Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր դպրոցներով էր շրջում՝ ստուգելու արդյոք ուսումնական հաստատություններում հետևում են պարետատան ցուցումներին։
Դեռ դպրոց չմտած` արդեն դպրոցի բակում նկատեցինք՝ մի խումբ երեխաներ հեծանիվ էին քշում, նկարում` հիմնականում առանց պաշտպանիչ միջոցների։ Դպրոցի բակում գրեթե անհնար է վերահսկել երեխաներին հատկապես, որ նրանք հիմնականում ծնողների հետ են, նկատեց դպրոցի տնօրենը.- «Բա որ տաք է լինում, էստեղ արդեն ասեղ գցելու տեղ չկա»:
Նախարարի անակնկալ այցը դպրոցներ մի փոքր անհարմար իրավիճակ ստեղծեց ուսուցիչներից մի քանիսի համար. այդուհանդերձ նկատենք՝ հիմնականում բոլորը դիմակով էին:
«Բայց եթե դուք չկրեք, երեխեքին ո՞նց ենք համոզելու, որ ճիշտ է դա կրելը»,- ասաց նախարարը: Ուսուցիչներն էլ ներկայացրին, որ արդեն գրքերի հանձնում են արել: Իսկ ավարտական վկայանների հանձնելու մասին հարցրին.- «Մենք նույնիսկ մտածեցինք` կարելի՞ է, որ ծնողն ինքը գա»:
«Կարելի է ծնողը, բայց էլի կամ գրաֆիկ պետք է պահեք, կամ դասղեկները տանեն: Իսկ գովասանագրերի մասին ընդհանրապես չմտածեք, թող սեպտեմբերին ստանան»,- հորդորեց Արայիկ Հարությունյանը:
Սպանդարյանի, Պուշկինի, Չեխովի, Ն. Ստեփանյանի, Խ. Դաշտենցի անվան դպրոցներում էր շրջում այսօր նախարար Հարությունյանը։ Շրջայցից րոպեներ առաջ նա ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով խիստ զգուշացրել էր՝ եթե բակերում հիմա միջոցառումներ են, դադարեցնեն, անձամբ գալիս է ստուգելու, բոլոր կուտակումների պատասխանատվությունը ընկնում է տնօրենների վրա.- «Մի տեղ երաժշտությամբ, էլի հեռավորությունները պահելով ատեստատներ էին հանձնում, Պուշկինի անվան դպրոցում, բայց հրահանգավորվեց, որ դա էլ դադարեցնեն»:
Այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում մի լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էր՝ ինչպես են 132 դպրոցի բակում դպրոցականներն ավարտական միջոցառման մասնակցում։ Այս դեպքի առթիվ Հարությունյանն արդեն իսկ պարզաբանումներ է պահանջել քաղաքապետարանից։ Նկատում է՝ չնայած վարակի աճող թվերին, շատերը չեն ցանկանում վերջ դնել քեֆ-ուրախություններին.- «Որոշ ծնողական խորհուրդներ, կարծես թե, մոռացել են իրենց հիմնական գործառույթի մասին, այն է` իրենց երեխաների կրթության բովանդակությունը, որ պետք է իրականացնեն դպրոցի հետ միասին, և այս պահին, այս օրերին իրենց երեխաների առողջությունը, այլ հետաքրքրված են նրանով, որ իրենց երեխաները մեկ-երկու պուպուշ նկար ունենան ատեստատը ստանալիս, դրանք սոցցանցերում հրապարակեն և հոգ չտանեն նրա մասին, որ դրա հետևանքով տատիկ-պապիկներին կվարակեն, և կունենանք վատ հետևանքներ»:
Ինչ վերաբերում է վարչապետի ուշադրությանն արժանացած դպրոցական միջոցառման լուսանկարին, «Ազատության» հետ հեռախոսազրույցում 132 դպրոցի փոխտնօերն Լևոն Դանիելյանը բացատրեց, թե նկարն արվել է միջոցառումից հետո.- «Նշված էին տեղերը, 10 հոգի աշակերտ մոտենում էին, ստանում վկայականն ու հեռանում: Երկու դասարան չարեցինք, որովհետև արդեն շատ էին, չուզեցանք որ սաղ խառնվեին իրար: Էտ ով որ նկարը գցել է, թող գրեր, որ միջոցառումն ավարտելուց հետո է եղել դա»:
Չնայած վարչապետի, նախարարի գրեթե ամենօրյա հորդորներին, այսօր «Ազատությունը» շարունակում էր ահազանգեր ստանալ, որ որոշ ծնողներ ռեստորաններում ավարտական խնջույքների սեղաններ են պատվիրոււմ, խմորեղեն պատրաստող խանութներն էլ 9գ, 12 բ վերնագրերով տորթերի պատվերներ են ստանում։