Աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 3 միլիոն 700 հազարը, վերջին օրվա ընթացքում մահացել է գրեթե 6 հազար մարդ: Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը մոտենում է 260 հազարին, բուժվածներինն անցել է 1 միլիոն 240 հազարից:
Մեծ Բրիտանիան առաջ է անցել Իտալիայից կորոնավիրուսից մահացության ցուցանիշով՝ 29 հազար 427, զբաղեցնելով առաջին տեղը Եվրոպայում: Միաժամանակ, Բրիտանիայի վիճակագրության ազգային բյուրոյի տվյալների համաձայն, երկրում զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 32 հազարը. այս վիճակագրությունը ներառում է ոչ միայն հիվանդանոցներում մահերը, այլև Covid-19-ի կասկածով մահվան դեպքեր տանը, ծերանոցներում:
Ավելի շատ մահվան դեպքեր միայն ԱՄՆ-ում են՝ 72 հազարից ավելի: Նյու Յորքում մետրոն գիշերային ժամերին փակվելու է՝ ախտահանման համար. նախկինում այն շուրջօրյա էր աշխատում: Նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում է զեկույց հրապարակել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ:
Տաջիկստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչների այցից հետո առողջապահության նախարարն ազատվել է աշխատանքից, և այժմ այնտեղ համաճարակը տարածվում է արդեն պաշտոնապես: Հիշեցնենք, այդ երկրում ԱՀԿ ներկայացուցիչների այցի նախօրեին միայն պաշտոնապես «հայտնվեցին» Covid-19-ով առաջին հիվանդները և առաջին զոհերը:
Իսկ Թուրքմենստանը չեղարկել է ԱՀԿ փորձագետներին ուղղված հրավերը:
Հաագայում ոստիկանությունը հեռավորություն պահպանելու կանոնները խախտելու համար ձերբակալել է կարանտինի դեմ ակցիայի 50 մասնակիցների:
Այսօր Կիևում անցկացվելու է ընդդիմության «Կարանտինը սպանում է» ակցիան, թեև Ուկրաինայում արդեն մշակվել են հստակ կանոններ, թե ինչ կարելի է անել մայիսի 11-ից հետո:
Ռուսաստանում երեք օր անընդմեջ Covid-19-ի 10 հազարից ավելի նոր դեպք է գրանցվում: Ընդհանուր առմամբ երկրում կա ավելի քան 155 հազար հաստատված դեպք, ավելի քան 1500 մահ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է՝ կցանկանա, որ Մինսկում անցկացվելիք մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա շքերթը հեռարձակվի նաև ռուսական հեռուստատեսությամբ, հայտնում է BelTa լրատվական գործակալությունը: Դրանից առաջ էլ Լուկաշենկոն Մինսկի շքերթին հրավիրել է այլ երկրների ղեկավարներին՝ «գոնե նախկին Խորհրդային Միության», և հույս հայտնել, որ «գոնե ինչ-որ մեկը կգա»՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին: Լուկաշենկոն նաև վստահություն է հայտնել, որ շքերթին շատ մարդկանց մասնակցությունը ազդեցություն չի ունենա նրանց առողջության վրա: