Մատչելիության հղումներ

«Ռեստարտ»-ի անդամներից ևս չորսին մեղադրանք է առաջադրվել՝ առևանգման փորձ կատարելու հատկանիշով. դատախազություն


Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ «Ռեստարտ»-ի անդամներից ևս չորսին՝ Գարիկ Միսկարյանին, Յուրի Ավագյանին, Արամայիս Պետրոսյանին և Հրաչյա Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել՝ առևանգման փորձ կատարելու հատկանիշով։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Ավելի վաղ, նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին:

«Ի սկզբանե դատախազությունը Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործը հարուցել է խուլիգանության հատկանիշներով։ Այնուհետև փաստական տվյալներ են ի հայտ եկել, որ գործ ունենք այլ հանցատեսակի հետ՝ առևանգում, և «Ռեստարտ» նախաձեռնության չորս անդամների նկատմամբ արդեն առևանգման հոդվածով խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, և նրանք որպես կասկածյալ հարցաքննվել են», - փոխանցեց Խաչատրյանը։

Մարտի 4-ին` կեսգիշերն անց, Ամիրյան փողոցի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները կանխել և բերման էին ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բերման ենթարկված անձինք բաց էին թողնվել: Տեղի ունեցած միջադեպի փաստով դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանության հատկանիշներով:

Միջադեպի մասին Ֆեյսբուքի իր էջում հաղորդագրություն էր գրել Նարեկ Մալյանը՝ նշելով, որ իր վրա հարձակվել են ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները։ Իր հերթին, «Ռեստարտ» նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը հայտարարել էր, որ տևական ժամանակ է՝ Մալյանը իրենց հասցեին հրապարակային հայհոյանքներ է ուղղում, և իրենք ակցիա են իրականացրել։

«Ռեստարտ» նախաձեռնության անդամները հայտարարել են, որ վիդեոբլոգեր Նարեկ Մալյանին տանում էին աղբարկղի մեջ նետելու, և որ ոստիկանության աշխատակիցները ժամանեցին «աղբահանության» վայր և փախցրեցին բլոգերին։ «Ռեստարտ»-ի անդամներն ասում են, որ Մալյանին չեն վիրավորել, չեն հայհոյել, չեն ծեծել և նպատակ չեն ունեցել նրան վնասելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG