտքագրում ընդամենը 40 միլիոն դոլար: Համեմատության համար նշեմ, որ ԱՄՆ տարեկան այս կազմակերպությանը մոտ 450 միլիոն դոլարի վճարում է իրականացնում: Մենք մանրամասնորեն ներկայացրել էինք կազմակերպության բարեփոխումների ծրագիրը, սակայն այդ կառույցը որևէ քայլ այդ ուղղությամբ այդպես էլ չիրականացրեց: Եվ քանի որ այդ պահանջված և անհրաժեշտ բարեփոխումները կյանքի չեն կոչվում, մենք այսօրվանից խզում ենք կապերը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ` մեր կողմից նախկինում հատկացվող գումարները ուղղելով առողջապահական գլոբալ խնդիրների լուծմանը», - հայտարարում էր Դոնալդ Թրամփը` մեկ անգամ ևս պնդելով, որ Չինաստանը իր տարածքում սկիզբ առած կորոնավիրուսի համաճարակի ծագման վերաբերյալ պետք է հստակ բացատրություններ հնչեցնի:
Թրամփի այս հայտարարությունը հնչեց Չինաստանի նախագահ Սի Ծինպինի` այս շաբաթ ունեցած ելույթից հաշված օրեր անց: Դրանում Չինաստանի ղեկավարը խոստանում էր առաջիկա երկու տարիներին շուրջ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով 2 միլիարդ դոլար տրամադրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Չինաստանի կողմից խոստացված այդ գումարն ի դեպ հավասարազոր է կազմակերպության տարեկան բյուջեին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխարհի երկու հզորագույն պետությունների դիվանագիտական բախման կիզակետում հայտնվեց մի իրավիճակում, երբ կորոնավիրուսի տարածումն աշխարհում ոչ մի կերպ չի հաջողվում կանգնեցնել:
Համաճարակի էպիկենտրոնն այժմ Լատինական Ամերիկայում է: Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով Բրազիլիայում վարակակիրների թիվը հասել է 465 հազարի, մահացածների թիվը ընդհուպ մոտեցել է 28 հազարին: Համաճարակն արագորեն տարածվում է նաև Հարավային Ամերիկայի մյուս պետություններում: Առավել ճգնաժամային է իրավիճակը Չիլիում:
Լատինական Ամերիկայի ամենաբարեկեցիկ և ժամանակակից առողջապահական համակարգ ունեցող այս պետությունում, որտեղ 18 միլիոն մարդ է ապրում, այս պահին ավելի շատ վարակակիր կա քան Չինաստանում` շուրջ 90 հազար:
«Վերջին 24 ժամերին մեր երկրում կորոնավիրուսի 3 հազար 695 նոր դեպք է հայտնաբերվել: Ցավով պետք է արձանագրեմ, որ նույն ժամանակահատվածում ողջ Չիլիի տարածքում կորոնավիրուսի հետևանքով 54 մարդ է մահացել: Դա մեկ օրում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի սկզբից ի վեր: Մահացածների հիմնական մասը տարեց մարդիկ են և հիվանդներ, որոնք տառապել են խրոնիկական հիվանդություններով», - Սանտյագոյում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Չիլիի առողջապահության նախարար Խայմե Մանալիչը:
Լատինական Ամերիկայի մյուս պետություններում իրավիճակը ևս բավական բարդ է: Մեքսիկայում այս պահին ավելի քան 84 հազար, իսկ Պերույում շուրջ 140 հազար վարակակիր կա:
Ընդհանուր առմամբ աշխարհում, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի հաշվարկների, վարակակիրների թիվը ընդհուպ մոտեցել է 6 միլիոնի: Նույն աղբյուրի համաձայն, կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվն այսօր գերազանցել է 365 հազարը, որոնցից 102 հազարը Միացյալ Նահանգներում: