Մատչելիության հղումներ

Արժե՞ նոր ներդրումներ անել, վարկերի տակ ընկնել. «Թեյնիկ»-ի սեփականատերերը մտավախություններ ունեն


Վանաձորի «Թեյնիկ» սրճարանի սեփականատերերը մտավախություն ունեն, որ երկարատև դադարից հետո դժվար կլինի վերսկսել բիզնեսը նախկին տեմպերով։ Երիտասարդ գործընկերներ Գոհարն ու Ավետիսը համոզված են, որ անգամ կառավարության թույլտվությունից հետո դեռ որոշ ժամանակ այցելու չեն ունենա։

«Կարծում եմ` և՛ ֆինանսական ռեսուրսների, և՛ վստահության վերականգնվելու խնդիր ենք ունենալու, այսինքն` մարդիկ նախ հետ են սովորելու, որ կարելի է բազմամարդ տեղ գնալ, զգուշանալու են իրարից ու նաև դե ֆինանսական, կարող են չուզենալ ծախսել իրենց ժամանցի կամ դրսում սնվելու վրա»,- ասում է Գոհարը:

«Սպասարկման ոլորտներն ու ժամանցի կենտրոններն, ինձ թվում է, շատ մեծ վնաս են կրելու, ու մի քիչ հոգեբանորեն էլի ճնշված վիճակում ենք այդ առումով, որ ուղղակի չգիտենք, թե մեր գալիք օրն ինչ է լինելու»,- նշում է Ավետիս Եգանյանը:

Երեկ կառավարավությունը հայտարարեց, որ երկուշաբթի օրվանից կհանվեն սահմանափակումները տնտեսական գործունեության մի շարք տեսակների նկատմամբ։ Բացվելու թույլտվություն կստանան այն ռեստորաններն ու սրճարանները, որոնք կունենան բացօթյա տարածք: Վանաձորցի երիտասարդ գործարարներն ասում են՝ կարանտինի ընթացքում փորձել են սրճարանն ընդլայնելու նախապատրաստական աշխատանք տանել։ Վերափոխել են տարածքն ու տանիքում բացօթյա սրճարան հիմնել։

Ասում են՝ երեք տարի առաջ հիմնված բիզնեսը նոր էր խելքի գալիս, բայց ֆորսմաժորային դժվարություններն ահռելի չափով հետքայլ էր իրենց համար.- «Հիմա փորձում ենք ազատ ժամանակը մաքսիմալ բիզնեսի համար օգտագործել, քանի որ իրոք բիզնեսը կարող է շատ տուժել, եթե մենք հիմա ոչինչ առաջ չգցենք, դրա համար էլ այսպես ինչ-որ աշխատանքներ ենք իրականացնում»:

Երիտասարդ սրճարանատերերը կարանտինի ընթացքում նախորդ ամսում կուտակած հարկերն ու կոմունալ ծախսերը փակելու և տարածքի վարձակալության դժվարություններ են ունեցել։ Դիմել են պարետատան թեժ գծի համարներով, բայց ասում են` իրենց խնդիրներով մտահոգ մեկին չեն գտել.- «Ես ուրեմն թեժ գիծ էի զանգահարել, որ ճշտեմ` արդյոք իրավաբանական անձինք պարտավոր են վճարել կոմունալները, ու ասաց` այո, հրաման է եղել, որ պետք է վճարվի, ասացի` բայց մենք չենք աշխատում, ինչպե՞ս կարող ենք վճարել, թեժ գծի աշխատողն ասաց` դուք պետք է վաղուց մտածեիք դրա մասին»,- պատմում է Գոհար Թադևոսյանը:

Ավետիսն էլ հավելում է.- «Ու այնտեղից մի տեսակ թքած ունեցող պատասխան, որ դե թող անջատեն, ասում ենք` բայց գիտեք ո՞նց, հա էլի մենք չենք ասում` չէ, որ չէ, չենք վճարելու, ուզում ենք հասկանալ` ինչ տարբերակ է հնարավոր, որովհետև տարածքի պահպանություն կա, ակվարիում կա, մենք չենք կարող հոսանքն անջատել ուղղակի, ուզում ենք հասկանալ` ինչ-որ տարբերակ կա, թե մենք ինչ-որ տեղից պիտի պարտք ընկնենք, ստիպված վճարենք, չէ, պետք է վճարեք: Ու զանգում ենք արդեն Էլցանցի թեժ գիծ, այնտեղից ասում են` կարաք դատի տաք»:

Սրճարանի սեփականատեր Գոհար Թադևոսյանը դիմել է նաև բանկերին արտոնյալ վարկերից օգտվելու համար։ Բայց 21-ամյա գործարարին մերժել են, քանի որ վարկային հարուստ պատմություն չունի։ Մյուս կողմից` մասնագետների հայտարարությունները, թե համավարակը կարող է դեռ երկար ամիսներ, անգամ տարիներ տևել, անորոշության մեջ են գցել երիտասարդ գործընկերներին՝ արժե՞ նոր ներդրումներ անել ու վարկերի տակ ընկնել, թե՞ ոչ.- «Սա այն դեպքն է, որ մեզ համար այս բիզնեսն ուղղակի հավելյալ եկամուտ էր, որովհետև մենք այլ աշխատանքով էլ ենք զբաղվում, բայց մարդկանց մեծ բիզնեսով զբաղվում է, ու դա իր հիմնական եկամուտն է: Ու այս նեղ պահին, երբ որ արդեն էս կոմունալներով էլ են խեղտում կամ չգիտեմ, ինձ թվում է` դա ահագին մեծ խնդիր է դառնում այդ մարդկանց համար»:

Գոհարի խոսքով.- «Կարող է մենք այս ամենի տալիս դուրս գանք, այսպես ասած, բայց ի՞նչ են անում ուրիշները, շատ հաճախ ենք նստում ու մտածում, թե ինչ է կատարվում հիմա այն մարդկանց մոտ, ովքեր միայն բզինեսով են ապրել»:

Օրերս կառավարությունից 35 հազար դրամի չափով դրամական աջակցություն են ստացել։ Ասում են՝ կուտակված պարտքերը փոքր-ինչ թեթևացրել են։ Դեռ փետրվարից էլ ազատվել էին հարկերից` հարկային օրենսդրության փոփոխության համաձայն: Մտավախություններով հանդերձ սպասում են կառավարության նոր հայտարարություններին և հուսով են, որ գոնե ամռանը գործը կվերսկսեն, ու «Թեյնիկում» կյանքը դարձյալ կեռա։

XS
SM
MD
LG