Մատչելիության հղումներ

Շիրակում կորոնավիրուսի նոր օջախներ կան


Շիրակի մարզի Մարալիկ ու Ձորակապ համայնքներում մուտքի ու ելքի սահմանափակումները պարետի որոշմամբ երկարաձգվել են մինչև ապրիլի 30-ը։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու ապրիլի 19-ից գործող սահմանափակումները չհանվեցին։

«Քննարկում են նաև ՀՎԿԱԿ-ի պատասխանատուների հետ, և իրենց կողմից կարիք տեսան երկարացնելու այդ գործընթացը՝ պայմանավորված սիմպտոմատիկաներ տեսնելու: Ֆիքսված վերջին դեպքերից իրենք առնվազն պահանջում էին, որ 7-8 օր տարբերությամբ հնարավորություն լինի, որպեսզի եթե կան սիմպտոմներ, որոնք երևալու են արդեն վստահաբար 7-8-րդ օրը, իրենք արդեն կարողանային արձագանքել: Սրանով պայմանավորված որոշում կայացվեց 5 օրով ևս երկարացնել», - ասաց Պետրոսյանը:

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին 65 պացիենտ է բուժում ստանում: Կորոնավիրուսի բռնկման նոր օջախներ էլ կան: Բուժհաստատություններից մեկի դիահերձարանի աշխատակցի մոտ է հաստատվել վիրուսը։

«Դիահերձարանի ամբողջ անձնակազմը նմուշառվել է, այնտեղ մեկ դեպք ունենք: Պայմանավորված դրանով՝ որոշում կայացվեց ամբողջ անձնակազմին նմուշառել, պատասխանները բոլորի բացասական էին, բացի այդ մեկ դեպքից», - նշեց Տիգրան Պետրոսյանը:

Մարզպետի խոսքով՝ վիրուսի բռնկման աշխատանքնային ևս մեկ՝ նոր օջախ կա: Պետրոսյանը թեև հրաժարվեց ընկերության անունը նշել, բայց հայտնի է, որ վիրուսը հայտնաբերվել է դեղատների ցանցերից մեկում։

«Մենք չենք ֆիքսում՝ կոնկրետ որ աշխատանքային միջավայրում է, մենք ունենք նաև բացի հիվանդանոցից աշխատանքային միջավայրերից մեկում դեպք, որը նաև տեղի աշխատողները, և իրենց ընտանիքի անդամները ուղղակիորեն նաև բերել որպես զարգացման համաճարակային օջախ: Հիմա ըստ էության ամբողջ շրջանակն այնտեղ մեկուսացված է, աշխատում են արդեն իրենց կոնտակտների և ենթակոնտակտների հետ», - ասաց մարզպետը:

Բուժհաստատություններից Մարալիկի առողջության կենտրոնում էին կորոնավիրուսի գրանցված դեպքերը ամենաշատը: Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը ու բուժանձնակազմի ևս 19 անդամ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում են բուժում ստանում: Բժշկուհին կարծում է, որ հիվանդանոցում վարակը տարածվել է մարալիկցի 68-ամյա տղամարդու հետ շփման հետևանքով. խրոնիկ հիվանդություն ունեցած ու վիրուսից մահացած տղամարդը սկզբնական շրջանում սիմպտոմներ չի ունեցել և պարբերաբար այցելել է հիվանդանոց՝ դեղորայք ստանալու:

«Ինքը քանի որ խրոնիկ հիվանդ էր, գալիս էր ստանալու իր դեղերը: Պատկերացրեցիք չէ՞, այսինքն՝ պետպատվերի բոլոր դեղերը: Դե պատկերացրեք՝ բժիշկը գրել է դեղատոմսը, դեղագործը բաց է թողել, ես կնիքել եմ, ստորագրել եմ, դե պատկերացրու՝ քանի հոգու հետ շփվեց», - ասաց բժշկուհին շարունակելով:

Անուշ Հովսեփյանը նաև անդրադարձավ քննադատությանը, թե բուժանձնակազմը պաշտպանված չի եղել, հենց այդ պատճառով էլ վարակը արագ տարածվել է:

«Տպավորություն ստացվեց, ոնց որ թե մենք բանից անտեղյակ էինք, անփույթ էինք, կարելի՞ է էդպես, մենք կուզենայի՞նք, որ հիվանդանայինք ու մեր առողջությունը կորցնեինք, մենք չէինք ուզենա, բնականաբար: Մենք ինչ հնարավոր էր կիրառել ենք, մենք մեր անձնական պաշտպանիչ միջոցները՝ ձեռնոց, մասկա, արտահագուս, ինչ ունեցել ենք հնարավոր-անհնար, բոլորը գործադրել ենք: Մենք թիրախային խումբ էինք հանդիսանում, և դրանից խուսափելը կարծես թե անհնար էր», - նշեց Հովսեփյանը:

Այսօր, ի դեպ, Մարալիկի առողջության կենտրոնից ևս մեկ բուժաշխատող է տեղափոխվել Գյումրիի ինֆեկցիոն։

«Հիմա էլ մեր լաբորատորիայի բժշկուհու թեստն էլ էր դրական, հիմա իրեն էլ կբերեն, ընտանիքի անդամներին կմեկուսացնեն», - նշեց բժշկուհին:

Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցները այսօր թեստավորվել են, պատասխանը կստանան վաղը։ Եթե 2-րդ թեստի պատասխանն էլ բացասական լինի, վերջիններս դուրս կգրվեն և 14 օր տանը կմեկուսանան: Մարզում այս պահին 10 առողջացած կա:

XS
SM
MD
LG