Գյումրիի խանութներում, սրճարաններում ու վարսավիրանոցներում եռուզեռ է

Տեղաշարժի ու տնտեսական գործունեության սահմանափակումների վերացումից մեկ օր անց Գյումրիի խանութներում, սրճարաններում ու վարսավիրանոցներում եռուզեռ էր, բանկերի մոտ՝ կրկին հերթեր։ Հագուստի խանութներում ապրանքն էին դասավորում, փակ տարածքներում սահմանված կանոններն էլ հիմնականում չէին պահպանում: Որոշներում նույնիսկ տեղյակ էլ չէին դրանց մասին:

Բացօթյա սրճարաններից ոչ բոլորն էին վերաբացվել: Որոշներում էլ նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում: Երեկ վերաբացված Գյումրիի կենտրոնի սրճարաններից մեկի մենեջեր Վալենտին Պետրոսյանն ասաց՝ իրենց համար անսպասելի էր հենց առաջին օրը հաճախորդների մեծ թիվը.- «Աշխատանքները վերսկսել ենք մայիսի 4-ից: Ակտիվություն, պատկերացրեք, նկատվում է, ինչքան էլ որ անսպասելի է, ժողովուրդը մի քիչ կոպիտ ասած` կարոտած սրճարանային մշակույթին, օգտվեցին մեր սրճարանի ծառայություններից, հուսանք` ամեն ինչ նորից կվերսկսվի այնպես, ինչպես եղել է մինչև արտակարգ դրությունը: Մենք պահպանում ենք բոլոր կանոնները, բնականաբար հաճախորդների հետ փորձում ենք շատ մոտ շփում չունենալ»:

Հետևելով պարետի ցուցումներին՝ սրճարանի փակ հատվածում սպասարկում չէր իրականացվում.- «Ներս չենք թողնում հաճախորդներին, միայն շատ կարևոր դեպքերում` լվացվելու կամ այլ խնդիրներով, հիմնականում աշխատում է միայն բացօթյա սրահը դեռ»:

Հարևանությամբ գործող վարսավիրանոցում էլ հաճախորդի պակաս չկար: Սրահի մատնահարդար Արաքսյա Հուրիխանյանն ասաց՝ պահպանում են փակ տարածքում սահմանված կանոնները, որպեսզի ո՛չ իրենք, ո՛չ էլ հաճախորդները չվարակվեն.- «Ճիշտ է` հաճախորդների հոսքը շատ է, ուզում են շատ գալ, բայց մենք չենք կարող բոլորին անմիջապես գրանցել, քանի որ պետք է անպայման պահել որոշ ժամանակային դիստանցիա, քանի որ բոլորից հետո անմիջապես հականեխվում է սպիրտային բոլոր լուծույթներով, և պետք է պահենք հեռավորությունը, որպեսզի հաճախորդների կույտ չգոյանա սալոնում: Փորձում ենք անել ամեն ինչ` առաջինը պահպանելով հաճախորդի, երկրորդը նաև մեր և մեր ընտանիքի, բոլորիս առողջությունը»:

Գեղեցկության սրահների բացմանը, բնականաբար, հատկապես կանայք են սպասել.- «Հիգիենիկ է, ամեն ինչ նորմալ է այստեղ, առանց վախենալու մտնում ենք, առանց վախենալու դուրս ենք գալիս»:

Գյումրիի ամենահին վարսավիրանոցում էլ տղամարդկանց են սպասարկում։ Տնօրեն Գևորգ Կազյանն ասաց՝ պահանջվող պայմաններն ապահովում են.- «Ինչը որ կանոնով տված է, շատ չենք թողա հավաքվի ստեղ, կսենք` հելեք դուրս, ֆռացեք, հետո արեք, որ շատ չհավաքվին, երբ որ հերթը հասավ: Ամեն ինչ կանենք, որ օրենքով եղնի էլի, չվարակվենք, մենք էլ կվախենաք, հանկարծ վարակվինք, մեր ընտանիքն ու էտպես կերթա»:

Վարսավիրանոցի վերաբացման առաջին օրը հաճախորդների մեծ հոսք է եղել, հավելում է Կազյանը.- «Վերաբացվել է, մարդիկ ուրխցել են, որ 40 օր է` մարդիկ մազ չեն կտրել, եղել էին չիդեմ ինչ: Հա զանգ կուտային` երբ պիտի բացվի, մեր ձեռն ի՞նչ կա, երբ որ բացվավ, մենք էլ կաշխատինք»:

Պետական աջակցության ծրագրից օգտվել են.- «Մարտի 20-ից փակել ենք, ամսի 4-ին բացել ենք: Մեր նվազագույն աշխատավարձը տվեցին` 68 հազար, ստացանք»:

Այսօրվա տվյալներով` Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում 68 պացիենտ է բուժում ստանում, որից 64-ը Շիրակի մարզից են: Կորոնավիրուսով 23 հիվանդ երեկ տեղափոխվել է Ծաղկաձոր, քանի որ որևէ սիմպտոմ չի ունեցել: