Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում նշում է, որ ասել, թե կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով (տնտեսական սահմանափակումների ֆոնին), բոլորն են տուժել, սխալ կլինի, հետևաբար համաձայն չէ նաև պնդումներին, թե բոլորին անխտիր պետությունը պետք է աջակցություն տրամադրեր:
Արդար չէր, որ 9-րդ ծրագրից օգտվել էին նաև նրանք, ում կյանքում բան չի փոխվել
Օգտատերերից մի քանիսը բարձրաձայնել են, որ կառավարության կողմից հաստատված հակաճգնաժամային 9-րդ ծրագրից օգտվել են նաև այն ընտանիքները, որտեղ կան զինծառայողներ, ոստիկանության աշխատակիցներ, իսկ 26 հազար 500 դրամը հաստատվել և ուղղվել է անաշխատ մայրերին` երեխաների համար: Նրանք հետաքրքրվել էին` ճի՞շտ է, որ վերևից հրաման է իջեցվել վերադարձնել այդ գումարները զուտ այն պատճառով, որ այդ օգտվողները զինծառայողներ են: Ինչպես նաև «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատակիցներն էին իրավապաշտպաններին բողոքել, որ Սամվել Ալեքսանյանի կինը սպառնացնել է` պահանջելով, որ վերադարձնեն այդ գումարը:
Նաիրի Սարգսյանը նախ հիշեցրեց` 9-րդ ծրագիրը նախատեսված է բոլոր այն ընտանիքների համար, որտեղ կա երկու երեխա, և երեխաների երկու ծնողներն էլ չունեն աշխատանք, նպատակը այս դժվար իրավիճակում այդ երեխաների նվազագույն ծախսերը հոգալու աջակցություն տրամադրելն է:
«Բայց քանի որ ուժային կառույցների աշխատողների անհատական տվյալների՝ ՊԵԿ բազայում անձնավորված հաշվառում գոյություն չունի, իրենց կանայք կամ հենց որոշ ուժային մարմնի աշխատակիցներ դիմել են` աջակցության ծրագիրը ստանալու համար, սոցիալական ծառայության ինքնաշխատ եղանակով համակարգը ստուգել է, ՊԵԿ-ից տվյալներ է ստացել, որ նման անուն-ազգանունով մարդիկ (շահառուներ) կան, նրանք ստացել են այդ գումարը», - ասաց վարչապետի օգնականը՝ շարունակելով. - «Մենք, իհարկե, հասկանում ենք, որ եթե արդարության մասին խոսենք, դա այդքան էլ արդար չէ, որովհետև նրանց կյանքում իրականում կորոնավիրուսի պատճառով բան չի փոխվել, ինչպես նախկինում էին ստանում աշխատավարձ, նույն աշխատավարձը ստանում են հիմա, այդ պատճառով բացվել է հատուկ գանձապետական հաշվեհամար, որպեսզի նշված գումարները վերադարձվեն այդ հաշվեհամարին, ու մենք ուղղենք այդ գումարը այն ընտանիքներին, որտեղ ո՛չ հայրն է աշխատում, ո՛չ մայրը»:
«Նմանատիպ խնդիր եղել է մի քանի սուպերմարկետների հետ կապված, սուպերմարկետների խնդիրը 8-րդ ծրագրին էր վերաբերում: Սխալ դասակարգչի պատճառով սուպերմարկետներից որոշները հայտնվել են տուժած ոլորտների ցանկում», - նաև ասաց Սարգսյանը:
Ո՞ր կառույցներն են թերացել
Ըստ Նաիրի Սարգսյանի` իրականում տնտեսվարողն է սխալ լրացրել դասակարգիչը, և հաճախ մարդիկ լուրջ չեն վերաբերվել դասակարգիչներին: Նշեց` ժամանակ են տվել, որպեսզի այդ դասակարգիչներն ուղղեն, և 1776 տնտեսվարող արդեն իսկ ուղղել է: Վարչապետի օգնականը շեշտեց, որ իրենք հորդորել են ճիշտ դասկարգիչներ գրել, հայտնվել կայքի տուժած տնտեսվարողների ցանկում, որպեսզի այդ տնտեսվարողների աշխատակիցները կարողանան համապատասխան աջակցությունն ստանալ: Նա նշեց, որ այս պահին ուշադիր ուսումնասիրում են բոլոր ուղղումները, ցանկը կտրամադրեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
«Ազատության» դիտարկմանը, որ փակ մոլերում գտնվող սուպերմարկետները ևս, ստացվում է` չեն կարող օգտվել, նա արձագանքեց. - «Սուպերմարկետները մեկ ցանցային տնտեսվարող սուբյեկտ են հանդիսանում, ու այս պահին չենք կարող տարանջատում կատարել»: Սարգսյանը հավելեց, որ մոլերում գործող այլ խանութների աջակցության մասին են հիմա մտածում:
Կառավարությունը պատրաստ է օգնություն տրամադրել, եթե կորոնավիրուսի 2-րդ ալիքը լինի
Հարցին` եթե աշնանը կամ ձմռանը համավարակի տարածման երկրորդ ալիքը սկսվի, կառավարությունը պատրաս՞տ է նորից օգնություն տրամադրել բնակչությանն ու տնտեսվարողներին, վարչապետի օգնականը պատասխանեց. - «Այո, կառավարությունը պատրաստ է ոչ միայն աշնանը, այլև ամռանը, եթե կարիք լինի: Մենք ամենօրյա ռեժիմով վարչապետի մոտ խորհրդակցությունների ժամանակ նոր գաղափարներ ենք քննարկում, ու հնարավոր է, որ լինեն նոր աջակցության ծրագրեր, որպեսզի կարողանանք բոլոր կարիք ունեցողներին աջակցել»:
Կոմունալ վճարումների սուբսիդավորման մասին
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է, որ փոխհատուցվեն գազի և էլեկտրաէներգիայի կոմունալ վճարումները նաև մարտի սպառման համար, ինչպես երկու միջոցառմամբ կառավարությունը որոշ չափով սուբսիդավորեց փետրվար ամսվանը, ապա Նաիրի Սարգսյանը տեղեկացրեց, որ նմանատիպ որոշում չկա, նման քննարկում չկա. - «Մենք մեր վերջին միջոցառման ժամանակ ասացինք, որ սա վերջին ծրագիրն է, ժողովո՛ւրդ, արդեն ինչպես գիտեք, տնտեսական սահմանափակումներն աշխատանքի մեծամասամբ վերացել են, և մարդիկ պետք է աշխատեն ու վճարեն իրենց կոմունալ ծախսերը»:
Մեկ այլ հարցի պատասխանելով` նա հիշեցրեց, որ ի սկզբանե որոշել էինք ավելի նվազ սպառում ունեցող քաղաքացիներին աջակցել, հետո արդարացիորեն հասկացան, որ ավելի բարձր սպառում ունեցող քաղաքացիներ կան, որ սոցիալական բարդ իրավիճակում են գտնվում, և բարձրացրին այդ աջակցությունը: Նաիրի Սարգսյանն ասաց նաև, որ կոմունալ համերաշխության գաղափարը, ինչի մասին խոսել էր վարչապետը, որ եթե որոշ քաղաքացիներ սուբսիդիայի կարիքը չունեն, կարող են վճարել այլ անձանց կոմունալ ծառայությունների փոխարեն կամ գումարն ուղղել Covid-19-ի հետևանքների դեմ պայքարի գանձապետարան, գործում է:
«Ես անձամբ շատ քաղաքացիների ճանաչում եմ, ովքեր հետևում են դրան, այդ գումարները փոխանցել են իրենց հարազատներին կամ գանձապետարան», - նկատեց բանախոսը:
Կորոնավիրուսից բոլորը չեն տուժել
Օգտատերերից մեկն այս հարցն ուներ. - «Արդյո՞ք լիարժեք են կորոնավիրուսի` նախատեսած սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերը, և ինչո՞ւ ծրագրերում չեք ընդգրկել բոլոր քաղաքացիներին, չէ՞ որ կորոնավիրուսից տուժել են բոլորը»:
«Ես այդքան էլ համաձայն չեմ, որ կորոնավիրուսից բոլորն են տուժել, օրինակ` ես չեմ տուժել, իմ նման շատերը, օրինակ` պետական համակարգի բոլոր աշխատողները, համայնքային աշխատողները, մասնավոր հիմնարկների աշխատողները շարունակում են աշխատել հեռավար և ոչ հեռավար` ստանալով իրենց աշխատավարձերը: Նույնիսկ տարբեր ծառայություններ մատուցող ընկերություններ, ինչպես օրինակ` օնլայն առաքում ապահովողները, դիմակ արտադրողները, նրանց աշխատանքը լավացել է: Այնպես որ, այն պնդումը, որ բոլորի վիճակն է վատացել, եկեք բոլորին օգնենք, տարանջատում չդնենք, մենք այդքան էլ համաձայն չենք, մենք գտնում ենք, որ ավելի լավ է փորձենք գտնել, թեկուզ լրացուցիչ ջանքեր գործադրենք, մի փոքր ուշ լինի, բայց գտնենք կարիքավորներին ու նրանց օգնենք»:
Վարչապետի օգնականը համաձայնեց, որ լրջագույն խնդիր է այն, որ թոշակառու անձինք թոշակների համար ստիպված են գնալ բանկեր` թղթեր ստորագրելու, հավելեց` որքանով տեղյակ է, այդ ուղղությամբ մտածում են, ինքն էլ կփորձի այդ հարցը բարձրացնել, որ քաղաքացին տարին մեկ անգամ ընդամենը ներկայանա բանկ ու թոշակն էլ օնլայն ստանա:
Հանրային տրանսպորտն առաջիկայում ամբողջությամբ կգործի
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նշել է, որ աշխատում է «Երևան սիթի» սուպերմարկետում, և գործատուն չի ապահովում իր աշխատավայր հասնելը, իսկ հանրային տրանսպորտը դեռ չի գործում, ապա հարցրել էր` ինքը տուժո՞ղ է, թե՞ ոչ:
«Տրանսպորտի պատճառով շատերն են տուժել, բայց պետք է հասկանանք, որ այս միջոցառումները հենց քաղաքացիների համար են արվում, քանի որ ամենամեծ վարակի աղբյուրներից մեկը համարվում է տրանսպորտը: Քիչ անց կբացվի տրանսպորտը, միանգամից կբացվի ամբողջ ծավալով, իսկ եթե մասնակի բացվի, քաղաքացիները կկենտրոնանան այդ ուղիների վրա, ավելի կխտանա:
Առաջիկայում կլինի դա, մինչ այդ պետք է փորձենք այլ տարբերակներով հասնել աշխատանքի», - ասաց Նաիրի Սարգսյանը` միաժամանակ հիշատակելով, որ շատ գործատուներ իրենք են պատրաստակամություն հայտնել իրենց աշխատակիցներին հասցնել աշխատանքի, սակայն տեսչական մարմինը պետք է հսկողություն իրականացնի, թե ինչ է կատարվում, իսկ դա, հավանաբար, ամբողջությամբ չի կարող կատարվել:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.