Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում գերազանցեց 5 միլիոնը, զոհերի թիվը մոտենում է 350 հազարին

Բրազիլիա - Կորոնավիրուսով վարակվածների համար Սան Պաուլուի մարզադաշտում կառուցված ժամանակավոր հիվանդանոց, արխիվ

Ավելի քան հինգ ամսվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ ավելի քան 5 միլիոն, անցած դեկտեմբերին Չինաստանում բռնկված և ուղիղ մեկ ամիս անց երկրի սահմանները հատած վարակը խլել է ավելի քան 340 հազար մարդու կյանք՝ աշխարհի 185 երկրներում, համաճարակը, մինչդեռ, հասել է 220 երկրներ:

Սպիտակ տունը սահմանափակում է բրազիլացիների մուտքը ԱՄՆ

Վարակակիրների և զոհերի ամենամեծ թիվը Միացյալ Նահանգներում է: Ավելի քան 330 միլիոն բնակչություն ունեցող երկրում վարակված է գրեթե 1 միլիոն 650 հազար մարդ, զոհերի թիվը հատել է 97 հազարի սահմանը:

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի որոշմամբ արգելվել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Բրազիլիայից, որը վարակակիրների ցուցանիշներով երկրորդն է աշխարհում: Նախագահ Թրամփը հայտարարել է, որ նման քայլի է դիմում վարակի հնարավոր տարածումը երկրում կանխելու համար:

Ավելի վաղ Վաշինգտոնը նմանօրինակ արգելք էր սահմանել Չինաստանից, Իրանից, Շենգենյան գոտու երկրներից, Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից ժամանող զբոսաշրջիկների համար:

Բրազիլիայում իրավիճակը վատթարանում է

Բրազիլիայում, սակայն, ի տարբերություն վերոհիշյալ երկրների, իրավիճակը օր-օրի վատթարանում է, մի քանի օրվա ընթացքում վարակակիրների թիվն այստեղ հասել է ավելի քան 350 հազարի, զոհվել է շուրջ 22 հազար մարդ:

Կորոնավիրուսի առաջին դեպքերը երկրում ի հայտ գալուն զուգահեռ՝ նախագահ Ժաիր Բոլսոնարուն կտրականապես հրաժարվել է դիմել կարանտինային կոշտ միջոցների, ընդհուպ քննադատելով շրջանային ղեկավարներին՝ սահմանափակումներ մտցնելու համար: Նույնիսկ հիմա, երբ համաճարակային իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, Հարավային Ամերիկայի խոշորագույն այս պետության ղեկավարը շարունակում է ցուցադրաբար անտեսել հեռավորություն պահպանելու կանոնները, հերթական անգամ տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է նա ձեռքով բարևում աջակիցներին, ողջագրվում նրանց հետ՝ հաճախ առանց դիմակի:

Ջոնսոնի օգնականը սկանդալի կենտրոնում՝ հակահամաճարակային սահմանափակումները խախտելու համար

Մեծ Բրիտանիայում, որտեղ թեև գործում են կարանտինային կոշտ սահմանափակումներ, մահացության ցուցանիշը չի նվազում՝ երկիրը զոհերի թվով աշխարհում երկրորդ հորիզոնականում է՝ մոտ 37 հազար:

Համաճարակի տարածման դեմ պայքարի ֆոնին թափ է հավաքում վարչապետի օգնականի շուրջ սկանդալը: Բրեքզիթի ճարտարապետը համարվող Դոմինիկ Քամինգսը, ըստ բրիտանական մամուլի, խախտելով երկրի տարածքում գործող տեղաշարժի խստագույն սահմանափակումները, որդու հետ մեկնել էր Լոնդոնից ավելի քան 400 կիլոմետր հեռու գտնվող քաղաք` ծնողներին այցելության, հարուցելով ոչ միայն ընդդիմադիր լեյբորիստների, այլև թիմակիցների քննադատությունը, որոնք պահանջում են Քամինգսի հրաժարականը:

Վարչապետ Ջոնսոնը փորձում է ամեն կերպ պաշտպանել մերձավոր զինակցին, պնդելով, որ նա այլընտրանք չուներ: Բորիս Ջոնսոնի խոսքով` ուղևորության պահին Քամինգսի կնոջ մոտ արդեն իսկ կորոնավիրուս էր հաստատված, ինքը կառավարության խորհրդականը ևս կորոնավիրուսի որոշ ախտանշաններ է ունեցել, ինչի պատճառով ցանկացել է որդուն թողնել ծնողների մոտ:

Ռուսաստանցիներին հունիսից կթույլատրվի մեկնել տեղական առողջարաններ

Վարակակիրների ցուցանիշով աշխարհում առաջատարներից համարվող Ռուսաստանը երկրորդ հորիզոնականից երրորդում հայտնվեց բացառապես Բրազիլիայում ավելացող թվերի հաշվին:

Ռուսաստանյան պաշտոնական աղբյուրների համաձայն՝ օրական նոր դեպքերի թիվը շարունակում է պահպանվել մոտ 9 հազարի սահմաններում, վերջին 24 ժամվա ընթացքում վարակվել է ևս 8 հազար 946 մարդ, ինչով ընդհանուր ցուցանիշը հասել է 353 հազար 427-ի, զոհերի թիվը 3 հազար 633 է:

Չնայած հակահամաճարակային պահպանվող սահմանափակումներին՝ ռուսաստանյան ավիաընկերությունները պատրաստվում են հունիսին կտրուկ ավելացնել չվերթների քանակը, «Կոմերսանտ»-ի տվյալներով՝ ավիաընկերությունների հույսը սևծովյան հանգստի մեկնողներն են:

Վարչապետ Միխայիլ Միշուստինը ևս ռուսաստանցիներին հորդորել է զերծ մնալ արտասահմանյան այցերից, փոխարենը նախապատվությունը տալ ներգնա տուրիզմին: «Մենք հիշում ենք, որ կորոնավիրուսային վարակը ներթափանցել է արտասահմանից, այդ իսկ պատճառով կարծում ենք, որ նպատակահարմար է ձեռնպահ մնալ արտասահմանյան զբոսաշրջությունից», - հայտարարել է ռուսաստանյան կառավարության ղեկավարը՝ հիշեցնելով, որ շուտով երկրում կբացվեն բոլոր առողջարանները և հանգստյան գոտիները:

Հասարակական կարծիքի հարցման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) հարցումների համաձայն ՝ ռուսաստանցիների միայն 4 տոկոսն է այս տարվա մայիսի պլանավորել հանգստանալ արտասահմանում, 31 տոկոսը պատրաստվում է մեկնել ամառանոց, իսկ մեծամասնությունը՝ 66 տոկոսը նախընտրում է մնալ տանը:

Իտալիան չի հետաձգի Վենետիկի միջազգային կինոփառատոնը

Եվրամիության տարածքում իրավիճակը փոքր-ինչ կայունանում է, նույնիսկ համաճարակից ամենաշատը տուժած երկրներում՝ Իսպանիայում, Իտալիայում շարունակում են թուլացնել շաբաթներ տևած կոշտ միջոցառումները:

Իտալական իշխանությունները նույնիսկ քննարկում են սեպտեմբերին նախատեսված Վենետիկի միջազգային կինոփառատոնի կազմակերպչական աշխատանքները: Վենետոյի նահանգապետ Լուկա Զայան հայտարարել է, որ երկրում համաճարակային բարելավվող իրավիճակը հնարավորություն է տալիս չհետաձգել կինոփառատոնի անցկացումը:

Իտալիան, որտեղ շաբաթներ ի վեր համաճարակային իրավիճակն ամենածանրն էր Եվրոպայում, վերջին օրերին հաղորդում է նոր վարակակիրների թվերի նվազման մասին: Պաշտոնական տվյալներով՝ մոտ 60-միլիոնանոց բնակչության 22 տոկոսն արդեն կորոնավիրուսի թեստավորում է անցել, հաստատված դեպքերի թիվը կազմում է մոտ 230 հազար, զոհերինը՝ շուրջ 33 հազար:

Չինաստանում՝ ընդամենը 11 նոր դեպք

Կորոնավիրուսի բռնկման օջախում՝ մոտ 1 միլիարդ 356 միլիոն բնակչություն ունեցող Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի ընդամենը 11 նոր դեպք, ընդ որում, ըստ պաշտոնական աղբյուրների, նոր վարակակիրները ժամանել են արտասահմանից: