Ե'վ Ազգային ժողովի ամբիոնից, և’ հարցազրույցներում «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ դատապարտեցին ազգագրագետներ Հրանուշ Խառատյանի և Հարություն Մարությանի նկատմամբ սպառնալից հայտարարությունները նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, Բաց հասարակության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի դեմ արշավ իրականացնող «Վետո» ֆեյսբուքյան էջի հիմնադիր Նարեկ Մալյանի կողմից։
Վերջինս իր ֆեյսբուքյան էջում օրերս պահանջել էր մի շարք հրաժարականներ, հակառակ դեպքում սպառնացել. - «Մերումանուկ եմ անելու առանց խղճի խայթի»։
Ըստ «Իմ քայլ»-ից պատգամավոր Սարգիս Խանդանյանի՝ Մալյանը և նրա գործընկերները խեղաթյուրում են որոշ մարդկանց հասարակական գործունեությունը և հնչեցրած կարծիքները՝ դիտավորյալ նրանց թիրախավորելու համար։
«Արդեն ամիսներ շարունակ մի խումբ մարդիկ, որոշ խմբակներ, որոնք, ես կասեի, հակապետական, հակաժողովրդական խմբակներ են, ատելության խոսքի թիրախում են պահում մարդկանց, վիրավորում են, սպառնալիքներ են հնչեցնում և դիտավորությամբ խեղաթյուրելով նրանց գործունեությունը, նրանց հնչեցրած տեսակետները՝ սպառնում են մարդկանց և ատելության խոսքի թիրախում պահում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խանդանյանը: «Ես խստորեն դատապարտում եմ այս երևույթը», - շեշտեց «Իմ քայլ»-ի պատգամավորը:
Սպառնալից գրառման հեղինակ Նարեկ Մալյանը երեկ շարունակել է նույն մարդկանց մասին վիրավորական հրապարակումներ անել: Նրա գրառումների հասցեատերերն են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, նրա դուստրը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփենիկ Մարությանը, հայտնի ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և նրա որդին՝ «Ալիք մեդիա»-ի հիմնադիր և վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։
«Կարծում եմ, որ արդեն այս հանգամանքը պետք է գտնվի մեր իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում, և իրավապահ համակարգը պետք է գնահատական տա այս երևույթներին, որովհետև ես կարծում եմ, որ սրանք տեղավորվում են քրեական իրավունքի շրջանակներում, և այս մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն», - հայտարարեց Խանդանյանը:
Ըստ «Իմ քայլ»-ից մեկ այլ պատգամավորի՝ Սոս Ավետիսյանի, Խառատյանների և Մարությանների դեմ սկսված արշավի նպատակը հասարակությանը պառակտելն է։
«Էս արշավը շատ շուտ է սկսվել՝ հենց հեղափոխությունից հետո: «Ռեստարտ»-ի գործն ենք մենք հիշում, երբ որ վերբալ բռնությունը պետության կողմից արժանի գնահատականի չի արժանացել, և սա հետևանք է թողել այս կամ այն խմբակներին, որոնք սնվում են փեսաներից, աներներից, բարեկամներից, նախիկիններից ընդհանուր առմամբ՝ էս նենգ արշավը սկսելու, և սրա կապերը կարող են շատ ավելի լայն լինել, սա հայտնի մեթոդաբանություն է տարբեր երկրների հատուկ ծառայությունների», - հայտարարեց Ավետիսյանը:
Մալյանի գրառումներով թիրախավորված անձինք հաղորդում են տվել հանցագործության մասին։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ նյութերն ուղարկվել են քրեական ոստիկանություն, որոշելու՝ հիմքեր կա՞ն քրեական գործ հարուցելու, թե՞ ոչ։