Ծայրահեղ ծանր է 30 հոգի, ծանր` 80-ը, վիճակը գնալով բարդանում է. Արսեն Թորոսյան

Սահմանափակումների մեղմման երրորդ օրն` այսօր, գրանցվել է կորոնավիրուսային վարակի 163 նոր դեպք: Սա վարակի բռնկումից մինչև օրս ամենամեծ ցուցանիշն է: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը «Ազատությանը» հայտնեց` նախօրեին թեստավորվել է 1083 հոգի:

«Կորոնավիրուսային հիվանդությունից հենց մահվան դեպք չենք ունեցել, ունեցել ենք մեկ մահվան դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է վարակը, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, և այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը յոթն է»,- ասաց նա:

Առողջապահության նախարարությունը վերջին օրերին առանձնացնում է կորոնավիրուսից մահացածների և կորոնավիրուս ունեցող, բայց այլ հիվանդության հետևանքով մահացածների վիճակագրությունը: Կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է 40 հոգի, ծայրահեղ ծանր վիճակում է 30 հոգի, ծանր է 80-ի վիճակը, 8 հիվանդներ արհեստական շնչառական սարքի օգնությամբ են շնչում:

Վիճակը գնալով բարդանում է, ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով այսօր հրապարակված 163 նոր դեպքերին.- «Այս պահին բարձունքի վրա, այսինքն` բարձրանալու վրա ենք, դեռ դիմանում ենք, մնացածն էլ իրավիճակի զարգացմանը զուգընթաց»:

Նախարար Թորոսյանը հնարավոր է համարել արտակարգ դրության ժամկետի երկարաձգման սցենարը, հարցը կքննարկվի մինչև մայիսի 14-ը։ Արսեն Թորոսյանը շեշտել է՝ սահմանափակումների մեղմմանը զգուշավորությամբ է վերաբերվում, սակայն հնարավոր չէ անվերջ փակված ապրել.- «Մենք պետք է սովորենք ապրել, հիմա թե այդ սովորելու պրոցեսը մեզ մոտ ինչքան արագ և ինչքան անցավ կանցնի, կախված է մեր բոլորից, ոչ միայն ինձնից կամ կառավարությունից, որովհետև եթե ցավոտ սովորենք, իսկ ցավոտը մեծաթիվ դեպքերն են, շատ մահերն են, ծայրահեղ ծանր շատ դեպքերն են, դա դժբախտություն կլինի բոլորիս համար, բայց այլընտրանք չկա, մենք պետք է սովորենք ապրել: Սովորելն է օրինակ` դիմակ կրելը փակ վայրերում, իրարից հեռու կանգնելը»:

Կորոնավիրուսի վարակ է հաստատվել Ազգային ժողովի աշխատակիցներից մեկի մոտ, այս մասին խորհրդարանական ամբիոնից տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը.- «Անձը մեկուսացված է, վարակակիրը, շփման շրջանակը հստակեցվում է, հստակեցված է և կրկին մեկուսացված է: Մեզնից յուրաքանչյուրից հասնում է, ակնկալվում է շարունակել բնականոն աշխատանքը` նաև ձեռք առնելով համապատասխան միջոցներ»:

Վարակի բռնկման պահից մինչև այժմ վարակակիրների ընդհանուր թիվը 2 հազար 782 է, նրանցից 1135-ն ապաքինվել ու տուն են գնացել, վերջին մեկ օրում 24 քաղաքացիներ են դուրս գրվել հիվանդանոցից:

Առողջապահական գերատեսչությունը հայտարարություն էր տարածել, որով աշխատանքի էին կանչում բժիշկ-բուժքույրերի կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հետ աշխատելու համար։ Ալինա Նիկողոսյանի տեղեկացմամբ՝ դիմողներն այնքան շատ են եղել, որ կադրերի պակաս արդեն չկա.- «Արձագանքել է հազարից ավելի բուժաշխատող, որոնց մեջ կան թե՛ ուսանողներ, թե՛ մայրապետեր, թե՛ բժիշկներ, թե՛ բուժքույրեր, նույնիսկ ստոմատոլոգներ: Իրենք մինչև բուժհաստատություն մտնելը վերապատրաստվում են»:

Բուժաշխատողների պահանջարկը պայմանավորված չէ հանգամանքով, որ մեծ է վարակակիր բուժաշխատողների թիվը` շուրջ 320 հոգի։ Առողջապահության նախարարության պարզաբանմամբ՝ վարակակիր բժիշկները կարանտինային փուլից հետո արագ վերադառնում են աշխատանքի, կադրերի պակասը պայմանավորված էր վարակակիրների ընդհանուր մեծ թվով։ Այս պահին բուժհաստատություններում բուժում է ստանում 1600 պացիենտ։

Կորոնավիրուսային ճգնաժամի առաջին փուլի գործողություններից մեկը հենց առողջապահական համակարգը նախապատրաստելն էր, խորհրդարանում այս մասին խոսել է վարչապետ Փաշինյանը.- «Մենք տեսնում էինք, որ եվրոպական բազմաթիվ երկրներում հիվանդանոցային կարողությունները չէին հերիքում, և ուղղակի վերակենդանացման բաժանմունքների ենթակա մարդիկ հոսպիտալացված էին զբոսայգիներում` ծառերի տակ, և այդպես շարունակ: Այդ նպատակով մենք սահմանափակումների շրջանում 300 համաճարակային հիվանդանոցային տեղերը առնվազն հնգապատկել ենք` դարձնելով 1500 մահճակալ»:

Առաջիկա օրերին ևս 150 մահճակալ կավելացնեն, 600 հյուրանոցային տեղ էլ նախապատրաստված է որևէ ախտանշան չունեցող վարակակիրների համար: Վարչապետը նկատել է` Հայաստանը կարանտինի արժանապատիվ պայմաններով նույնիսկ միջազգային մամուլի ուշադրությունն է գրավել` որպես օրինակ, թե պետությունը ինչպես պետք է վարվի իր քաղաքացիների հետ:

Ե՞րբ է ի վերջո կորոնավիրուսը մուտք գործել Հայաստան, պաշտոնապես վարակի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, սակայն շատ է խոսվում այն մասին, որ վարակը երկրում շրջանառվում է դեռ անցյալ տարեվերջից: Այսօր այս թեմային վերջակետ է դրել առողջապահության նախարարը: Նա ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է` թեստավորել են դեռևս դեկտեմբեր և հունվար ամիսներին սուր շնչառական վարակով քաղաքացիներից վերցրած 26 նմուշներ: Դրանցից ոչ մեկում կորոնա հարուցիչներ չեն եղել: