Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Հայաստանում այս պահին ոչ թե առողջապահական, այլ կարգուկանոնի խնդիր է


«Հայաստանում այս պահին ոչ թե առողջապահական, այլ կարգուկանոնի խնդիր է», - այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Փաշինյանը: - «Ես որ հեղափոխությունով, խոսքով, հաղորդակցությունով Հայաստանի վարչապետ եմ դարձել, հիմա պըտի սպեցնազը հանեմ և ծեծուջարդ անեմ, հա՞, ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանե՞մ»:

Վարչապետն ընդգծեց, որ հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում Հայաստանի ամենամեծ խնդիրը բանկերում և փոստային բաժանմունքներում առաջացող հերթերն են. – «Ամեն բանկ, ըստ պարետատան որոշման, պարտավոր ա ինքը էդ հարցը լուծի»:

Վարչապետը երեկվանից իր ֆեյսբուքյան էջում բազմամարդ հավաքների լուսանկարներ է հրապարակում` ընտանեկան միջոցառումներից մինչև բանկերի հերթեր: Մինչ Փաշինյանը կոչ էր անում քաղաքացիներին իրեն ուղարկել հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող օրինակներ, բազմաթիվ օգտատերեր հիշեցնում էին, որ ինքը վարչապետը օրեր առաջ Լեռնային Ղարաբաղում մասնակցում էր Արցախի նախագահի երդմնակալությունից հետո կազմակերպված բազմամարդ ընդունելությանը:

Այսօր, ի պատասխան այդ քննադատությանը, Փաշինյանն ընդգծեց, որ միջոցառումը Արցախում սահմանված կանոնների շրջանակում է եղել. – «Արցախում, Շուշիում ոչ մի օրենք չի խախտվել»:

Վարչապետի խոսքով, տեղական ինքնակառավարման մարմինները ողջ հանրապետությունում պետք է իրենց ռեսուրսներն օգտագործեն հերթերի խնդիրը լուծելու համար, այնինչ հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, որոշ քաղաքապետարաններ միջոցառումներ են կազմակերպել:

Կեսօրից հետո վարչապետը կրկին ուղիղ եթերում էր և հայտարարեց, որ աշխարհում չկա գեթ մեկ ուժային կառույց, որ կարողանա լուծել հակահամաճարակային կանոններով պայմանավորված խնդիրները. – «Մեր ոստիկանությունը պետք ա չորս-հինգ անգամ ավելի լինի, էդ էլ հըլը հարց ա...»

Վարչապետի խոսքով, եթե սահմանված կանոնները պահպանվեն, կորոնավիրուսի ցուցանիշները 95 տոկոսով կնվազեն:

Ի դեպ, կորոնավիրուսի տարածման պատճառով այսօրվանից մինչև հունիսի 15-ը դադարեցվում է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը:

Պարետատան սահմանած պահանջների կատարումը վերահսկող տեսչական մարմինների աշխատակիցներն ամեն օր շրջում են հանրային սննդի օբյեկտներում, շուկաներում, խանութներում, և խախտումներ հայտնաբերելու դեպքում ժամակավորապես կասեցվում է տարատեսակ հաստատությունների գործունեությունը։

Սահմանված կանոնները խախտելու համար երեկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն ու ոստիկանները փորձել էին դադարեցնել Արմավիրի մարզի Մեյմանդար կոչվող շուկայի գործունեությունը։ Ի պատասխան շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանցից մի քանիսը շրջել էին շուկայի առջև կայանված մեքենաներից մեկը։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է երկու անձ։ Շուկան ի վերջո 24 ժամով փակվել էր։

Այսօր պարետի որոշմամբ Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները դադարեցրին Նոր Նորքի գյուղտնտեսական շուկայի աշխատանքը անվտանգության պահանջներն ամբողջությամբ չկատարելու համար։

«Պիտի պարտավորվեք, որ ժամկետը լրանալուց հետո արձանագրությունում նշված թերությունները չկրկնվելու պայմանները», - ասաց տեսչական մարմնի աշխատակիցը:

Շուկայի պատասխանատուն վստահեցրեց, որ այսուհետ կհետևեն բոլոր կանոններին. – «Ֆիզիկապես հնարավոր էր պահպանել... թերացել ենք ուղղակի, ոչ թե չենք պահպանել»:

Պարետի պահանջով հանրային սննդի մի շարք օբյեկտներ նույնպես ժամանակավորապես փակվում են: Մայրաքաղաքի կենտրոնում գործող սրճարաններից մեկում տեսչական մարմնի աշխատակիցները նույն խախտումը հայտնաբերել էին երկու անգամ, և տվյալ օբյեկտի գործունեությունը կասեցվել է 48 ժամով: Այստեղ նարգիլե էին ծխել, ինչը պարետի որոշմամբ արգելված է:

Մաշտոցի պողոտայում գործող սուպերմարկետներից մեկը փակվեց 24 ժամով. այստեղ արդեն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն էր աշխատում:

Շարունակվում է նաև ոստիկանության ուժեղացված հսկողությունը: Տարբեր վարչական շրջաններում պարետատան պահանջների կատարմանը հետևելու համար հատուկ միջոցառումներ են իրականացվում։ Մինչև օրս ոստիկաններն արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով ավելի քան 20 հազար արձանագրություն են կազմել։

XS
SM
MD
LG