Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 697-ով, բուժվածներինը՝ 14-ով, գրանցվել է մահվան ևս 6 դեպք


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ
Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 697-ով՝ հասնելով 11 հազար 221-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 14-ով և հասել 3 հազար 468-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 63 հազար 459 է:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 176-ի, կորոնավիրուսով վարակված ևս 68 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 509 մարդ:

Հայաստանում մեկ օրում արձանագրված կորոնավիրուսի դեպքերի ամենամեծ թիվը մինչ այժմ 517-ն էր` հունիսի 1-ին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ «ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը մոտավորապես մնում է նույնի շրջանակներում». - «Ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, և թոքերի օդափոխության սարքերին միացված 15 հոգի»:

«Նաև կա մի վտանգավոր տենդենց, որ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում, դրա մասին խոսվել է վերջին մի քանի օրը, ինչը մեր իսկ փորձով ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է մեծ բռնկում», - նշեց նախարարը՝ կարևորելով արտադրական ձեռնարկություններում բոլոր կանոնների պահպանումը:

«Լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների իրավիճակը: Որպես օրինակ բերեմ, որ այս արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք է ունենում հոսպիտալիզացիայի», - ասաց Թորոսյանը:

«Շատ կարևոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի կարողանանք էդ պրոցեսը ինչպես մինչ օրս արել ենք, այսինքն՝ որևէ մեկին չենք թողել առանց բուժօգնության, շարունակենք հենց էդպես: Հակառակ պարագայում շատ դժվար է լինելու էդ ամենը ապահովել, ու կարծում եմ, որ մեր գործողությունները պետք է հենց սրանից բխեն, հիմնականում սրանից բխեն», - շեշտեց առողջապահության նախարարը:

XS
SM
MD
LG