Մատչելիության հղումներ

Արթիկում գործող կարի ֆաբրիկայի աշխատակիցները պնդում են, որ ապահովված չեն պաշտպանիչ միջոցներով


Արթիկում գործող «Չեխարմինվեստ» կարի ֆաբրիկայի մեկ տասնյակից ավելի աշխատակիցները պնդում են, որ գործատուն չի ապահովում պարետի սահմանած նորմերը։

Մասնավորապես, իրենք ապահովված են ո՛չ ձեռնոցներով, ո՛չ դիմակներով, և ստիպված են այդ պայմաններում աշխատել շատ ցածր աշխատավարձով։ Նրանք պնդեցին նաև, որ կարի արտադրամասերի գործունեությունն արգելված էր, եղել են օրեր, երբ իրենց գաղտնի կանչել են աշխատանքի։

Որպես ապացույց աշխատակիցները վկայակոչում էին արտադրամասի տնօրեն Անուշավան Սարգսյանի՝ իրենց ուղարկած ձայնագրությունը և լուսանկարներ։

Նրանցից մեկն ասաց, որ ստիպված էր գալ․ - «Տունը նստած, ոչ աշխատող ունես, ոչ բան․․․ ունեմ երեք հատ անչափահաս երեխա։ Ստիպված էկել եմ գումար աշխատելու, բայց էսօրվա դրությամբ․․․ նույնիսկ մեկ կոպեկ չեն տվել»։

Անուշավան Սարգսյանի արտադրամասից հեռացավ, հետո վերադարձավ, սակայն հրաժարվեց որևէ պարզաբանում տալ։

Մինչդեռ աշխատակիցները դժգոհում էին, որ նույնիսկ Կառավարության տրամադրած աջակցությունից չեն օգտվել, քանի որ գրանցված աշխատող չեն եղել։ Ասացին, որ աշխատում են դեկտեմբերի վերջից, բայց մինչև օրս գրանցված չեն։

«Դեկտեմբերից էկել եմ աշխատանքի, 25 հազար աշխատավարձ եմ ստացել, որը հեչ բան է։ Առանց գրանցման էլ աշխատել են։ Ռասցենկի հետ էլ համաձայն չեմ, շատ ցածր է», - ասաց աշխատակիցներից մեկը՝ հավելելով, որ ութժամյա աշխատանքային օրվա համար ստանում են ընդամենը հազար դրամ։

«Չեխարմինվեստ» ՍՊԸ-ն, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ 2017-ին Կառավարության որոշմամբ, Արթիկի դպրոցներից մեկի շենքը 20 տարի ժամկետով անհատույց տրամադրվել է ընկերությանը, որը պարտավորվել էր երեք տարվա ընթացքում մեկ միլիոն դոլարի ներդրում անել ու 500 աշխատատեղ բացել։


XS
SM
MD
LG