Մատչելիության հղումներ

«Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հասցեին մեղադրանքները կեղծիք են․ գործադիր տնօրեն


«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 5-ը մարտի, 2019թ․
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 5-ը մարտի, 2019թ․

Հայտնի բիզնես-մագնատ, բարերար Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի Հայաստանի ներկայացուցիչները մտահոգված են վերջին շրջանում քաղաքացիական հասարակության հասցեին հնչող, իրենց բնորոշմամբ, սուտ մեղադրանքների տարածմամբ: Այսօր ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։

Ըստ Մինասյանի՝ հենց այդ վերաբերմունքը հասցրեց անցած կիրակի գիշերը Երևանի Ամիրյան փողոցում «Ռեսթարթ» նախաձեռնության և վիդեոբլոգեր Նարեկ Մալյանի միջև տեղի ունեցած միջադեպին։

Հիմնադրամը հայտարարությամբ նաև դատապարտում է անձի հանդեպ այս և բոլոր տեսակի հարձակումները և կոչ անում կողմերին երկխոսել։

Լարիսա Մինասյանը հայտարարեց՝ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ը որևէ առնչություն չունի Երևանի Պետական համալսարանը և նրա ռեկտոր Արամ Սիմոնյանին վարկաբեկելու հետ, և իրենց հասցեին հնչեցված նմանատիպ մեղադրանքները կեղծիք են։

Ասուլիսի ընթացքում Մինասյանն անդրադարձավ հիմնադրամի հասցեին հնչած քննադատությանը, հիմնադրամից դրամաշնորհ ստացած անձանց «սորոսական» անվանելու երևույթին՝ հայտարարելով, որ հիմնադրամից դրամաշնորհներ են ստացել շատերը, այդ թվում և Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, ինչպես նաև նախկին իշխանության մի շարք ներկայացուցիչներ։

«Ալումյանը, ով մեզնից գրանտ է ստանում, ակտիվ գրանտ ստացող է և մասնակցում է իրավական հետազոտության, իրավական քաղաքականության մշակման հիմնադրամի ծրագրերին։ Նախկին ԱԺ նախագահ Արա Բաբլոյան, պատգամավոր Բաբուխանյան, պատգամավոր Կոստանյան, պատգամավոր Կարեն Բեքարյան՝ սորոսականներ՝ ձեր սահմանումը», - ասաց Մինասյանը։

Գործադիր տնօրենը, հակադարձելով պնդումներին, թե իրենց հիմնադրամը կանգնած է թավշյա հեղափոխության թիկունքին, հայտարարեց. «Վերջ ի վերջո, արժանապատվության համար այդ պոռթկումը ինչքանո՞վ կարող էր որևիցե մի հիմնադրամ առաջ տանել, եթե չլիներ այդ հարյուր հազարավոր մարդկանց միահամուռ պոռթկումը և ցանկությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG