Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ուղիղ եթերում քննարկեցին կորոնավիրուսի վերաբերյալ հետագա քայլերը:
«Սկսում ենք ապակենտրոն պայքար Covid-19-ի դեմ»,- նախ հայտարարեց վարչապետը` հիշեցնելով, որ վաղվանից` մայիսի 4-ից, կորոնավիրուսով պայմանավորված որոշակի սահմանափակումներ կհանվեն։
«Նոր շրջանը, որ մենք մտնում ենք, պայմանավորված է քաղաքացիների, տնտեսվարողների պատասխանատվությամբ: Ունենք նաև պատասխանատվությունը չկատարելու դեպքում պատժիչ միջոցներ, բայց նպատակն օջախներ չստեղծելն է»,- նշեց Տիգրան Ավինյանը` հավալելով, որ յուրաքանչյուր ոլորտի համար կան սահմանված կանոններ, թե ինչպես պետք է գործունեություն ծավալել: Օրինակ` արտադրական ձեռնարկություններում առավոտյան և օրվա ընթացքում ևս մեկ անգամ պետք է չափել մարդկանց ջերմաստիճանը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պարետատունը կշարունակի գործել, սակայն այս ընթացքում առաջին հերթին պատասխանատվությունը պետք է կրի հենց քաղաքացին։
Արսեն Թորոսյանը նշեց, որ վերջին օրերի հաստատված դեպքերի աճը պայմանավորված է տարբեր գործոններով` սկսած մարդկանց շարժունակության մեծացումներով, ինչպես նաև օջախանման դեպքերով, երբ կանխարգելիչ միջոցները չեն պահպանվել:
Նա տեղեկացրեց, որ վերջին օրերին աճել է ծանր դեպքերի թիվը, այսօրվա դրությամբ 65 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 35-ը ծայրահեղ ծանր վիճակում են, որից 9 միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին, ինչը դեռևս «մեծ ծանրաբեռնվածություն չէ առողջապահական համակարգի համար»:
«Այսօր կարող ենք ակտիվ 3-4 հազար դեպք վարել: Այս պահին ունենք 850 պացիենտ հիվանդանոցներում, և ևս մոտ 350 հոգի հյուրանոցներում է: Մեծ խնդիրն է, որ գոնե ուղիղ գծով առաջ գնանք, մեր մաքսիմումից չանցնենք, ստիպված չլինենք ոչ հիվանդանոցային պայմաններում բուժօգնություն մատուցել»,- ասաց Թորոսյանը:
Տիգրան Ավինյանը հայտնեց նաև, որ նոր համակարգ են ներդնելու, որը թույլ կտա ավելի խիստ հետևել ինքնամեկուսացման ռեժիմին, առանց մարդկանց հյուրանոցներում պահելու նրանց ինքնամեկուսացման ռեժիմում պահելու հնարավորություն կտա:
Փաշինյանը հայտնեց նաև, որ դիմակների արտադրություն է սկսվելու Հայաստանում: Ավինյանը և Թորոսյանը վստահեցրին, որ դիմակների պակասի խնդիր չի լինի: Տիգրան Ավինյանն ասաց՝ Տավուշի մարզպետն իրեն հավաստիացրել է, որ մայիսի 3-ին այդ արտադրությունն արդեն պետք է գործարկված լիներ։
Վարչապետը նշեց, որ տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է ընթանում այդ հիվանդությունը, սակայն անախտանիշ հիվանդների կողմից տարածվող տեղեկատվությունը, թե իրենք հիվանդ չեն եղել, ամենամեծ խնդիրն է։
Արսեն Թորոսյանը հավելեց, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ, սակայն ախտանիշ չունեցած մարդիկ վարակել են մարդկանց, որոնք հետագայում մահացել են կորոնավիրուսից։ Ըստ նրա՝ կան դեպքեր, երբ հիվանդությունը ծանր է ընթանում երիտասարդների մոտ, օրինակ, 32-ամյա երիտասարդը հրաշքով է փրկվել։ Բացի այդ, եղել է դեպք, երբ 69-ամյա քաղաքացին մահացել է կորոնավիրուսից՝ ուղեկցող քրոնիկ հիվանդություններ չունենալով։