Կորոնավիրուսի օջախ Չինաստանի Ուհան քաղաքում եռամսյա ընդհատումից հետո ավագ դպրոցների դասերը վերսկսվել են: Այս մասին հաղորդում է պետական CCTV հեռուստաընկերությունը՝ նշելով, որ դպրոցները պետք է խիստ միջոցներ պահպանեն՝ չափեն աշակերտների ջերմությունը, սոցիալական հեռավորություն ապահովեն, մեկ դասասենյակում 25-ից ավելի աշակերտ չպետք է լինի:
Դպրոցներից մեկում տարհանման վարժություններ են անցկացվել՝ ինչպես կազմակերպել տարհանումը, եթե, ասենք, աշակերտներից մեկի մոտ ջերմություն է հայտնաբերվել:
Առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 8-ը դպրոցներում ելումուտն արգելված է: Աշակերտները սնվելու են դպրոցի ճաշարանում կամ իրենց հետ ուտելիք են բերելու:
Բարձր դասարանցիները քոլեջներ ընդունվելու համար պատրաստվում են ընդունելության քննությունների, որոնք հունիսի փոխարեն անցկացվելու են հուլիսին:
Չինաստանում կորոնավիրուսի գրեթե 83 հազար դեպք է արձանագրվել, մահացածների թիվը մնում է անփոփոխ՝ 4 հազար 633 մարդ, հաղորդում է երկրի Առողջապահական ազգային հանձնաժողովը: