Մատչելիության հղումներ

Նարեկ Մալյանը և մյուս բերման ենթարկվածներն ազատ են արձակվել


Նարեկ Մալյանն, 28-ը հունվարի, 2020թ.
Նարեկ Մալյանն, 28-ը հունվարի, 2020թ.

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանն ու «Ադեկվադ» միաբանության անդամ, Blognews.am-ի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ են արձակվել։ Ոստիկանությունը հաղորդում է՝ նրանք բերման էին ենթարկվել ապօրինի զենք զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։

«Ադեկվադ»-ներից Արթուր Դանիելյանին նույնպես բերման էին ենթարկել, նրան ավելի ուշ ազատ արձակեցին։ Վերջինիս խոսքով՝ իրեն ու ևս երկու ադեկվադի բերման էին ենթարկել թմրանյութեր օգտագործելու, պահելու կասկածանքով։

Լեռնային Ղարաբաղի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը, որն այսօր իրավաբանական օգնություն էր տրամադրում Նարեկ Մալյանին «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Մալյանին խուզարկել են և որևէ ապօրինի իր չեն հայտնաբերել։

«Եկեք այստեղ մի հատ վերլուծենք, մարդ, որը խորը քննադատական վերաբերմունք է դրսևորում իշխանությունների նկատմամբ, պետք է առնվազն սխալ պատկերացումներ ունենա, որ իր մոտ զենք պահի առհասարակ կամ առհասարակ զենք ունենա։ Մենք այս խնդիրը չենք ունեցել, եկեք պատկերացնենք՝ երկու տարի առաջ շաբաթը մեկ, ամիսը մեկ Նիկոլ Փաշինյանին էին ձերբակալում և ասում էին՝ «քո մոտ ապօրինի զենք կա», մյուս ընդդիմադիրներին էին ձերբակալում, ասում էին՝ «քո մոտ ապօրինի թմրամիջոց կա», սա անընդունելի տոտալիտար մոտեցում է», - ասաց Մելիքյանը։

Հեղինակավոր Atlantic Council-ի անցած տարվա մայիսին հրապարակած հետաքննության համաձայն՝ Նարեկ Մալյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը փոխկապակցված են sutnikol ֆլեշմոբի սկզբնաղբյուրին։ Նրանք #SutNikol հեշթեգի տակ խճճված օնլայն արշավ էին սկսել, որի նպատակն էր վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին՝ ապատեղեկատվություն ու կողմնակալ լրատվություն տարածելու միջոցով:

Բերման ենթարկված Կոնստանտին Տեր-Նակալյանը ոստիկանության կասկածանքը զավեշտալի է որակում և հավելում՝ ինքը որևէ զենք չունի. «Որքանով հասկանում եմ՝ բերման եմ ենթարկվել հերթական ինչ-որ անունի ահազանգով, որ իբր ես ապօրինի զենք-զինամթերք եմ պահում»։

Նախկին իշխանության օրոք տևական ժամանակ ոստիկանությունում աշխատած Նարեկ Մալյանն էլ ասաց՝ ինքն ամեն օր է պատրաստ բերման ենթարկվել ու ասֆալտին պառկել։

«Նույնիսկ կարող են իրենք էդ հատվածը ցույց տալ, ես գնամ տենց ամեն օր պառկեմ։ Կարող ենք մենք բոլորով միասին արձանագրել, որ սա իշխանության կոնկրետ տեսանկյունից էն վերջին ջանքերն են ինչ-որ իրավիճակը վերահսկողության տակ պահել փորձելու», - ասաց Մալյանը։

«Ադեկվադ»-ներն ու Նարեկ Մալյանը, որը ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիրն է, ամիսներ շարունակ թիրախավորում են Հայաստանում բարեգործական գործունեություն իրականացնող Բաց հասարակության հիմնադրամների տեղի գրասենյակը։ Մալյանը մյուս ՎԵՏՕ-ականների հետ 2019-ի սեպտեմբերին մի քանի շաբաթ պաշարել էր գրասենյակը, նրանք ելումուտ անողների հասցեին վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում։

Ոստիկանությունը հավելյալ պարզաբանում չի ներկայացրել այս անձանց բերման ենթարկելու վերաբերյալ:

XS
SM
MD
LG