Կորոնավիրուսից մահացածների թիվը աշխարհում հատել է 380 հազարի շեմը, նրանց գրեթե մեկ երրորդը` 106 հազարը, Միացյալ Նահանգներում: Դա են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի կողմից հրապարակած վերջին տվյալները: Դրանց համաձայն` վարակակիրների թիվը ողջ աշխարհում մոտենում է 6 ու կես միլիոնի:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը թուլացնում է սահմանափակումները
Աշխարհում մահացությունների թվով ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղում գտնվող Մեծ Բրիտանիայում էլ (այստեղ կորոնավիրուսից ավելի քան 39 հազար մարդ է մահացել) կառավարությունը մի կողմից որոշակիորեն թուլացնում է կարանտինային սահմանափակումները, մյուս կողմից` վերլուծում համաճարակի ընթացքում կուտակած վիճակագրությունը` բավական ուշագրավ հետևությունների հանգելով:
Անգլիայի հանրային առողջապահության գործակալության կողմից երեքշաբթի երեկոյան հրապարակած հետազոտության համաձայն` Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքներում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշները զգալիորեն ավելի բարձր են, քան բնիկ բրիտանացիների մոտ:
«Քաղաքում բնակվելը [կորոնավիրուսի համաճարակի պայմաններում] ռիսկային է: Ազգային փոքրամասնության ներկայացուցիչ լինելը կամ աֆրիկյան ծագում ունենալը ևս լրջագույն ռիսկի գործոն է»,- Լոնդոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը` մեկնաբանելով երկրի առողջապահական կառույցների ներկայացրած զեկույցը:
Այդ փաստաթղթի համաձայն` բանգլադեշցի ներգաղթյալների շրջանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը երկու անգամ ավելի բարձր է, քան բնիկ բրիտանացիների շրջանում: Այդ ցուցանիշը 10-ից 50 տոկոսով ավելի բարձր է նաև Միացյալ Թագավորությունում բնակվող չինացիների, պակիստանցիների, Կարիբյան ծովի ավազանից ներգաղթածների շրջանում:
Ի դեպ, նույն միտումը նկատելի է նաև կորոնավիրուսից առավել տուժած մի շարք այլ պետություններում, մասնավորաբար Միացյալ Նահանգներում և Բրազիլիայում: Այստեղ ևս մահացածների թվում ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև աֆրիկյան ծագում ունեցող խմբերի ներկայացուցիչները անհամաչափ մեծ թիվ են կազմում:
Բրազիլիայում վարակակիրների թիվը հատել է 530 հազարի շեմը
Արևմտյան կիսագնդում, ի դեպ, համաճարակաբանական իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ հատկապես Բրազիլիայում: Հարավային Ամերիկայի խոշորագույն պետությունում վարակակիրների թիվը հատել է 530 հազարի շեմը, ավելի քան 30 հազար մարդ մահացել է: Չնայած դրան Բրազիլիայի մեծությամբ երկրորդ քաղաքի` Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային իշխանությունները սկսել են տնտեսության աստիճանական վերագործարկման պրոցեսը, մասնավորաբար վերաբացվել է խանութների մեծ մասը, երեք ամիս տևած դադարից հետո կրկին թույլատրվել է փողոցային առևտուրը: Քաղաքի բնակիչներից շատերի համոզմամբ, սակայն, տեղական իշխանությունների այս որոշումը վաղաժամ էր:
«Համաճարակը Ռիո դե Ժանեյրոյում դեռ չի հասել իր գագաթնակետին, այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ հարկավոր էր բաց պահել միայն կենսական նշանակություն ունեցող խանութները»,- Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ռիոյի բնակիչ Ժոաո Ֆերեյրան:
Տնտեսության վերագործարկման բրազիլական իշխանությունների շտապողականությունը, սակայն, բացատրելի է: Համաճարակի հետևանքով երկրի տնտեսությունն արդեն իսկ լրջագույն կորուստներ է կրել: Միջազգային ֆինանսական կառույցների գնահատմամբ` Հարավային Ամերիկայի խոշորագույն տնտեսությունը 2020 թվականը փակելու է շուրջ հինգ տոկոս անկմամբ:
Թուրքիան Մերձավոր Արևելքի ամենատուժած երկիրն է շարունակում մնալ
Տնտեսության հետագա գահավիժումը կանխելու խնդիրն առանցքային է դարձել նաև Թուրքիայի կառավարության համար: Շաբաթասկզբին վերաբացվեցին Ստամբուլի հռչակավոր Մեծ Շուկայի տարածքում գործող սրճարանները, վերագործարկվել են նաև մայրաքաղաք Անկարայի հազարավոր խանութները, ռեստորաններն ու սրճարանները: Թուրքիան այսօրվա դրությամբ շարունակում է մնալ կորոնավիրուսից ամենատուժած մերձավորարևելյան պետությունը: Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով` այստեղ վարակի ավելի քան 165 հազար դեպք է հաստատվել, շուրջ հինգ հազար մարդ մահացել է: