Մատչելիության հղումներ

Հայաստանում այսուհետ հանրային վայրերում դիմակ կրելը դառնում է պարտադիր


Փոխվարչապետ, երկրում արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց, որ Հայաստանում բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների համար և ֆիզիկական վարժություններ անելից կամ հեծանվավարությամբ զբաղվելիս:

Նա նշեց, որ հասկանալի է, որ դիմակ կրելը հատկապես այս եղանակային պայմաններում անհարմություն է առաջացնում, սակայն դիմակը կօգնի մեծ արդյունքի հասնել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում:

Տիգրան Ավինյանը հավելեց, որ պարետատան նիստում գնահատվել է առողջապահական համակարգի ներկա իրավիճակը, սպասարկման հնարավոր ծավալները։ «Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, որոնց թվում են՝ տեղաշարժի սահմանափակումներին, տնտեսական գործունեության արգելքի վերադարձը, ինչպես նաև պարետային ժամ սահմանելու հնարավորությունը»,- ասաց փոխվարչապետը՝ կոչ անելով բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները:

«Այսինքն հենց ձեր բնակարանը լքեցիք, պետք է լինեք դիմակով՝ սկսած բակերից, վերելակից, փողոցում քայլելիս: Քանի որ եղանակն ամառային է և զբոսանքի տրամադրող, այդ ժամանակ դիմակի կրումը պետք է լինի պարտադիր, որովհետև բազմամարդ զբոսանքները նույնպես լինում են վարակի փոխանցման աղբյուր»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Նա նկատեց, որ «հրեշավոր իրականությունն այն է, որ ՀՀ-ում գործ ունենք հակամահաճարակային կանոնների չպահպանման ահռելի և համատարած ծավալների հետ»:

«Հակահամաճարակային կանոնները չի պահպանում հանրության տասը, քսան, երեսուն տոկոսի կողմից, այդ դեպքում ոստիկանական ներգործությունը կարող է լինել էֆեկտիվ, բայց եթե մեծամասնության կողմից առնվազն տարբեր դրվագներով չի պահպանվում, սա դուրս է գալիս վերահսկողությունից: Տեղի ունեցած և տեղի ունենալիք գաղտնի հարսանիքներ, խնջույքներ, Վերջին զանգեր, այլ տոնական միջոցառումներ և այս ամենն իր ծավալներով, ըստ էության, մեզ բերեց եզրակացության, որ գործ ունենք հակահամաճարակային կանոնների ապակենտրոն չպահպանման հետ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնեց, որ որքան էլ զարմանալի թվա, բայց ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել այս տարվա առաջին վեց ամիսներին, քան նախորդ տարի։ «Ավելին, մայիսին 320-ով պակաս մահ է գրանցվել ՀՀ-ում: Հետևանքն այն է, որ չնայած համաճարակային մեծ աղմուկին` մարդիկ սկսել են ավելի քիչ լսել մահվան դեպքերի մասին, և սա ենթագիտակցական որոշակի ազդեցություն չի կարող չունենալ»,- ներկայացրեց վարչապետը։

Վերջինս կոչ արեց քաղաքացիներին միանալ հանրային վերահսկողության գործընթացին և ֆեյսբուքյան էջերում տեղադրել հակահամաճարակային կաննոների խախտման մասին փաստեր, լուսանկարներ:

Ոստիկանության պետ Արման Սահակյանն իր հերթին փոխանցեց, որ ոստիկանության բոլոր ստորաբաժանումները ներգրավված են քաղաքացիների կողմից կանոնների պատշաճ ապահովման գործընթացի մեջ, իրականացվել են մի շարք ռեյդեր, հետևում են տնտեսվարող սուբյեկտների կողմից ևս կանոնների պահպանմանը: Այցերը տեսչական մարմինների հետ կատարվում են հանկարծակիության սկզբունքով:

XS
SM
MD
LG