Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ «Ռեստարտ»-ի անդամներից ևս երկուսը՝ Գարիկ Միսկարյանը և Արամայիս Պետրոսյանը երեկ հարցաքննվել են առևանգման փորձ կատարելու կասկածանքով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ շեշտելով, որ քննությունն արդեն ընթանում է ոչ թե խուլիգանության, այլ առևանգման հոդվածով։
«Ի սկզբանե դատախազությունը Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործը հարուցել է խուլիգանության հատկանիշներով։ Այնուհետև փաստական տվյալներ են ի հայտ եկել, որ գործ ունենք այլ հանցատեսակի հետ՝ առևանգում, և «Ռեստարտ» նախաձեռնության չորս անդամների նկատմամբ արդեն առևանգման հոդվածով խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, և նրանք որպես կասկածյալ հարցաքննվել են։ Նարեկ Մալյանը այս քրեական գործի շրջանակներում ճանաչվել է տուժող», - նշեց Խաչատրյանը։
Թե ինչ նոր փաստական տվյալներ են ի հայտ եկել, դատախազությունից դեռևս չմեկնաբանեցին։
Ավելի վաղ «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանն ու Դավիթ Սիմոնյանը նույնպես հարցաքննվել էին առևանգման փորձ կատարելու կասկածանքով: Նրանց նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Դավիթ Պետրոսյանը երեկ երեկոյան «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի եթերում հայտարարեց. «Կապված խափանման միջոցի հետ, մեր հետ կապված ոստիկանություն առաջադրված մեղադրանքի հետ, մենք ինչպես գործողություններ իրականացնելուց առաջ, գործողություն իրականացնելու օրը, դրա հաջորդ օրը և հիմա էլ նշել ենք ու նշում ենք, որ պատրաստ ենք օրենքի առաջ պատասխանատվություն կրել և պատասխան տալ այն քայլի համար, որ մեք իրականացրել ենք։ Մեր քաղաքական ակցիայի նպատակը այն էր, որ ամիսներ շարունակ, հատկապես հեղափոխությունից հետո, հայհոյանքներով, վիրավորանքներով, զրպարտություններով սեփական քննադատական խոսքը համեմող մարդկանց տալ պատասխան և ասել, որ այդպես չպետք է աշխատել, և հասարակությանը ներկայացնել, թե ինչ խնդիրներ մենք կարող ենք ունենալ, երբ որ ազատ խոսքը, ժողովրդավարությունը շփոթում են գռեհիկության, ստորության... և այլ բառերով չեմ ուզում նկարագրել այդ իրավիճակը։ Մեր քաղաքական ակցիայի նպատակը եղել է այն, որ ցույց տանք, որ կան մարդիկ, ովքեր իրենց սենյակներում, ինչ-որ տարածքներում կարող են ուղիղ եթերով, առանց ինչ-որ բանից վախենալու մարդկանց վիրավորել ամենավերջին ձևով։ Սրա մասին Ազգային ժողովում էլ խոսվեց, որ հայհոյանքները, ամենաստոր վիրավորանքները պետք է քրեականացվեն»։
Ըստ Ոստիկանության, մարտի 4-ին` կեսգիշերն անց, Ամիրյան փողոցի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները կանխել և բերման էին ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բերման ենթարկված անձինք բաց էին թողնվել: Տեղի ունեցած միջադեպի փաստով դատախազությունում քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով:
Միջադեպի մասին Ֆեյսբուքի իր էջում հաղորդագրություն էր գրել Նարեկ Մալյանը՝ նշելով, որ իր վրա հարձակվել են ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները։ Իր հերթին, «Ռեստարտ» նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը հայտարարել էր, որ տևական ժամանակ է՝ Մալյանը իրենց հասցեին հրապարակային հայհոյանքներ է ուղղում, և իրենք ակցիա են իրականացրել։
«Ռեստարտ» նախաձեռնության անդամները նշում են, որ վիդեոբլոգեր Նարեկ Մալյանին տանում էին աղբարկղի մեջ նետելու, և որ ոստիկանության աշխատակիցները ժամանեցին «աղբահանության» վայր և փախցրեցին բլոգերին։ «Ռեստարտ»-ի անդամները հայտնում են, որ Մալյանին չեն վիրավորել, չեն հայհոյել, չեն ծեծել և նպատակ չեն ունեցել նրան վնասելու։
Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը պնդում է՝ կատարվել է անձի դեմ ուղղված ծանր հանցագործություն, որն էլ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
«Տվյալ դեպքում բացարձակ էական չէ, թե ինչ են անունը դրել այդ անձինք։ Առկա է օբյեկտիվ երևույթ, առկա է հանցանք և դրան պետք է տրվի իր որակումը։ Շարժառիթը առկա է, անձինք հստակ նշում են իրենց շարժառիթը, նպատակը, անելիքը, հանցակազմի բոլոր չորս տարրերը նշում են և ասում են, որ դա ակցիա է։ Ոչ, դա ակցիա չէ, ակցիան էլ կարող է հանցավոր լինել։ Առևանգման փորձ է, ըստ ինձ, այսինքն ոչ թե իրենք են փորձել առևանգել...., իրենք իրենց արարքը ավարտին չեն հասցրել ոստիկանների միջամտելու պատճառով, հետևաբար դա փորձ է որակվում, որովհետև իրենցից անկախ պատճառներով չի հասել [ավարտին]։ Մեկ անձին եթե անջատում ես իր միկրոմիջավայրից, սահմանափակում ես ազատությունը և իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով տեղափոխում ես Ա կետից Բ կետ, դա էլ առևանգում է», - նշեց փաստաբանը։