Երկրորդ օրն է` գրանցվում է 500-ից ավելի դեպք. վերակենդանացման բաժանմունքներում գրեթե տեղ չկա

Շարունակվում է կորոնավիրուսով վարակվածության բարձր թվերի արձանագրումը Հայաստանում. մեկ օրվա ընթացքում 515 նոր դեպք է գրանցվել: Ցածր է առողջացածների թիվը՝ 27, մահացել է 12 մարդ, ամենաերիտասարդը 46 տարեկան կին, տարեցը՝ 86 տարեկան տղամարդ։

Նախարարությունից հայտնում են, որ մահացած բոլոր քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Ընդհանուր առմամբ 10 հազար 524 մարդ Հայաստանում վարակված է կորոնավիրուսով, բուժվածների թիվը 3 հազար 454-ն է, փաստացի բուժում է ստանում 6 հազար 841 քաղաքացի, 170 մարդ մահացել է։ Ընդհանուր առմամբ կատարվել է 61 հազար 650 թեստավորում:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից տեղեկացանք, որ վերակենդանացման բաժանմունքներում գրեթե տեղեր չկան։ Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված առողջացածների փոքր թիվը, բացատրում է խոսնակը.- «Քանի որ քաղաքականություն է փոխվել, և եթե նախկինում բոլոր դեպքերն անխտիր` ունեին ախտանշաններ, թե ոչ, իրենք հոսպիտալացվում էին հիվանդանոց, ապա այժմ մայիսի 22-ից փոխվել է քաղաքականությունը, և տնային բուժումն է սկսվել, և այդ պացիենտները մտել են համակարգ, և միայն 14-րդ օրն արդեն իրենք կհամարվեն առողջացում: Դեռ 14 օրը չի լրացել»:

Հարցին` որքանո՞վ են իրականությանը համապատասխանում տեղեկությունները, որ արդեն երբ առողջանում և տուն են գնում հիվանդները, թեստ չի արվում, Ալինա Նիկողոսյանը պատասխանեց.- «Արդեն կան որոշակի գիտական տվյալներ, որ մարդը վարակվելուց 14 օր հետո այլևս վարակակիր չի հանդիսանում: Նաև ասում են, որ առողջանում է մարդը 14-րդ օրը: Թեստավորելու անհրաժեշտություն չի լինում, տնային բուժում ստացողները չեն թեստավորվում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերում այսօր կրկին կոչ արեց քաղաքացիներին պահել անվտանգության բոլոր կանոնները։ Անդրադառնալով իր և ընտանիքի վարակմանը՝ Փաշինյանն ասաց, որ նախ ինքն է վարակվել, հետո փոխանցել ընտանիքի մյուս անդամներին, լուրջ ախտանիշներ չունեն: Վարչապետը նույնպես կրկնեց՝ հիվանդանոցներում ազատ մահճակալները սպառվում են.- «Հիվանդանոցներում տեղերը սպառվում են, սիրելի՛ հայրենակիցներ, արդեն սպառվելու են, որովհետև այս տեմպը մի օրում հնարավոր չի կանգնեցնել, և ես համոզված եմ, որ այն կանոնները, որ մենք պահեինք, 95 տոկոս պակաս ցուցանիշ կունենայինք: Այո, ես վարակվել եմ կորոնավիրուսով, ես չեմ կարող ասել, որ ես Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացուց ոչ մի բանով լավը չեմ, ոչ մի բանով լավը չեմ, հլա մի քիչ ավելի վատն եմ երևի, բայց դրանից ի՞նչ: Ես ընդունում եմ իմ սխալը, եկեք, ամեն մեկս մեր սխալն ընդունենք, մի քայլ հետ անենք անդունդ տանող այս ճանապարհից: Սա է իմ ուղերձը: Չգիտեմ էլ` ասեմ, խնդրեմ, ես ինձ խնդրեմ, ես ինձ ի՞նչ խնդրեմ: Ես պետք է ուղղակի փոխեմ իմ վարքագիծը, և ես փոխում եմ իմ վարքագիծը, վերջին 15 տարում ես դրանով եմ զբաղված եղել»:

Կփորձենք խստացնել մուտն ու ելքը Արցախ. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսով վարկված 57 մարդ կա Արցախում, բուժվածների թիվը 26-ն է։ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ասել է՝ հաշվի առնելով, որ օրական Հայաստանից Արցախ է մտնում ավելի քան 600 մարդ, քննարկվում են ելումուտը խստացնելու տարբերակներ.- «Առաջին անգամ մենք հանրապետությունում ունեցանք երեկ 8 վարակակիր, իհարկե այդ բոլորը հիմնականում կապված էին Խարխափուտի մեր հսկիչ կետի ոստիկանության ծառայողների հետ, ընտանիքի անդամներ և հարազատներ, ամեն օր Հայաստանից Արցախ մտնում են ավելի քան 500-600 մեր հայրենակիցներ: Դրա համար հավանականությունը շատ է մեծանում, որ նրանց մեջ կլինեն մարդիկ, որոնք կրում են այդ վարակը, որոնք պոտենցիալ տարածողներ են վարակի, և դրա համար մեր քայլերը պետք է հստակեցնենք: Առաջին հարց` կարող է ասեք` փակեք, ոչ մեկը չկա, ոչ մեկը չգնա, դա անհնարին է, քանի որ մատակարարումից և, իհարկե տարբեր այլ անհրաժեշտություններից մարդիկ տեղաշարժ պետք է ունենան, մանավանդ Հայաստանի Հանրապետության հետ: Դրա համար ավելի խիստ պայմաններ ստեղծել, իհարկե, հնարավոր է, մենք կփորձենք խստացնել մուտն ու ելքը, սահմանում դրվող պահանջները: Ընդհուպ երեկ քննարկում էինք, որ ինչքանով է հնարավոր սահմանին ունենալ արագ թեստավորման լաբորատորիա կամ հնարավորություն, որ ամեն մարդ, ով մտնում է Արցախ, այդ հնարավորությունը տրվի, և միայն դրանից հետո թույլատրվի»:

Հայաստանի առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանn «Ազատությանը» փոխանցեց, որ կորոնավիրուսով վարակվածության վիճակագրության մեջ ներառվում են նաև տարբեր հիվանդանոցներում և լաբորատորիաներում քաղաքացիների ինքնակամ հանձնած թեստերի արդյունքները։

Նախարարությունից նաև հայտնում են, որ նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 59-ն է: