Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը քննադատում է կորոնավիրուսի դեմ կառավարության քայլերը. իշխանությունից հակադարձում են


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է՝ պետք է կրկին անցնել խիստ սահմանափակումների։

Մարտի 16-ից գործող արտակարգ դրության պայմանները աստիճանաբար մեղմացվեցին։ Սննդի օբյեկտներն ու մոլերը բացելու, հանրային տրանսպորտի աշխատանքը թույլատրելու հարցում, ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, կառավարությունը շտապեց։ Ասում է՝ եթե թվերն ավելանում են, նշանակում է՝ աշխատանքը սխալ է կազմակերպվում։

«Ցուցիչը հիվանդություններն են, այսինքն՝ լավ աշխատանքը, վատ աշխատանքը մենք պետք է հիվանդությունների քանակով որոշենք: Եթե այդ քանակը նվազի, ուրեմն ճիշտ են աշխատում, ճիշտ է կազմակերպված աշխատանքը, եթե ավելանա, նշանակում է՝ թերություններ կան աշխատանքում: Ռեստորանները, ճոխության գործիքակազմերը անհրաժեշտություն չկա, ստիպված չպիտի գնաս ռեստորան, բայց դա առիթ է, որպեսզի վարակման նոր ռիսկեր ստեղծվեն: Իհարկե, պետք է խստացումների գնալ», - ասաց Բագրատյանը:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն «Ազատությանը» փոխանցեց՝ խիստ սահմանափակումներին վերադարձը չի բացառվում, բայց այս պահին դրա անհրաժեշտությունը չեն տեսնում։ Շեշտը դնում են վերահսկողության, վարքագծային կանոնների պահպանման վրա։ Չնայած, վստահեցնում է, հարցը քննարկվում է կառավարությունում։

Իշխանական «Իմ քայլ»-ից Նազելի Բաղդասարյանը կարծում է՝ խիստ սահմանափակումներին վերադարձ կարող է լինել, երբ մահճակալային ֆոնդ չլինի: Հիմա, նրա գնահատմամբ, այդպիսի իրավիճակ չէ:

«Lockdown-ը կիրառվելու է բացառապես այն դեպքերում, երբ առողջապահական համակարգը չհասցնի սպասարկել ծանր հիվանդներին, երբ իրապես, կարծում եմ, մենք մահճակալային ֆոնդ չունենանք: Այս պահի դրությամբ չունենք նման խնդիր», - նշեց Բաղդասարյանը:

Կորոնավիրուսի դեմ իշխանության պայքարը չի գոհացնում ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանին՝ դիմակը պարտադիր դարձնելու, չկրողներին խստագույնս տուգանելու կառավարության քայլերը կարևոր, բայց՝ ուշացած է համարում:

«Այն պահին, երբ որ կար դրա կարիքը, էդ քայլերը չարվեցին և հիմա արվում են, արդեն գնացքի հետևից մենք վազում ենք: Պանդեմիան տարածվում է, համավարակը տարածվում է, վերահսկողությունից բացարձակ դուրս է եկել, և ես չգիտեմ՝ արդյոք հնարավո՞ր է այլևս վերահսկելի դարձնել իրավիճակը, թե՞ ոչ: Այն փուլում, երբ վերահսկելի էր իրավիճակը, դեռ կարող էր լինել վերահսկելի, կառավարությունը չարեց պատշաճ քայլերը», - ընդգծեց Գորգիսյանը:

Եթե կարծում էին, որ կառավարող ուժը թերացել էր, կարող էին իրե՛նք առաջարկ հնչեցնել, ինչի հնարավորությունն ԱԺ-ում երկու անգամ ունեցել են, «Լուսավոր Հայաստանի»-ի պատգամավորի քննադատություններին հակադարձում է «Իմ քայլ»-ից Նազելի Բաղդասարյանը։

«Արտակարգ դրության ռեժիմի սահմանման և յուրաքանչյուր անգամ երկարացման ընթացքում խորհրդարանն իրավունք ունի ներկայացնելու միջոցառումների ցանկում փոփոխություն կատարելու առաջարկները: Ես չեմ հիշում որևէ դեպք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրած լինի, որ «եկեք դիմակների կիրառում մտցնենք», այլ հարց, եթե իրենք առաջարկեին և ընդունված չլիներ», - ասաց իմքայլական պատգամավորը՝ շարունակելով. «Ես չեմ ասում, որ թերացումներ չկան իրապես, որովհետև երբ որ իրավիճակն անկանխատեսելի է, շատ դժվար է հասկանալ՝ հաջորդ քայլն իրապես համաչա՞փ կլինի, թե՞ ոչ: Կարծում եմ, որ դեռ վաղ է գնահատականներ տալ: Կարծում եմ, որ մենք՝ սովորական քաղաքացիներս, կարգապահության խնդիր ունենք: Ցանկացած սահմանափակման դեպքում մարդիկ նախևառաջ մտածում են՝ իսկ ո՞նց կարելի է շրջանցել»:

Գորգիսյանը, մինչդեռ, մարդկանց մեղավորությունը պարետատան սահմանած կանոնները չպահպանելու հարցում այդքան էլ մեծ չի համարում։

«Մարդիկ ո՞ւմ էին հետևում, ո՞ւմ օրինակին, եթե վարչապետն ասում է, նախարարն ասում է՝ «ուղղակի գրիպ է, ում շունն է, պինցետով կբուժենք», ժողովուրդը սկսում է այդպես ընկալել այդ ամեն ինչը», - ասաց Գորգիսյանը:

«Իմ քայլ»-ի պատգամավոր Հովիկ Աղազարյանը թվերը սարսափելի չի համարում:

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հատել է 10 հազարի սահմանը, վերջին մեկ օրում 500-ից ավելի նոր վարակակիրներ հայտնաբերվեցին, երկու տասնյակի հասնող մահեր արձանագրվեցին:

Քայլերը, կարծում է, արվել են ճշգրիտ, ընդդիմության քննադատությունն էլ բնական է համարում։ «Մենք, լինելով աշխարհասփյուռ ազգ, էնպիսի շարժունակության մեջ ենք եղել, էնպիսի շփումների մեջ ենք եղել, էդքանից հետո էս արդյունքները, իմ կարծիքով, բավականին տանելի են», - ասաց Աղազարյանը:

«Ազատության» դիտարկմանը, որ սահմանները փակ են, պատգամավորը պատասխանեց. «Սահմանները փակվել են, եթե չեմ սխալվում, մարտի 1-ից, բայց ես համոզված եմ, որ կորոնավիրուսը Չինաստանում կա շուտվանից, էն շփումները, որ եղել են մինչև սահմանները փակելը, արդեն երևի ինչ-որ մի մասով տարածված կարող էր լինել: Սա կարող էր նաև բերել նրան, որ մեր մոտ համեմատաբար, ցավոք սրտի, մեծ թվեր են, բայց ես չեմ կարծում, որ սարսափելի է»:

Որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԺ-ի ամբիոնից կոչ արեց՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար պարետի ու առողջապահության նախարարի, ոստիկանապետի մասնակցությամբ նախաձեռնել ԱԺ-ի լսումներ՝ փակ կամ բաց ռեժիմով: Նախօրեին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց այցելած պատգամավորը մահերի թիվն ահագնացող որակեց:

«Որպես Ազգային ժողով պետք է նաև նախաձեռնող լինենք՝ ներգրավվելու այն որոշումների կայացմանը, որ պարետատունն է այլևս իրականացնում», - նշեց Բաբաջանյանը:

Պատգամավորն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ խորհրդարանի ղեկավարությունը մինչև այս պահը չի արձագանքել իր առաջարկին։

XS
SM
MD
LG