«Ի՞նչ իմանայի, որ մի օր երազանքս ուղղակի ապրելը կլիներ»

Ջուլիետա Առաքելյանը զրուցում է «Ազատության» հետ

Մենակության մեջ, ցավերից գալարվելու ընթացքում վիճակդ ավելի է բարդանում, երբ գիտակցում ես, որ ոչ մի հարազատ չի կարող կողքիդ լինել, պատմում է 30-ամյա Ջուլիետա Առաքելյանը, ով կորոնավիրուսով էր վարակվել գործընկերուհուց և 8 օր բուժվել հիվանդանոցում:

Ջուլիետան այս պահին հյուրանոցում է, բժիշկն ասել է՝ «առողջանում եք, բուժումը կշարունակեք հյուրանոցում, մահճակալը պետք է ազատել՝ ծանր հիվանդներ կան»:

«Ազատության» հետ զրույցում երիտասարդ կինը պատմեց, որ խստորեն պահպանել են անվտանգության բոլոր կանոնները, բայց, միևնույն է, վարակվել են: Ըստ նրա՝ պոլիկլինիկայում հանձնած արագ թեստի արդյունքը բացասական է եղել, միայն իր համառ պնդումներից հետո է հաջողվել ՊՇՌ թեստ հանձնել, պատասխանը՝ դրական: Առաքելյանի փոխանցմամբ՝ թոքերի ռենտգենը ոչ մի խնդիր չի ֆիքսել, միայն համակարգչային տոմոգրաֆիայից՝ КТ-ից հետո է պարզվել, որ արդեն երկկողմանի թոքաբորբ ունի:

«Եթե ես չթեստավորվեի և եթե ինձ չհոսպիտալացնեին, ես չգիտեմ ինչ կլիներ, որովհետև այնտեղ գտնվելու ժամանակ իմ վիճակը միջին ծանրության, մի քիչ ավելի ծանր է եղել», - ասաց Ջուլիետան:

Կեսգիշերին, երբ բժիշկը տեղեկացրել է, որ թեստի արդյունքը դրական է, շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Քրոնիկական որևէ հիվանդություն չունեցող 30-ամյա կինը պատմում է՝ տպավորություն էր, որ մարմինը մաս-մաս քանդվում է. - «Ոնց որ էս քթերիդ մեջ ներարկիչով բենզին լցնեն, ու էդ բենզինը սենց ոնց որ տարածվի, գնա դեպի գլուխ, անտանելի գլխացավ է: Դրանից հետո կորեց հոտառությունը, հաջորդ օրը սկսվեց համային էդ բաները՝ ահավոր դառնահամ է սկսվում՝ սենց բերանդ չորանում է, կպնում է, հետո դու ուտում ես ու հասկանում ես, որ դու ոչ մի բան չես զգում: Ահավոր ձևով ցավ է լինում, չդիմանալու ցավ է լինում»:

Աղեստամոքսային անտանելի ցավերից գալարվող Ջուլիետան չի կարողացել անգամ կանգնել, պառկել, քնել և ուղղակի շնչել:

Ցավերին զուգահեռ՝ նաև աչքի տեսածը չի կարողանում մոռանալ, թե ինչպես էր շնչահեղձ լինող տարեց տղամարդը բժիշկներից փրկություն աղերսել. - «Բերել էին մի պապիկի, ով որ ուղղակի լացում էր, լացում էր ու խնդրում էր բժիշկներին, որ իրեն օգնեին, ասում էր՝ «ազիզ ջան, դուք ինձ օգնելու եք, չէ՞, դուք ինձ փրկելու եք, չէ՞»: Ու էդ տեսարանը երբ որ դու տեսնում ես, չես կարող հավատալ, որ գոյություն ունեն մարդիկ, ովքեր դեռ կարող են ասել, որ էս ամեն ինչը խաղ է, և էդ պապիկի դերում կարար հայտնվեր մեր բոլորի բարեկամներից որևիցե մեկը»:

«Ի՞նչ իմանայի, որ մի օր երազանքս ուղղակի ապրելը կլիներ», - «Ազատությանը» պատմեց Ջուլիետան: Վստահ է՝ կորոնավիրուսը հաղթահարած մարդկանցից շատերին հոգեբանական ծանր ապրումները դեռ շատ երկար չեն լքելու:

«Ամենաշատը ես մտածում էի, որ կկարողանա՞մ հաղթահարել, թե՞ ոչ, որովհետև գալիս են պահեր, երբ որ դու սկսում ես չշնչել, քո մոտ անկախ քեզանից միտք է առաջանում՝ Աստված ջան, ես դուրս ե՞մ գալու էս ամեն ինչի միջից, թե՞ դուրս չեմ գալու: Առաջին միտքը՝ ուղղակի լավանալ ու գալ հարազատների մոտ», - ասաց Ջուլիետա Առաքելյանը: