Վարչապետն աշխատողներին կոչ է անում գործատուներից պահանջել գրանցել իրենց աշխատատեղերը: Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում Նիկոլ Փաշինյանն ընդգծում է. - «Գրանցված աշխատանք ունենալն աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք է, և բոլոր աշխատողներին կոչ եմ անում գործատուներից պահանջել գրանցել իրենց աշխատատեղերը և աջակցել կառավարությանն իրենց իսկ աշխատանքային իրավունքները պաշտպանելու հարցում»:
«Մեր հակաճգնաժամային ծրագրերն ուղղված են առաջին հերթին այն մարդկանց և ընկերություններին, ովքեր աշխատել են Հայաստանի Հանրապետության աշխատանքային, հարկային օրենսդրության ճշգրիտ պահպանմամբ: Սրանով մենք ոչ միայն մեր գնահատանքի տուրքը մատուցեցինք այդպես աշխատող մարդկանց, այլև օգտվեցինք այն պատեհությունից, որ գրանցված աշխատողին շատ ավելի հեշտ է նույնականացնել, հասցեավորել այն պարագայում, երբ նա ճգնաժամի պայմաններում կորցնում է աշխատանքը և աջակցության կարիք ունի», - ասված է ուղերձում, որը հրապարակել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Այս տարի կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված շատերն աշխատում են հեռավար, շատերը՝ ավելի ծանրաբեռնված և ռիսկային պայմաններում:
Մեծ գնահատանքի են արժանի առողջապահության, իրավակարգի պահպանության, պետության անվտանգության, սննդամթերքի, բժշկական պարագաների և դեղամիջոցների արտադրության և ներկրման ոլորտներում աշխատողները, որոնց գործունեության արդյունքում ապահովվում է երկրի կենսագործունեությունը՝ ճգնաժամային պայմաններում:
Մեծ գնահատանքի են արժանի նաև այն բոլոր գործատուները, ովքեր ի հեճուկս տնտեսական դժվարությունների՝ շարունակում են պահպանել աշխատատեղերը, չեն գնում կրճատումների ու նաև օգտվելով կառավարության հակաճգնաժամային ծրագրերից՝ աշխատանքներ են տանում վնասները նվազագույնի հասցնելու և հետագա զարգացման ուղղությամբ», - իր ուղերձում նշում է Փաշինյանը:
Պետության ղեկավարը շարունակում է համոզված մնալ, որ «անհատական ջանքը և այդ ջանքի արգասիք աշխատանքն է մեր բոլոր խնդիրների լուծման բանաձևը»:
«Հայաստանի կառավարությունը, չնայած պատուհասած ճգնաժամին, շարունակելու է տնտեսության զարգացման իր հետևողական քաղաքականությունը՝ խրախուսելով աշխատանքն ու աշխատավոր մարդկանց», - վստահեցնում է Նիկոլ Փաշինյանը: