Սպիտակ տունը խոստանում է հրապարակ հանել իր տրամադրության տակ եղած փաստերը` նոր կորոնավիրուսի ծագման ու տարածման վերաբերյալ: Այդ մասին երեկ հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը` պատասխանելով հարցին, թե արդյոք ինքն անձամբ ստացել է սպառիչ պատասխաններ վերջին ամիսներին շարունակ քննարկվող այս հարցի վերաբերյալ:
«Կարծում եմ` այո, և մենք որոշ ժամանակ անց կհաղորդենք այդ մասին: Ինձ շատերն են այդ հարցը տալիս, մենք որոշ ժամանակ անց կհրապարակենք դրա հստակ պատասխանը»,- ասել է նա: Թե կոնկրետ երբ են փաստերը գաղտնազերծվելու, նախագահ Թրամփը չի հստակեցրել:
Ավելի վաղ` անցած շաբաթ, նա հայտարարել էր` հետախուզությունն իրեն բավարար փաստեր է ներկայացրել, որոնք վկայում են` վիրուսն ի հայտ է եկել չինական Վուհանի լաբորատորիայում: Այլ մանրամասներ, սակայն, Սպիտակ տան ղեկավարը չէր նշել` պնդելով, թե դեռ ժամանակը չի եկել: Պաշտոնական Պեկինը հերքում է Վաշինգոտնից հնչող մեղադրանքները, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պնդում է, թե դրանք արժանահավատ չեն:
Ռուսաստանը վեցերորդն է աշխարհում վարակակիրների թվով
Մինչ կողմերը իրենց փաստարկներն են ներկայացնում, անցած տարեվերջին առայժմ անհայտ պայմաններում ի հայտ եկած վարակը շարունակում է տարածվել: Վերջին տվյալներով, աշխարհում Covid-19-ի դեպքերն արդեն անցել են 3 միլիոն 700 հազարից, մահացել է ավելի քան 260 հազար մարդ: Համաշխարհային վիճակագրությունն ամփոփող այս ցուցակում երեկ երկու փոփոխություն է արձանագրվել` այժմ արդեն մահվան դեպքերով Եվրոպայում առաջատարը Մեծ Բրիտանիան է, որը 30 հազար դեպքերով գերազանցել է Իտալիայի ցուցանիշը: Ռուսաստանն էլ այլևս վեցերորդն է աշխարհում վարակակիրների թվով. չորրորդ օրն է` անընդմեջ երկրում ամեն օր ավելի քան 10 հազար դեպք է գրանցվում, ընդհանուր ցուցանիշն արդեն անցել է 165 հազարից:
Վարակի տարածման տեմպերով ու մահացության ցուցանիշով առաջատարը շարունակում է մնալ Ամերիկան: Այստեղ ամեն օր հիվանդների թիվն ավելանում է 20 հազարով, մահանում է հազարից ավելի մարդ: Միաժամանակ հաղորդվում է, որ վերջին օրերին վիճակագրությունը սկսել է փոքր-ինչ բարելավվել, նախագահ Թրամփը երեկ հայտարարել է, թե Սպիտակ տունը որոշել է աստիճանաբար դադարեցնել համաճարակի դեմ օպերատիվ շտաբի աշխատանքները և դրա փոխարեն հատուկ խումբ հիմնել` տնտեսության արագ ու ապահով վերագործարկման համար: Օպերատիվ շտաբի ղեկավար, փոխնախագահ Մայք Փենսը երեկ հայտարարել է, թե դա կարող է տեղի ունենալ արդեն մի քանի շաբաթ անց:
Ավելի են մեղմացվում սահմանափակումները Եվրոպայում
Աստիճանաբար ավելի են մեղմացվում սահմանափակումները նաև Եվրոպայում, բայց` անվտանգության հավելյալ միջոցառումներով: Նիդեռլանդներում, օրինակ, որոշ ռեստորաններ վարակի տարածումը կանխելու համար հաճախորդներին բաժանել են ապակե պատնեշներով, սեղանների միջև ապակեպատ պատնեշներ են դրել, գերմանացի արվեստասերներին թույլատրվել է թանգարան գնալ` դիմակ կրելու և միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորություն պահպանելու պայմանով: Վարակից ամենաշատը տուժած երկրներից մեկի` Իտալիայի վարչապետն անգամ չի բացառել, որ երկու ամիս կարանտինի մեջ անցկացրած իտալացիները առաջիկա ամռանն արդեն կարող են հանգստի մեկնել:
Ամառային արձակուրդների վերաբերյալ դրական ազդակներ են հնչում նաև եվրոպական մյուս երկրներից: Գերմանիայի զբոսաշրջության նախարարն, օրինակ, տեղական օրաթերթերից մեկին ասել է` եթե համաճարակը վերահսկողությունից դուրս չգա, մեկ-երկու ամսից արդեն գերմանացիները կարող են հանգիստն արտերկրում անցկացնել: Գերմանացի նախարարը նշել է` առաջին փուլում հնարավոր կլինի մեկնել հարևան երկրներ` միաժամանակ չբացառելով, որ դրական տեղաշարժի դեպքում կթույլատրվեն ուղևորությունները նաև իսպանական ու հունական կղզիներ:
Մինչ այդ, ակնկալվում է, որ այսօր արդեն Գերմանիայում կհայտարարվի ֆուտբոլի առաջնությունը վերսկսելու մասին: Ըստ «Ռոյթերզի» և «Ֆրանսպրեսի» աղբյուրների, համաճարակի պատճառով մոտ երկու ամիս առաջ սառեցված մրցաշարը կարող է խաղադաշտ վերադառնալ արդեն մի քանի օրից` մայիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում: Հաղորդվում է, որ կանցլերի գրասենյակը սահմանափակումները մեղմելու հատուկ ժամանակացույց է կազմել, ըստ որի ֆուտբոլիստները պետք է խաղերի մեկնարկից առաջ երկու շաբաթով մեկուսանան, հանդիպումներն էլ անցկացնեն փակ` առանց երկրպագուների: Մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ, երբ կանցլեր Անգելա Մերկելն այս ծրագիրը կքննարկի Գերմանիայի 16 երկրամասերի ղեկավարների հետ:
Ավելի վաղ Պորտուգալիան, Լեհաստանն ու Հունգարիան էին հայտարարել ֆուտբոլային մրցաշարերը վերսկսելու մասին. բոլոր երեք երկրներում էլ խաղերը կսկսվեն մայիսի վերջից` առանց երկրպագուների: